Հոդված 21. Կենտրոնական բանկի խորհրդի նիստերը
Հոդված 21. Կենտրոնական բանկի խորհրդի նիստերը
1. Կենտրոնական բանկի խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության` նախագահի, նրա տեղակալի կամ խորհրդի առնվազն երեք անդամի պահանջով, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
Կենտրոնական բանկի խորհրդի նիստերն արձանագրվում են:
2. Կենտրոնական բանկի խորհրդի փակ նիստեր կարող են գումարվել, եթե քննարկվում են առանձին բանկերի հետ կապված հարցեր, որոնք բանկային գաղտնիք են պարունակում կամ քննարկվում են խորհրդի անդամներին վերաբերող հարցեր: Կենտրոնական բանկի փակ նիստերին կարող են մասնակցել միայն Կենտրոնական բանկի խորհրդի անդամները և խորհրդի հրավերն ունեցող անձինք:
3. Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունել, եթե նիստին ներկա են խորհրդի անդամներից առնվազն հինգը, այդ թվում` Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա տեղակալը: Որոշումը համարվում է ընդունված, եթե կողմ են քվեարկել նիստին ներկա գտնվող անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում Կենտրոնական բանկի նախագահի, իսկ վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրա տեղակալի ձայնը որոշիչ է:
4. Կառավարության լիազոր ներկայացուցիչը, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի ընդունած որոշմանը դեմ քվեարկած անդամը կարող են պահանջել նիստի արձանագրության մեջ իրենց կարծիքի մանրամասն արտացոլումը: