Հոդված 133. Համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներն ամփոփելը
Հոդված 133. Համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներն ամփոփելը
1. Համայնքի ղեկավարի քվեարկության ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփում է ընտրության արդյունքները և սույն օրենսգրքի 63.1 հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ընդունում հետևյալ որոշումներից մեկը`
1) համայնքի ղեկավար ընտրվելու մասին.
2) համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.
3) համայնքի ղեկավարի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:
2. Համայնքի ղեկավար ընտրված է համարվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ: Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:
Եթե հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են երկու և ավելի թեկնածուներ, ապա ընտրված թեկնածուին որոշելու համար նրանց միջև անցկացվում է վիճակահանություն` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
3. Համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե`
1) անճշտությունների չափը մեծ է կամ հավասար առավել թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ և դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, որն էապես ազդում է ընտրության արդյունքի վրա, այն է` հնարավոր չէ վերականգնել ընտրության իրական արդյունքները և պարզել ընտրված թեկնածուին.
2) ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:
4. Համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած, եթե`
1) քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ.
1.1) սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով թեկնածու չի առաջադրվել կամ գրանցվել.
2) առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուն մահացել է մինչև ընտրության արդյունքներն ամփոփելը.
3) վերաքվեարկության արդյունքում առկա են համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր ճանաչելու հիմքեր:
5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը համայնքի ղեկավարի ընտրության մասին որոշումն ընդունելուց հետո` երկու ժամվա ընթացքում, հաղորդագրություն է ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով և համապատասխան մարզպետին:
6. Համայնքի ղեկավարի ընտրության արդյունքների վերաբերյալ` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարան` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:
7. Համայնքի ղեկավարի ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում` քվեարկության օրվանից 21 օր հետո, թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:
8. Թեկնածուների նույն կազմով վերաքվեարկություն կարող է անցկացվել միայն մեկ անգամ:
(Վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(133-րդ հոդվածը լրաց. 19.03.99 ՀՕ-286, փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., խմբ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն, փոփ. 18.12.07 ՀՕ-285-Ն)