Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-01-ից մինչև 2009-01-26։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 5 · ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 25. Նախընտրական հիմնադրամը

գործել է մինչև 2009-01-26Բացել ARLIS-ում

Հոդված 25. Նախընտրական հիմնադրամը

1. Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրենց նախընտրական քարոզչությունը ֆինանսավորելու, ինչպես նաև սույն օրենսգրքով սահմանված ընտրական գրավը մուծելու նպատակով իրավունք ունեն ձևավորելու նախընտրական հիմնադրամ։ Ազգային ժողովի՝ միայն համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները նախընտրական հիմնադրամ ձևավորել չեն կարող: Հանրապետության Նախագահի թեկնածուների, կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, իսկ մյուս թեկնածուներինը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած, Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղեր ունեցող որևէ առևտրային բանկում: Նախընտրական հիմնադրամ ձևավորելու նպատակով առաջադրված թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին համապատասխան ընտրական հանձնաժողովների կողմից առաջադրման համար պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկօրյա ժամկետում, տրվում է առաջադրման փաստը հավաստող տեղեկանք, որի հիման վրա և թեկնածուների կամ նրանց լիազոր ներկայացուցիչների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրավոր դիմումների, իսկ գրանցված թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար, միայն գրավոր դիմումների համաձայն, բանկերը բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ: Այդ հաշվեհամարներից եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում:

Նախընտրական հիմնադրամը ձևավորվում է`

1) թեկնածուի անձնական միջոցներից.

2) թեկնածուին առաջադրած կուսակցության կողմից թեկնածուին տրամադրված միջոցներից.

3) կուսակցության սեփական միջոցներից.

4) ֆիզիկական և իրավաբանական անձանց կամավոր մուծումներից:

2. Նախընտրական հիմնադրամներում մուծումներ կատարելու իրավունք չունեն`

1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները.

2) բյուջետային հիմնարկները (կազմակերպությունները).

3) օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք.

4) քաղաքացիություն չունեցող անձինք.

5) այն տնտեսական կազմակերպությունները, որոնց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում բաժնեմաս ունեն Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքները.

6) այն կազմակերպությունները, որոնց բաժնեհավաք կապիտալում 30 տոկոսից ավելին կազմում են օտարերկրյա միջոցները.

7) բարեգործական և կրոնական կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները և միջազգային հասարակական շարժումները.

8) պետական ոչ առևտրային կազմակերպությունները:

Սույն կետում նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամների հաշվին մուծված գումարները փոխանցվում են պետական բյուջե:

3. Նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

4. Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամներում կատարվող մուծումների առավելագույն չափերը սահմանվում են սույն օրենսգրքով: Սահմանված չափը գերազանցող մուծումները, ինչպես նաև թեկնածուների ու կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) չգրանցման դեպքում և ընտրություններից հետո, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի նախընտրական հիմնադրամում մնացած գումարները փոխանցվում են պետական բյուջե:

5. Նախընտրական հիմնադրամների միջոցները ծախսվում են թեկնածուի և կուսակցության լիազորած անձանց միջոցով:

6. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, եռօրյա պարբերականությամբ համապատասխան ընտրական հանձնաժողով տեղեկանք են ներկայացնում թեկնածուների և կուսակցությունների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ: Այդ բանկերը նախընտրական հիմնադրամ մուծումներ կատարելու իրավունք ունեցող անձանց են վերադարձնում սույն օրենսգրքով սահմանված նախընտրական հիմնադրամների առավելագույն չափը լրացված լինելուց հետո ստացված գումարները:

7. Եթե թեկնածուն կամ կուսակցությունը նախընտրական քարոզչության համար, բացի նախընտրական հիմնադրամի միջոցներից, օգտագործում է նաև այլ միջոցներ, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա դատարանը կարող է ուժը կորցրած ճանաչել թեկնածուի կամ կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը:

8. Թեկնածուների և կուսակցությունների նախընտրական հիմնադրամների հաշվարկային հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից:

9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է թեկնածուներին, կուսակցություններին թույլատրել հիմնադրամից վճարումներ կատարել նաև քվեարկության օրվանից հետո` մինչև քվեարկության օրը կատարված գործարքների համաձայն:

10. Ընտրություններն չկայացած ճանաչվելու դեպքում նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները սառեցվում են մինչև նոր ընտրությունների համար թեկնածուներ կամ կուսակցություններ գրանցելը: Նոր ընտրությունների համար կրկին գրանցված թեկնածուները կամ կուսակցությունները կարող են օգտագործել իրենց նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները: Նոր ընտրությունների համար թեկնածուների կամ կուսակցությունների չգրանցվելու դեպքում նրանց նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

11. Թեկնածուները և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները, սույն օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ օրը, ինչպես նաև ոչ ուշ, քան ընտրությունների ավարտից 6 օր հետո, իրենց գրանցած ընտրական հանձնաժողովներին ներկայացնում են հայտարարագիր՝ իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ։ Հայտարարագրի ձևը և այն ներկայացնելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հայտարարագրում նշվում են`

1) նախընտրական հիմնադրամ կատարված բոլոր մուծումների ժամանակագրությունը, դրանց կատարողների անունը, ազգանունը, հաշվառման հասցեն, մուծված գումարի չափը.

2) կատարված ծախսերը, դրանց կատարման ժամկետը, ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերի տվյալները.

3) հիմնադրամում մնացած գումարի չափը (այդպիսին լինելու դեպքում):

Համապետական ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովները հայտարարագրերն ստանալուց հետո՝ 3 օրվա ընթացքում, դրանք ուղարկում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն։ Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուների և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների ներկայացրած հայտարարագրերը 3-օրյա ժամկետում տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում, իսկ մյուս թեկնածուների հայտարարագրերի պատճենները կարող են տրամադրվել վստահված անձանց, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, դիտորդներին:

(25-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-286, փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ., լրաց. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն, 16.11.07 ՀՕ-219-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։