Հոդված 24. Անխտրականություն
Հոդված 24. Անխտրականություն
1. Պայմանավորվող պետության ազգային անձինք մյուս Պայմանավորվող պետությունում չեն ենթարկվում այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորության, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց միևնույն հանգամանքների դեպքում ենթարկվում են կամ կարող են ենթարկվել այդ մյուս Պետության ազգային անձինք, մասնավորապես, կապված ռեզիդենտության հետ:
2. Պայմանավորվող պետություններից որևէ մեկի ռեզիդենտ հանդիսացող՝ քաղաքացիություն չունեցող անձինք Պայմանավորվող պետություններից և ոչ մեկում չեն ենթարկվում այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, մասնավորապես, կապված ռեզիդենտության հետ, քան հարկումն ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց միևնույն հանգամանքների դեպքում ենթարկվում են կամ կարող են ենթարկվել տվյալ Պետության քաղաքացիները:
3. Սույն հոդվածի դրույթները չպետք է մեկնաբանվեն որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող` տրամադրել մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին այնպիսի հարկային արտոնություններ, ինչպիսիք առաջինը հիշատակված Պայմանավորվող պետության կողմից շնորհվել են երրորդ Պետությունների ռեզիդենտներին գոյություն ունեցող հարկային համաձայնագրերի հիման վրա:
4. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի 1-ին կետի, 11-րդ հոդվածի 7-րդ կետի կամ 12-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթները, Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները, ռոյալթին և այլ վճարումները այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա են նվազեցման այն նույն պայմաններով, որոնցով նվազեցվում են առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին վճարելիս:
Նմանապես, Պայմանավորվող պետության ձեռնարկության ցանկացած պարտքը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին` այդ ձեռնարկության հարկման ենթակա գույքի որոշման նպատակով ենթակա է նվազեցման նույն պայմաններով, ինչպես որ պարտքը` առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին:
5. Պայմանավորվող պետության ձեռնարկությունները, որոնց կապիտալն ամբողջությամբ կամ մասամբ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կամ վերահսկվում է նրանց կողմից, առաջինը հիշատակված Պետությունում չեն ենթարկվում այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորության, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց ենթարկվում են կամ կարող են ենթարկվել առաջինը հիշատակված Պետության համանման ձեռնարկությունները: