Հոդված 15
Հոդված 15
Կալանքի տակ գտնվող անձանց ժամանակավոր փոխանցումը
1. Կալանքի տակ գտնվող անձը (այդ թվում` այն անձը, որը պատիժ է կրում ազատազրկման ձևով), անկախ իր քաղաքացիությունից, հայցվող Կողմի համաձայնությամբ կարող է ժամանակավորապես փոխանցվել հայցող Կողմին` որպես վկա կամ տուժող վկայություն տալու կամ հարցման մեջ նշված դատական այլ վարույթների աջակցելու համար` պայմանով, որ տվյալ անձը վերադարձվի հայցվող Կողմին վերջինիս կողմից սահմանված ժամանակահատվածում։
Նախնական ժամանակահատվածը, որի համար անձը կարող է փոխանցվել, չպետք է գերազանցի 90 օրը։ Հայցող Կողմի հիմնավորված հարցման հիման վրա փոխանցված անձի մնալու ժամկետը կարող է երկարաձգվել հայցվող Կողմի կողմից։
Անձի փոխանցման և վերադարձնելու կարգն ու պայմանները համաձայնեցվում են Կողմերի կենտրոնական մարմինների կողմից։
2. Անձի փոխանցումը մերժվում է`
ա) եթե կալանքի տակ գտնվող անձը (այդ թվում` այն անձը, որը պատիժ է կրում ազատազրկման ձևով) դրա համար գրավոր համաձայնություն չի տալիս,
բ) եթե տվյալ անձի մասնակցությունն անհրաժեշտ է հայցվող Կողմի տարածքում դատական ընթացակարգերում։
3. Հայցող Կողմը փոխանցված անձին կալանքի տակ է պահում այնքան ժամանակ, որքան ուժի մեջ է այդ անձին կալանքի տակ պահելու մասին հայցվող Կողմի իրավասու մարմնի որոշումը։
Եթե հայցվող Կողմի որոշման համաձայն կալանքի տակ պահվող անձն ազատ է արձակվում, հայցող Կողմն այդ անձի նկատմամբ կիրառում է սույն Համաձայնագրի 13-րդ, 14-րդ և 18-րդ հոդվածների դրույթները։
4. Եթե կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման պատիժ կրող անձը համաձայն չէ ներկայանալու հայցող Կողմի տարածք, ապա անհամաձայնության համար նա չպետք է ենթարկվի հարկադրանքի որևէ միջոցի կամ պատժի։