Հոդված 1. Սահմանումներ
Հոդված 1. Սահմանումներ
Սույն Համաձայնագրի նպատակով.
1. «ներդրում» տերմինը նշանակում է՝ գույքի բոլոր տեսակները, որոնք հիմնադրվել կամ ձեռք են բերվել մի Պայմանավորվող կողմի ներդրողի կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` վերջինիս օրենսդրությանը համապատասխան, ներառելով, մասնավորապես, սակայն ոչ բացառապես.
ա) շարժական և անշարժ գույքը կամ բոլոր գույքային իրավունքները, ինչպիսիք են գրավները, պարտապանի գույքի վրա կալանք դնելու իրավունքները, վարձակալական պայմանագրերը, ուրիշի գույքից օգտվելու իրավունքը (usufruct) և նման իրավունքները,
բ) ընկերության բաժնետոմսերը, բաժնեմասերը և պարտատոմսերը կամ ընկերությունում մասնակցության որևէ այլ ձևը,
գ) դրամական պահանջները կամ տնտեսական արժեք ունեցող պարտավորության գծով պահանջների իրավունքը,
դ) մտավոր սեփականության իրավունքները, ինչպիսիք են պատենտները, հեղինակային իրավունքները, ապրանքային նշանները, արդյունաբերական նախագծերը, ֆիրմայի անվանումները, աշխարհագրական նշումները, ինչպես նաև տեխնիկական գործընթացները, «նոու-հաուն» ու բարի համբավը, և
ե) օրենսդրությամբ, վարչական ակտով կամ իրավասու մարմնի կողմից հաստատված կոնտրակտով տրամադրված կոնցեսիաները` ներառյալ բնական պաշարների հետախուզման, հանքամշակման կամ շահագործման կոնցեսիաները:
Մի Պայմանավորվող կողմի տարածքում այդ Պայմանավորվող կողմի որևէ իրավաբանական անձի կողմից կատարված ներդրումները, որոնք փաստորեն պատկանում կամ վերահսկվում են մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից, պետք է նույնպես համարվեն վերջինը նշված Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներ, եթե դրանք կատարվել են առաջինը նշված Պայմանավորվող կողմի օրենսդրությանը համապատասխան:
Ակտիվների ներդրման կամ վերաներդրման ձևի որևէ փոփոխություն չի ազդի դրանց դիտարկմանը որպես ներդրումների:
2. «Եկամուտներ» տերմինը նշանակում է՝ ներդրումների արդյունքում գոյացած գումարները և, մասնավորապես, սակայն ոչ բացառապես պետք է ներառի շահույթը, շահաբաժինները, տոկոսավճարները, ռոյալթիները, կապիտալի աճը կամ ներդրումների հետ կապված ցանկացած վճարումը:
Վերաներդրված եկամուտներին պետք է տրամադրվի նույն ռեժիմը, որը տրամադրվում է ներդրումներին:
3. «Ներդրող» տերմինը յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար նշանակում է` հետևյալ սուբյեկտները, որոնք ներդրում են կատարում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` վերջինիս օրենսդրությանը և սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան.
ա) ցանկացած ֆիզիկական անձ, որը Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացի է նրա օրենսդրությանը համապատասխան, կամ
բ) ցանկացած իրավաբանական անձ, ինչպիսին է ընկերությունը, կորպորացիան, ֆիրման, բիզնես ընկերակցությունը, հաստատությունը կամ կազմակերպությունը, որոնք ձևավորվել կամ հիմնվել են մի Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան և այդ Պայմանավորվող կողմի իրավազորության սահմաններում ունեն իրենց գրանցված գրասենյակը կամ կենտրոնական կառավարման կենտրոնը կամ աշխատանքի կենտրոնական վայրը` անկախ նրանից` դրանք ստեղծվել են շահույթ ստանալու նպատակով, թե ոչ, և սահմանափակ պատասխանատվությամբ են, թե ոչ:
4. «Տարածք» տերմինը նշանակում է՝ Պայմանավորվող կողմի ցամաքային տարածքը, ներքին ջրերն ու տարածքային ծովը և օդային տարածքը, ինչպես նաև տարածքային ծովից դուրս գտնվող ծովային գոտիները (ներառյալ մերձափնյա և ստորջրյա տարածքները), որոնց նկատմամբ այդ Պայմանավորվող կողմը իրականացնում է ինքնիշխան իրավունքներ կամ իրավազորություն, համաձայն իր գործող ազգային օրենսդրության և միջազգային իրավունքին համապատասխան, այդ տարածքների բնական պաշարների հետազոտման և շահագործման նպատակով: