Հոդված 26. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը
Հոդված 26. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը
Համապետական ընտրությունների կազմակերպման և անցկացման համար ընտրական հանձնաժողովներին տրամադրված միջոցների նպատակային օգտագործման, ինչպես նաև նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի վրա վերահսկողություն իրականացնելու նպատակով ընտրությունները նշանակվելու օրվանից կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հանձնաժողովին առընթեր ստեղծում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն:
Ծառայության աշխատանքներում պայմանագրային հիմունքներով կարող են ընդգրկվել համապատասխան մասնագետներ: Վերստուգիչ-վերահսկիչ ծառայությունը թեկնածուների, կուսակցությունների, դաշինքների նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը նրանց գրանցող հանձնաժողովներից սույն օրենսգրքի 25-րդ հոդվածի 11-րդ կետում նշված կարգով ստանալուց հետո` 20 օրվա ընթացքում, ստուգում և նյութերը ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը: Քննարկման արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նյութերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ եռօրյա ժամկետում ուղարկվում են առաջին ատյանի դատարան: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կազմավորման և գործունեության կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործունեությունն ավարտվում է ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո` 45-րդ օրը:
(26-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց., փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն)