Հոդված 20. Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունը
Հոդված 20. Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունը
Կենտրոնական բանկի խորհուրդը`
ա) հաստատում է Կենտրոնական բանկի կանոնադրությունը.
բ) հաստատում է Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության ծրագիրը.
գ) հաստատում է Կենտրոնական բանկի կողմից իրականացվող բաց շուկայի գործառնությունների սահմանները, Կենտրոնական բանկի ներգրաված ավանդների և տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սահմանաքանակները.
դ) հաստատում է բանկերի կողմից Կենտրոնական բանկում պահվող պարտադիր պահուստների տեսակները, չափերը և դրանց դիմաց վճարվող տոկոսադրույքները.
ե) ընդունում է Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերը.
զ) Կենտրոնական բանկի նախագահի առաջարկությամբ որոշում և հաստատում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամների միջև պարտականությունների բաշխումը.
է) սահմանում է Հայաստանի Հանրապետության արժույթի (թղթադրամի ու մետաղադրամի) անվանական արժեքն ու ձևը, թողարկման և շրջանառությունից հանելու կարգն ու պայմանները, որոշում է կայացնում թղթադրամ ու մետաղադրամ թողարկելու և շրջանառությունից հետ կանչելու և հանելու մասին` սահմանելով շրջանառությունից հետ կանչելու և հանելու ժամկետները.
ը) որոշում է միջազգային կազմակերպություններում Կենտրոնական բանկի անդամակցության հարցը.
թ) հաստատում է Կենտրոնական բանկի կողմից ներկայացվող հաշվետվություններն ու եզրակացությունները.
ժ) հաստատում է Կենտրոնական բանկի կողմից կառավարության վարկավորման կարգը.
ժա) հաստատում է Կենտրոնական բանկի կողմից բանկերի վարկավորման կարգը.
ժբ) հիմնադրում և լուծարում է Կենտրոնական բանկի տարածքային ստորաբաժանումները.
ժգ) հաստատում է Կենտրոնական բանկի տարեկան ծախսերի նախահաշիվը, տարեկան և այլ հաշվետվությունները.
ժդ) սահմանում է այն արժեթղթերի ցանկը, որոնք Կենտրոնական բանկը կարող է ձեռքբերել, պահել և օտարել, ինչպես նաև դրանք ձեռքբերելու, պահելու և օտարելու կարգը.
ժե) սահմանում է Կենտրոնական բանկի կողմից թողարկվող կարճաժամկետ պետական արժեթղթերի տեսակները, դրանց թողարկման և մարման կարգը.
ժզ) օրենքով սահմանված կարգով տալիս է բանկային գործունեության և այլ լիցենզիաներ, ուժը կորցրած է ճանաչում դրանք կամ անվավեր ճանաչելու հայցով դատարան դիմելու մասին որոշում է կայացնում, սահմանում է բանկերի և այլ անձանց լիցենզավորման կարգը.
ժէ) «Բանկերի սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հարուցում է անվճարունակ բանկի սնանկացման ընթացակարգը, հաստատում է նախնական խնամակալի ներկայացրած եզրակացությունը.
ժը) հաստատում է Կենտրոնական բանկի խորհրդի աշխատանքի կանոնակարգը.
ժթ) հաստատում է բանկերի գործունեությունը կարգավորող նորմատիվները և դրանց հաշվարկման կարգը.
ի) համաձայնություն է տալիս բանկերի կանոնադրական հիմնադրամում նշանակալից և 50 տոկոսից ավելի մասնակցություն ձեռքբերելու համար.
իա) սահմանում է բանկերում ստուգումներ անցկացնելու կարգն ու հաճախականությունը, որոշում է կայացնում բանկերում արտահերթ ստուգումներ իրականացնելու մասին.
իբ) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ: