Անցնել բովանդակությանը

Հոդված 25

գործել է մինչև 2014-08-09Բացել ARLIS-ում

Հոդված 25.

Օրենքի 20-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «բուսասանիտարական» բառից հետո լրացնել «զննում և» բառերով.

2) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների մաքսային ձևակերպումը կատարվում է միայն բուսասանիտարական ստուգումից հետո` բուսասանիտարական կանոնները և նորմերը բավարարող ներմուծման բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:

3. Գյուղատնտեսական, անտառային ու գեղազարդային բույսերի և բուսական արտադրանքի` Հայաստանի Հանրապետություն ներմուծումը թույլատրվում է արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագրի, տեսչության տված ներմուծման բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում, բացառությամբ մինչև 50 կգ-ի, իսկ սահմանամերձ տարածքներից տվյալ տարածքին բնորոշ բույսերի և բուսական արտադրանքի համար` մինչև 500 կգ-ի (բացի սերմնանյութից ու տնկանյութից): Սահմանամերձ տարածքների և թույլատրվող մշակաբույսերի անվանացանկը և քանակները հաստատում է լիազոր մարմինը:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ «3.1-րդ» մասով.

«3.1 Եթե տեսուչի կողմից արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագիրը մերժվում է, ապա ներմուծման բուսասանիտարական հավաստագիր չի տրվում, և բուսասանիտարական հավաստագրի բոլոր օրինակների առաջին էջում պետական տեսուչը դնում է լիազոր մարմնի հաստատած ձևի կնիք, որի վրա նշված է «Մերժված է» բառը, և նշում իր անունը, ազգանունը, պաշտոնը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հսկիչ կետի անվանումը և ստորագրում այն:».

4) 4-րդ մասը «ստուգում» բառից հետո լրացնել «, զննում» բառով.

5) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերում ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց ձեռքի ուղեբեռներում առկա բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները ներկայացնել բուսասանիտարական զննման: Կարանտին վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու դեպքում տեսուչը արգելում է դրանց ներմուծումը:».

6) ուժը կորցրած ճանաչել 6-րդ մասը.

7) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Տեսուչը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերով ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների 50 կգ ավելի յուրաքանչյուր խմբաքանակի, սերմնանյութի և տնկանյութի համար՝ անկախ քաշից, անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո կատարում է բեռի ու փոխադրամիջոցի զննում, ստուգում բեռի բուսասանիտարական վիճակը, համապատասխանությունը արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագրին և անմիջապես տալիս ներմուծման բուսասանիտարական հավաստագիր: Անհամապատասխանության դեպքում նմուշը ներկայացնում է տեսչության լաբորատորիա կամ հավատարմագրված այլ լաբորատորիա` փորձաքննության, որը կատարվում է 24 ժամվա ընթացքում: Դրական եզրակացության դեպքում անմիջապես տալիս է ներմուծման բուսասանիտարական հավաստագիր:».

8) 8-րդ մասից հանել «Բույսերի կարանտինի պետական» բառերը, և նույն մասը «իսկ» բառից հետո լրացնել «անհրաժեշտության դեպքում» բառերով, «վերցվում է» բառից հետո` «մաքսային պահեստում» բառերով.

9) 9-րդ մասից «մասին» բառից հետո հանել «բույսերի կարանտինի պետական» բառերը, իսկ «լիազորված» բառը փոխարինել «լիազոր» բառով.

10) 10-րդ մասի «Բույսերի կարանտինի պետական» բառերը հանել և «ստուգում» բառը փոխարինել «զննում կամ փորձաքննություն» բառերով, իսկ նույն մասը «դրոշմակնիք» բառից հետո լրացնել «ու կնիք, որոնց ձևերը սահմանում է լիազոր մարմինը, իսկ հավաստագրի հակառակ երեսին ձեռագրով նշում է բուսասանիտարական հաշվառման վկայականի համարը» բառերով.

11) ուժը կորցրած ճանաչել 11-րդ մասը.

12) 12-րդ մասից հանել «բույսերի կարանտինի պետական» բառերը.

13) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-19-րդ մասերով.

«14. Բեռի վերաարտահանման դեպքում բեռը վերաարտահանողը հայտ է ներկայացնում տեսչություն վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիր ստանալու համար` ներկայացնելով բեռի ծագման երկրի բուսասանիտարական հավաստագիրը կամ դրա պատճենը և Հայաստանի Հանրապետություն ներմուծման բուսասանիտարական հավաստագիրը:

15. Նախքան վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրի տրամադրումը տեսուչը ստուգում է բեռի ծագման երկրի տված բուսասանիտարական հավաստագիրը:

16. Եթե բեռը վերաարտահանվող է, և բեռի ծագման երկրի բուսասանիտարական կանոնների և նորմերի պահանջները համապատասխանում են, ապա տեսուչը առանց լրացուցիչ ստուգման տրամադրում է վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիր՝ կցելով բեռի ծագման երկրի բուսասանիտարական հավաստագիրը և այն գրանցում հավաստագրերի տրամադրման գրանցամատյանում:

17. Եթե վերաարտահանվող երկրի բուսասանիտարական կանոններով և նորմերով սահմանված են հատուկ պահանջներ, ապա տեսուչն անցկացնում է բեռի լրացուցիչ ստուգում, որի հիման վրա տրամադրում է վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիր:

18. Եթե ներմուծող երկրի բուսասանիտարական կանոններով և նորմերով սահմանված են լրացուցիչ հատուկ պահանջներ, իսկ արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագրում բացակայում են այդ պահանջներին համապատասխանության մասին նշումները, ապա վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիր չի տրամադրվում:

19. Վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիրը կազմվում է 3 օրինակից, որոնցից բնօրինակը ուղեկցում է բեռը մինչև նշանակման վայրը, մեկ օրինակը պահվում է սահմանային մաքսային մարմնում, մյուսը` տեսչությունում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։