Հոդված 22. 1-ին, 4-րդ, 5-րդ և 6-րդ Հավելվածներում փոփոխություններ կատարելու հատուկ ընթացակարգը
Հոդված 22 1-ին, 4-րդ, 5-րդ և 6-րդ Հավելվածներում փոփոխություններ կատարելու հատուկ ընթացակարգը
1. Անկախ 21-րդ հոդվածում շարադրված փոփոխություններ կատարելու ընթացակարգից` 1-ին, 4-րդ, 5-րդ և 6-րդ Հավելվածներում կարող են կատարվել փոփոխություններ, ինչպես նախատեսված է սույն հոդվածով և 7-րդ Հավելվածում շարադրված ընթացակարգի կանոնների համաձայն:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ առաջարկված փոփոխություններն ուղարկում է Մաքսային համագործակցության խորհուրդ: Մաքսային համագործակցության խորհուրդը ներկայացնում է դրանք Պայմանավորվող կողմերի և 18-րդ հոդվածում նշված Պայմանավորվող կողմեր չհանդիսացող Պետությունների ուշադրությանը և հրավիրում է Վարչական կոմիտեի նիստ:
3. Նախորդ կետի համաձայն առաջարկված կամ Կոմիտեի նիստին մշակված և Կոմիտեի նիստին ներկա և քվեարկող երկու երրորդ մեծամասնության կողմից ընդունված ցանկացած փոփոխություն ուղարկվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
4. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը փոփոխությունն ուղարկում է բոլոր Պայմանավորվող կողմերին` նրանց ընդունման համար, և 18-րդ հոդվածում նշված Պայմանավորվող կողմեր չհանդիսացող Պետություններին` նրանց տեղեկացնելու համար:
5. Փոփոխությունը համարվում է ընդունված, եթե առաջարկվող փոփոխությունը Գլխավոր քարտուղարի կողմից ուղարկվելու օրվանից սկսած 12-ամսյա ժամկետում Պայմանավորվող կողմերից մեկ հինգերորդը կամ դրանցից հինգը, ընդ որում` ընդունվում է այդ թվերից փոքրը, չեն տեղեկացնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին այն մասին, որ իրենք առարկում են այդ առաջարկությանը: Առաջարկվող փոփոխությունը, որը չի ընդունվում, որևէ ուժ չունի:
6. Եթե փոփոխությունն ընդունվում է, ուժի մեջ է մտնում այն բոլոր Պայմանավորվող կողմերի համար, որոնք չեն առարկել առաջարկվող փոփոխությանը, երեք ամիս անց, սկսած նախորդ կետում հիշատակված 12-ամսյա ժամկետը լրանալուց հետո, կամ ավելի ուշ ժամկետում, որը որոշվում է Վարչական կոմիտեի կողմից դրա ընդունման պահին: Փոփոխության ընդունման պահին Կոմիտեն կարող է նաև որոշել, որ անցումային ժամանակահատվածում գոյություն ունեցող Հավելվածներն ամբողջությամբ կամ մասնակիորեն ուժի մեջ կլինեն այդպիսի փոփոխությանը զուգընթաց:
7. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Պայմանավորվող կողմերին ծանուցում է փոփոխության ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին և այդ մասին տեղեկացնում է 18-րդ հոդվածում նշված Պայմանավորվող կողմեր չհանդիսացող Պետություններին: