Հոդված 5. ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 5. ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ
1. Սույն Համաձայնագրի նպատակներով «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է` գործունեության ֆիքսված վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:
2. «Մշտական հաստատություն» տերմինը մասնավորապես ներառում է.
ա) կառավարման վայրը,
բ) մասնաճյուղը,
գ) գրասենյակը,
դ) գործարանը,
ե) արհեստանոցը և
զ) հանքահորը, նավթի կամ գազի հորատանցքը, քարհանքը կամ բնական պաշարների հետազոտման կամ արդյունահանման ցանկացած այլ վայր:
3. ա) Շինարարական հրապարակը, կառուցման, հավաքման կամ տեղակայման ծրագիրը կամ դրանց հետ կապված վերահսկողական գործունեությունը կազմում են մշտական հաստատություն միայն այն դեպքում, եթե դրանց տևողությունը գերազանցում է տասներկու ամիսը:
բ) Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից ծառայությունների (այդ թվում` խորհրդատվական) մատուցումը ձեռնարկության կողմից այդ նպատակի համար վարձու աշխատողների կամ այլ անձնակազմի միջոցով կազմում է մշտական հաստատություն, բայց միայն այն դեպքում, եթե այդ բնույթի գործունեությունը (միևնույն նախագծի համար կամ այդ նախագծի հետ կապված) մյուս Պայմանավորվող պետությունում ցանկացած տասներկուամսյա ժամանակահատվածում գերազանցում է ընդհանուր առմամբ երեք ամիսը գերազանցող ժամանակահատվածը կամ ժամանակահատվածները:
4. Անկախ սույն հոդվածի նախորդ դրույթներից` «մշտական հաստատություն» տերմինը չի ներառում.
ա) շինությունների օգտագործումը ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով.
բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով.
գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը բացառապես այլ ձեռնարկության կողմից մշակման նպատակով.
դ) գործունեության մշտական վայրի պահպանումը ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի բացառապես գնման կամ տեղեկատվություն հավաքելու նպատակով.
ե) գործունեության մշտական վայրի պահպանումը ձեռնարկության համար բացառապես նախապատրաստական կամ օժանդակ բնույթի որևէ այլ գործունեություն իրականացնելու նպատակով.
զ) գործունեության մշտական վայրի պահպանումը բացառապես ա-ե ենթապարբերություններում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության համար` պայմանով, որ այդ համակցության արդյունքում գործունեության մշտական վայրի ամբողջական գործունեությունը նախապատրաստական կամ օժանդակ բնույթի է:
5. Անկախ 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթներից, եթե անձը, որը չի հանդիսանում անկախ կարգավիճակով գործակալ, որի նկատմամբ կիրառվում է 6-րդ պարբերությունը, գործում է ձեռնարկության անունից և ունի ու սովորաբար օգտագործում է Պայմանավորվող պետությունում ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասություն, ապա այդ ձեռնարկությունը համարվում է մշտական հաստատություն ունեցող այդ Պետությունում այդ անձի կողմից տվյալ ձեռնարկության համար իրականացվող ցանկացած գործունեության մասով` բացառությամբ, երբ այդպիսի անձի գործունեությունը սահմանափակվում է 4-րդ պարբերությունում նշվածով, որը եթե անգամ իրականացվում է գործունեության մշտական վայրի միջոցով, այդ պարբերության դրույթների համաձայն` այդ գործունեության մշտական վայրը չի վերածում մշտական հաստատության:
6. Ձեռնարկությունը չի համարվում Պայմանավորվող պետությունում մշտական հաստատություն ունեցող միայն այն պատճառով, որ այն ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ Պետությունում բրոքերի, առևտրային գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով` պայմանով, որ այդպիսի անձինք գործում են իրենց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում:
7. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպով), ինքնին այդ ընկերություններից որևէ մեկին չի դարձնում մյուսի մշտական հաստատությունը: