Հոդված 115. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն ամփոփելը
Հոդված 115. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն ամփոփելը
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքներում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա, սույն օրենսգրքի 63 հոդվածով սահմանված կարգով և ժամկետում, ամփոփում է ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը`
1) Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին.
2) Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:
2. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատները բաշխվում են այն կուսակցությունների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 5 տոկոսը: Եթե բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 5 տոկոս ձայներ ստացել է ընդամենը մեկ կուսակցության ընտրական ցուցակ, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են հաջորդ երկու` առավելագույն տոկոս ձայներ ստացած կուսակցությունները: Եթե Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով քվեարկությանը մասնակցում է մինչև 3 կուսակցություն, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են բոլոր կուսակցությունները:.ուղղ
3. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատները բաշխվում են կուսակցությունների ընտրական ցուցակների միջև` նրանց օգտին տրված ձայներին համամասնորեն: Յուրաքանչյուր կուսակցության ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր ցուցակին կողմ տրված ձայների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ տրված ձայների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:
4. Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ցուցակին, որին կողմ տրված ձայների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում հարցը լուծվում է վիճակահանությամբ՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
5. Կուսակցության ընտրական ցուցակներով ընտրված է համարվում այն թեկնածուն, որի հերթական համարն ընտրական ցուցակում փոքր կամ հավասար է տվյալ ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվին:
6. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրված թեկնածուին հասանելիք մանդատը, եթե նա ընտրվել է նաև Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով, տրվում է ցուցակի հաջորդ թեկնածուին:
7. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր են ճանաչվում, եթե ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:
8. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:.ուղղ
9. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 20 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և կուսակցությունների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:
(115-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն)