Հոդված 11. ՏՈԿՈՍՆԵՐ
Հոդված 11. ՏՈԿՈՍՆԵՐ
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն այդպիսի տոկոսները կարող են հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են՝ այդ Պետության օրենքների համաձայն. բայց եթե տոկոսների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10 տոկոսը:
3. Անկախ 2-րդ կետի դրույթներից` Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից փաստացի տնօրինվող տոկոսները.
ա) ազատվում են հարկումից այն Պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները, եթե դրանք վճարվել են`
i) մյուս Պայմանավորվող պետության կառավարությանը կամ նրա տեղական իշխանության մարմնին, այդ մյուս Պետության կենտրոնական բանկին կամ այդ մյուս Պետության կառավարության կողմից վերահսկվող կամ նրան պատկանող ցանկացած ֆինանսական հաստատության, կամ
ii) մյուս Պայմանավորվող պետության կառավարության, այդ մյուս Պետության կենտրոնական բանկի կամ այդ կառավարության կողմից վերահսկվող կամ նրան պատկանող ցանկացած ֆինանսական հաստատության կողմից երաշխավորված կամ ապահովագրված փոխառության կամ վարկի հետ կապված,
բ) ենթակա են հարկման այն Պայմանավորվող պետությունում, որում առաջանում են, տոկոսների համախառն գումարի 5 տոկոսը չգերազանցող դրույքաչափով, եթե տոկոսները վճարվել են բանկի կողմից տրված ցանկացած տեսակի վարկի կամ փոխառության հետ կապված:
Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները 2-րդ և 3-րդ պարբերություններում նշված սահմանափակումների կիրառման եղանակը որոշում են փոխադարձ համաձայնությամբ:
4. «Տոկոսներ» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է` եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջից, անկախ հիպոտեկային ապահովումից և անկախ պարտապանի շահույթին մասնակցության իրավունքի առկայությունից, և, մասնավորապես, եկամուտ պետական արժեթղթերից և եկամուտ պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից, ներառյալ այդպիսի արժեթղթերից, պարտատոմսերից և փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարներից ու մրցանակներից, բայց այն չի ներառում 10-րդ հոդվածում նշված եկամուտը: Ժամկետանց վճարման համար գանձվող տույժերը սույն հոդվածի նպատակներով որպես տոկոսներ չեն դիտարկվում:
5. 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները՝ այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և պարտապահանջը, որի կապակցությամբ վճարվում են տոկոսները, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:
6. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ Պետության ռեզիդենտ է: Եթե, այնուամենայնիվ, տոկոսներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն, որի կապակցությամբ առաջացել է պարտքը, և որի տոկոսները վճարվում են, և այդպիսի տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը, ապա այդպիսի տոկոսները համարվում են առաջացած այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը:
7. Եթե վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով պարտապահանջին վերաբերող` վճարվող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը նշված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան՝ հաշվի առնելով սույն Համաձայնագրի մյուս դրույթները: