Հոդված 15. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 15. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Զբաղվածության պետական ծառայությունը պարտավոր է`
ա) կատարել վերլուծական հետազոտություններ, կանխատեսել աշխատուժի առաջարկն ու պահանջարկը, տեղեկություններ տալ աշխատուժի շուկայի վիճակի մասին.
բ) կարգավորել և կազմակերպել աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժը, օժանդակել աշխատանք փնտրող անձանց ընտրելու հարմար աշխատանք, իսկ գործատուներին` ապահովել անհրաժեշտ մասնագիտություն և որակավորում ունեցող անձանցով.
գ) իրականացնել աշխատանք փնտրող անձանց հաշվառումը.
դ) նշանակել գործազրկության նպաստ գործազուրկ անձանց` սույն օրենքով սահմանված կարգով.
ե) ցույց տալ դրամական օգնություն գործազուրկ անձանց, որոնց գործազրկության նպաստի ժամկետները լրացել են, ինչպես նաև աշխատանք փնտրող չզբաղված, սակայն գործազուրկ չհամարվող և գործազրկության նպաստի իրավունք չունեցող անձանց` սույն օրենքով սահմանված կարգով.
զ) կազմակերպել զբաղվածության հանրապետական և տարածքային ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
է) հրապարակել տեղեկություններ (տարեկան ոչ պակաս, քան երկու անգամ) զբաղվածության հիմնադրամի միջոցների օգտագործման մասին.
ը) ֆինանսապես աջակցել գործազուրկներին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և գործատուների մոտ լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու հարցերում:
Զբաղվածության պետական ծառայությունն իրավունք ունի`
ա) կասեցնել կամ դադարեցնել գործազրկության նպաստի վճարումը սույն օրենքով սահմանված դեպքերում.
բ) գործատուներից պարբերաբար պահանջել տեղեկություններ թափուր աշխատատեղերի, ինչպես նաև սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների և այլ միջոցառումների մասին, որոնց հետևանքով կարող են տեղի ունենալ աշխատանքից ազատումներ.
գ) գործուղել աշխատանք փնտրող անձանց գործատուների մոտ` համապատասխան թափուր աշխատատեղերի առկայության դեպքում.
դ) կասեցնել զանգվածային ազատումների վերաբերյալ գործատուների ընդունած որոշումները` սույն օրենքի 19 հոդվածով սահմանված դեպքերում.
ե) տնօրինել զբաղվածության հիմնադրամի միջոցները` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի սահմանած կարգով.
զ) ստուգել զբաղվածության պետական ծառայությանը դիմած անձանց կողմից ներկայացրած փաստաթղթերի իսկությունը.
է) անհրաժեշտության դեպքում պահանջել համապատասխան մարմիններից տեղեկություններ` անձանց զբաղվածության մասին:
Գործազուրկների վերամասնագիտացումը և որակավորման բարձրացումն իրականացվում է զբաղվածության պետական ծառայության ուսումնական կենտրոններում կամ պայմանագրային հիմունքներով ուսումնական այլ հաստատություններում` զբաղվածության հիմնադրամի այդ նպատակների համար նախատեսված միջոցների հաշվին:
Զբաղվածության պետական ծառայության գործուղումները պարտադիր են միայն սույն օրենքի 11 հոդվածով սահմանված կարգով քվոտավորված աշխատատեղերի համար: Մնացած բոլոր դեպքերում զբաղվածության պետական ծառայության գործուղումներն աշխատանք փնտրող անձի և գործատուի միջև կրում են միջնորդային բնույթ:
Զբաղվածության պետական ծառայությունն իր իրավասության շրջանակներում տրամադրում է տեղեկություն և իրականացնում է խորհրդատվություն այլ պետություններում աշխատանքային գործունեության ծավալման մասնագիտական պատրաստման, որակավորման բարձրացման կամ վերամասնագիտացման ցանկություն ունեցող անձանց, ինչպես նաև իրականացնում է միջնորդություն նրանց և այլ պետությունների գործատուների միջև` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: