Հոդված 2
Հոդված 2.
Օրենսգրքի 6-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1 -րդ կետով.
«10.1 ) գործն ըստ էության լուծող դատական ակտեր՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռ, քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշում, ինչպես նաև այդ ակտերի վերաքննիչ բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտեր, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում վճռաբեկ դատարանի դատական ակտերը.».
2) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12) առաջին ատյանի դատարան՝ ընդհանուր իրավասության դատարաններ և քրեական դատարաններ`
ա) ընդհանուր իրավասության դատարան՝ դատարան, որն իրավասու է ըստ էության քննել ոչ մեծ ծանրության և միջին ծանրության հանցագործությունների վերաբերյալ գործեր, ինչպես նաև քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր,
բ) քրեական դատարան՝ դատարան, որն ըստ էության քննում է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերը, ինչպես նաև քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր).».
3) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14) վճռաբեկ դատարան՝ դատարան, որը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյան է և կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը:
Վճռաբեկ դատարանը օրենքով նախատեսված դեպքերում գործը քննում է վճռաբեկ բողոքի հիման վրա.».
4) 25-րդ և 26-րդ կետերը «ոստիկանության» բառից առաջ լրացնել «հատուկ քննչական ծառայության,» բառերով, իսկ նույն կետերի «ռազմական ոստիկանության» բառերը փոխարինել «պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի» բառերով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1 -րդ և 26.2 -րդ կետերով.
«26.1 ) օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող` Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, փոխվարչապետը, պատգամավորները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը և անդամները, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահները և դատավորները, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության նախարարները, նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության մարզպետները, նրանց տեղակալները, Երևանի քաղաքապետը, նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահը և խորհրդի անդամները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը և խորհրդի անդամները, Հայաստանի Հանրապետության կարգավորող հանձնաժողովների ղեկավարները և անդամները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և անդամները, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահը և տեղակալը.
26.2 ) պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ` դատախազները, պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչները, ոստիկանության (բացառությամբ ոստիկանության զորքերի), ազգային անվտանգության (բացառությամբ սահմանապահ զորքերի և զինված ստորաբաժանումների), հարկային, մաքսային, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական և փրկարարական մարմինների պաշտոնատար անձինք.»: