Հոդված 3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ
Հոդված 3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ
1. Սույն Համաձայնագրի նպատակներով, եթե համատեքստով այլ բան չի պահանջվում`
ա) «Հունգարիա» տերմինը նշանակում է Հունգարիայի Հանրապետություն և, երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է` Հունգարիայի Հանրապետության տարածք.
բ) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն և, երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է` տարածք, ներառյալ ցամաքային, ջրային տարածքը, ընդերքը և օդային տարածքը, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է իր ինքնիշխան իրավունքներն ու իրավազորությունը` ազգային օրենսդրությանը և միջազգային իրավունքին համապատասխան.
գ) «Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինները, համատեքստից կախված, նշանակում են Հայաստան կամ Հունգարիա,
դ) «անձ» տերմինը ներառում է ֆիզիկական անձ, ընկերություն, հավատարմագրային կառավարման և անձանց ցանկացած այլ միավորում.
ե) «ընկերություն» տերմինը նշանակում է` ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ միավոր, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես իրավաբանական անձ.
զ) «ձեռնարկություն» տերմինը կիրառվում է ցանկացած ձեռնարկատիրական գործունեության իրականացման նկատմամբ.
է) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են, համապատասխանաբար, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն.
ը) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է` ցանկացած փոխադրում Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործվող նավով, օդանավով կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցով` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ նավը, օդանավը կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցը շահագործվում են բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող վայրերի միջև.
թ) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է`
i) Հունգարիայի դեպքում՝ ֆինանսների նախարար կամ նրա լիազորած ներկայացուցիչ,
ii) Հայաստանում՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար և Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ կամ նրանց լիազորած ներկայացուցիչներ,
ժ) «քաղաքացի» տերմինը նշանակում է`
i) Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,
ii) Պայմանավորվող պետության գործող օրենքների հիման վրա իր այդ կարգավիճակն ստացած ցանկացած իրավաբանական անձ, գործընկերություն, ասոցիացիա կամ այլ միավոր,
ժա) «ձեռնարկատիրական գործունեություն» տերմինը ներառում է մասնագիտական ծառայությունների և անկախ բնույթի այլ գործունեության իրականացումը:
2. Ինչ վերաբերում է Պայմանավորվող պետության կողմից սույն Համաձայնագիրը ցանկացած պահի կիրառելուն, ապա Համաձայնագրում չսահմանված ցանկացած տերմին, եթե համատեքստով այլ բան չի պահանջվում, ունի այն նշանակությունը, որն այն ունի այդ պահին, տվյալ Պետության օրենսդրության համաձայն, այն հարկերի նկատմամբ, որոնց վրա տարածվում է Համաձայնագիրը, ընդ որում` այդ Պետությունում գործող հարկային օրենքներով սահմանված յուրաքանչյուր նշանակություն գերակայում է այդ Պետության այլ օրենքներով այդ տերմինին տրվող նշանակության նկատմամբ: