Հոդված 13. Հողերը հատկացնելու կարգը
Հոդված 13. Հողերը հատկացնելու կարգը
Հողը որպես սեփականություն և օգտագործման տրամադրելը իրականացվում է հատկացման կարգով: Հողերի հատկացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի, պատգամավորների շրջանային, քաղաքային, ավանային և գյուղական խորհուրդների որոշումների հիման վրա` վերջիններիս իրավասության սահմաններում, հողերի օգտագործման և պահպանության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմինների համաձայնությամբ:
(Լր. 28.10.93)
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները վարելու նպատակով որպես սեփականություն հողամասեր տրամադրելը կատարվում է «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հողամասեր հատկացնելու մասին որոշումներում նշվում են հողամաս հատկացնելու և հողից օգտվելու պայմանները: Հողամասը որպես սեփականություն կամ օգտագործման տրամադրելը մեկ այլ հողասեփականատիրոջ կամ հողօգտագործողի կատարվում է նշված հողամասի նկատմամբ սեփականատիրոջ կամ օգտագործողի իրավունքը օրենքով սահմանված կարգով դադարելուց հետո:
Գյուղատնտեսության կարիքների համար պիտանի հողերն առաջին հերթին հատկացվում են գյուղատնտեսական գործունեության համար:
Հողերի պիտանիությունը գյուղատնտեսական կարիքների համար սահմանվում է հողային կադաստրի միջոցով: