Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-04-01-ից մինչև 2005-06-01։Բացել գործող տեքստը
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 14 · ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 67. Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը կուսակցությունների կողմից

գործել է մինչև 2005-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 67. Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը կուսակցությունների կողմից

1. Կուսակցությունը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրում է իր մշտապես գործող մարմնի որոշմամբ: Կուսակցությունների դաշինքը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրում է իր անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած որոշմամբ:

2. Միևնույն անձի թեկնածությունը տարբեր կուսակցությունների կողմից պաշտպանվելու դեպքում կարող են կազմավորվել կուսակցությունների դաշինքներ:

3. Կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել միևնույն անձի թեկնածությունը պաշտպանող առնվազն երկու կուսակցության միանալու դեպքում:

4. Կուսակցությունների դաշինքի մեջ մտած կուսակցություններն ընտրությունների ընթացքում չեն կարող մտնել այլ կուսակցությունների դաշինքի մեջ:

5. Կուսակցությունների դաշինքի մեջ մտնելու որոշումն ընդունվում է կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմամբ:

6. Կուսակցությունների դաշինքը գրանցվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովում` կուսակցությունների մշտապես գործող մարմնի որոշումը ներկայացնելուց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում: Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի առաջադրելու Հանրապետության Նախագահի մեկ թեկնածու:

7. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության մշտապես գործող մարմնի որոշումը, դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած որոշումը պետք է պարունակի առաջադրվող թեկնածուի`

1) ազգանունը, անունը, հայրանունը.

2) ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

3) բնակության վայրը.

4) աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).

5) կուսակցական պատկանելությունը.

6) անձնագրի համարը.

7) հայտարարագիր` իր սեփականության (ունեցվածքի) և վերջին մեկ տարում իր և իր ընտանիքի անդամների եկամուտների մասին:

8. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին որոշման հետ միաժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրող կուսակցության կանոնադրությունը (կուսակցությունների դաշինքի դեպքում` դաշինքի մեջ մտած բոլոր կուսակցությունների կանոնադրությունները):

9. Կուսակցության մշտապես գործող մարմինը (դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինները՝ դաշինքի անունից) կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվելու համար ներկայացնում է մեկ լիազոր ներկայացուցչի տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, անձնագրի համարը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը):

10. Կուսակցությունը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված փաստաթղթերը և լիազոր ներկայացուցիչների վերաբերյալ տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում սույն օրենսգրքի 89 հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետում:

11. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հավաստիանալով ներկայացված փաստաթղթերի վավերականության մեջ, առաջադրման ժամկետը լրանալուց հետո` 5 օրվա ընթացքում, կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին)` ի դեմս կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված նրանց լիազոր ներկայացուցիչների, հանձնում է Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները: Առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկների հանձնման մասին կազմվում է արձանագրություն:

Հանրապետության Նախագահի թեկնածուն առաջադրված է համարվում, եթե նրա առաջադրումը պաշտպանել է առնվազն 35 հազար քաղաքացի` իրենց կամքն ստորագրությամբ արտահայտելով առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում:

(67-րդ հոդվածը լրաց., փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։