Հոդված 13. Կենտրոնական բանկի եկամուտները, ծախսերը և կապիտալ ներդրումները
Հոդված 13. Կենտրոնական բանկի եկամուտները, ծախսերը և կապիտալ ներդրումները
1. Կենտրոնական բանկի եկամուտներն են սույն օրենքով սահմանված գործունեության արդյունքում ստացված եկամուտները, այդ թվում`
ա) տրամադրված վարկերի, տեղաբաշխված դեպոզիտների, արժեթղթերի, թղթակցային հաշիվների մնացորդների դիմաց հաշվարկված տոկոսները.
բ) բանկային գործառնությունների իրականացման ընթացքում ստացված բոլոր տեսակի կոմիսիոն վճարները.
գ) օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի գրանցած բանկերից և այլ հաճախորդներից գանձված տույժերը և տուգանքները.
դ) արտարժույթի և թանկարժեք մետաղների հաշվեկշռային արժեքից բարձր գնով վաճառքից ստացված եկամուտները.
ե) հիմնական միջոցների և այլ գույքի` հաշվեկշռային մնացորդային արժեքից բարձր գնով իրացումից ստացված եկամուտները.
զ) բանկային ծառայությունների իրականացման դիմաց ստացված վճարները.
է) նախկինում դուրս գրված վարկերի, դրանց տոկոսների և անհուսալի դեբիտորական պարտքերի մարման դիմաց ստացված գումարները.
ը) ստացված նվիրատվությունները.
թ) սույն օրենքով նախատեսված գործունեության ընթացքում ստացված այլ մուտքերը:
2. Կենտրոնական բանկն իր եկամուտները պլանավորում է ինքնուրույն: Կենտրոնական բանկի եկամուտները ենթակա չեն հաստատման Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից:
3. Կենտրոնական բանկի ծախսերն են`
ա) գործառնական ծախսերը, այն է`
- ներգրավված դեպոզիտների, ստացված վարկերի, թողարկված արժեթղթերի, հաճախորդների հաշիվների մնացորդների դիմաց հաշվարկված տոկոսները.
- թղթադրամի և մետաղադրամի թողարկման, փոխադրման, պահպանման հետ կապված ծախսերը.
- բանկային գործառնությունների իրականացման ընթացքում վճարված բոլոր տեսակի կոմիսիոն վճարները.
- արտարժույթի և թանկարժեք մետաղների` հաշվեկշռային արժեքից ցածր գնով վաճառքից առաջացած կորուստները.
- հիմնական միջոցների և այլ գույքի` հաշվեկշռային մնացորդային արժեքից ցածր գնով իրացումից առաջացած կորուստները.
- չմարված վարկերը և անհուսալի դեբիտորական պարտքերը` հաշվեկշռից դուրս գրելու դեպքում.
- հիմնական միջոցների մաշվածքը.
- բանկի գործունեության հետ կապված բոլոր տեսակի ծառայությունների դիմաց վճարները.
- վճարային համակարգերի սպասարկման հետ կապված ծախսերը.
- միջազգային պահուստների կառավարման հետ կապված ծախսերը.
- պետական ներքին և արտաքին պարտքի սպասարկման գծով ծախսերը.
- Կենտրոնական բանկի այլ ակտիվների` շենքերի, շինությունների, հիմնական միջոցների և այլ գույքի պահպանման և սպասարկման հետ կապված ծախսերը.
- Կենտրոնական բանկի առջև դրված խնդիրների իրականացման հետ կապված այլ ծախսերը.
- աուդիտի և խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարները.
բ) վարչական ծախսերը, այն է`
- ապարատի պահպանման ծախսերը (աշխատակիցների աշխատավարձ, պարգևատրում և նյութական խրախուսում, սոցիալական ապահովագրության մուծումներ, անձնակազմի ուսուցում և վերապատրաստում, գործուղման և ներկայացուցչական ծախսեր, ծառայողական փոխադրամիջոցների շահագործում և սպասարկում).
- լրատվական տեղեկատվության և մասնագիտական գրականության ձեռքբերման ծախսերը.
- փոքրարժեք և արագամաշ առարկաների դուրս գրման հետ կապված ծախսերը.
- ծառայողական նպատակներով օգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախսերը.
- չնախատեսված ծախսեր (ծախսերի պահուստ):
4. Կենտրոնական բանկի կապիտալ ներդրումները ներառում են`
ա) բանկի հիմնական գործունեության ապահովման նպատակով իրականացվող կապիտալ ներդրումները, այն է`
- աշխատանքային շենքերի, շինությունների կառուցում, ձեռքբերում և կապիտալ վերանորոգում.
- համակարգչային տեխնիկայի, գրասենյակային գույքի, կապի միջոցների և բանկի հիմնական գործունեությանն առնչվող այլ հիմնական միջոցների ձեռքբերում.
- Կենտրոնական բանկի խնդիրների հետ ուղղակիորեն առնչվող իրավաբանական անձանց կապիտալում ներդրումներ,
բ) վարչական նպատակներով իրականացվող կապիտալ ներդրումները`
- Կենտրոնական բանկի աշխատակիցների հանգստի, բուժսպասարկման և կենցաղային պայմանների բարելավման և ապահովման հետ կապված կապիտալ ներդրումներ (նշված նպատակներով շենքերի, շինությունների, սարքերի և սարքավորումների ձեռքբերում և կապիտալ վերանորոգում).
- ծառայողական փոխադրամիջոցների ձեռքբերման և կապիտալ վերանորոգման գծով կապիտալ ներդրումներ.
- ոչ գործառնական նպատակների համար ծառայող հեռահաղորդակցային սարքավորումների և կապի միջոցների ձեռքբերում և կապիտալ վերանորոգում: