Հոդված 37. Տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը
Հոդված 37. Տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին նշանակում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ` տեղամասային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ սկզբունքով:
2. Նշված կարգով տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները հայտերն իրենց հանձնաժողովի նախագահին են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 24, և ոչ ուշ, քան 21 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովները նշված կարգով չկազմավորվելու դեպքում հանձնաժողովի թափուր տեղերը եռօրյա ժամկետում համալրում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը: Տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմը համալրվում է այն հաշվով, որ հանձնաժողովների անդամների թիվը պակաս չլինի 9-ից:
4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը տեղամասային կենտրոնում հրավիրում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` հանձնաժողովի կազմավորման հաջորդ օրը` ժամը 12.00-ին, և վարում է տեղամասային ընտրական հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
5. Տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին նիստում իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և քարտուղար:
6. Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների, տեղակալների և քարտուղարների ընտրություններն անցկացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սահմանված կարգով` երկօրյա ժամկետում:
7. Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովը սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված ժամկետում հանձնաժողովի նախագահ չի ընտրում, ապա համապատասխան ընտրական հանձնաժողովի նախագահին նշանակում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվելուց ոչ ուշ, քան 2 օր հետո` համապատասխան հանձնաժողովի կազմից:
8. Տեղամասային ընտրական հանձնաժողովների լիազորությունները դադարեցվում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից 7 օր հետո, եթե ընտրությունների արդյունքների վերաբերյալ դատական վեճ չկա: Դատական վեճի առկայության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովների լիազորությունները դադարեցվում են դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:
(37-րդ հոդվածը փոփ., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն)