Հոդված 10. ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԸ
Հոդված 10. ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԸ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է շահաբաժինները վճարող ընկերությունը` այդ Պետության օրենքների համաձայն. բայց եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի.
ա) շահաբաժինների համախառն գումարի 5 տոկոսը, եթե փաստացի սեփականատերն ընկերություն է (ընկերակցությունից բացի, որը ենթակա չէ հարկման), որն ուղղակիորեն տնօրինում է շահաբաժիններ վճարող ընկերության գույքի առնվազն 25 տոկոսը:
բ) շահաբաժինների համախառն գումարի 10 տոկոսը` մյուս բոլոր դեպքերում:
Սույն պարբերությունը չի ազդում ընկերության այն շահույթի հարկման վրա, որից վճարվում են շահաբաժինները:
Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները այդ սահմանափակումների կիրառման եղանակը որոշում են փոխադարձ համաձայնությամբ:
3. «Շահաբաժիններ» տերմինը սույն Համաձայնագրում օգտագործվելիս նշանակում է` եկամուտ բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհանդիսացող՝ շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքներից, ինչպես նաև եկամուտ այլ բաժնետիրական իրավունքներից, որը ենթակա է նույնպիսի հարկային կարգավորման, ինչպես բաժնետոմսերից եկամուտը՝ այն Պետության օրենքների համաձայն, որի ռեզիդենտն է բաշխումն իրականացնող ընկերությունը:
4. 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է շահաբաժիններ վճարող ընկերությունը, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և մասնակցությունը, որի կապակցությամբ վճարվում են շահաբաժինները, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:
5. Եթե Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունից, ապա այդ մյուս Պետությունը չի կարող հարկել ընկերության կողմից վճարված շահաբաժինները` բացառությամբ, երբ այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ երբ մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, փաստացի կապված է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատությանը, և չի կարող ընկերության չբաշխված շահույթը ենթարկել հարկման ընկերության չբաշխված շահույթից գանձվող հարկով, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթն ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս Պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից: