Հոդված 10. Շահաբաժիններ
Հոդված 10. Շահաբաժիններ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է համարվում շահաբաժիններ վճարող ընկերությունը` այդ Պետության օրենքների համաձայն, սակայն եթե ստացողը շահաբաժինների փաստացի սեփականատերն է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի շահաբաժինների համախառն գումարի 10 տոկոսը:
Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները այս սահմանափակման կիրառման եղանակը որոշում են փոխադարձ համաձայնությամբ:
Այս կետը չի ազդում ընկերության այն շահույթի հարկման վրա, որտեղից վճարվում են շահաբաժինները:
3. «Շահաբաժիններ» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է՝ եկամուտ բոլոր տեսակի բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհանդիսացող՝ շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքներից, ինչպես նաև այլ կորպորատիվ իրավունքներից, որոնք ենթակա են հարկային կարգավորման այնպես, ինչպես բաժնետոմսերից առաջացած եկամուտը՝ համաձայն այն Պետության օրենքների, որի ռեզիդենտ է շահույթի բաշխումն իրականացնող ընկերությունը:
4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է շահաբաժիններ վճարող ընկերությունը, այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության միջոցով կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող հաստատուն բազայի միջոցով, և մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, փաստորեն վերաբերում է այդպիսի մշտական հաստատությանը կամ հաստատուն բազային: Այդ դեպքում, իրավիճակից կախված, կիրառվում են 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները:
5. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտ համարվող ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունում, այդ մյուս Պետությունը չի կարող հարկել ընկերության կողմից վճարված շահաբաժինները՝ բացառությամբ, երբ այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ երբ մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, փաստորեն վերաբերում է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատությանը կամ հաստատուն բազային, և չի կարող ընկերության չբաշխված շահույթից հարկեր գանձել, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթը ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս Պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից: