Հոդված 61. Տեղամասային արձանագրությունները
Հոդված 61. Տեղամասային արձանագրությունները
1. Քվեարկության արդյունքներն ամփոփվում են հետևյալ երկու արձանագրությունում.
Արձանագրություն թիվ 1.
Քվեարկության ամփոփիչ արդյունքների վերաբերյալ
1) ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրողների ցուցակի.
2) օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ստորագրված քվեաթերթիկների թիվը (Ա).
3) գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը՝ ըստ ստորագրությունների (Բ).
4) հանձնաժողովի մարած քվեաթերթիկների թիվը (Գ).
5) քվեատուփում առկա քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Դ)՝
- քվեատուփում առկա վավեր քվեաթերթիկների թիվը,
- քվեատուփում առկա անվավեր քվեաթերթիկների թիվը.
6) բոլոր թեկնածուներին (կուսակցություններին) դեմ քվեաթերթիկների թիվը.
7) յուրաքանչյուր թեկնածուի (կուսակցության) օգտին տրված ձայների թիվը.
8) թեկնածուների (կուսակցությունների) օգտին տրված ձայների ընդհանուր թիվը:
Արձանագրություն թիվ 2.
Անճշտությունների չափի վերաբերյալ
1) օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ստորագրված քվեաթերթիկների թիվը (Ա).
2) գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը՝ ըստ ստորագրությունների (Բ).
3) հանձնաժողովի մարած քվեաթերթիկների թիվը (Գ).
4) քվեատուփում առկա քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Դ).
5) առաջին անճշտության չափը (Ա-Դ-Գ).
6) երկրորդ անճշտության չափը (Բ-Դ).
7) անճշտությունների ընդհանուր չափը (Ա-Դ-Գ)+(Բ-Դ):
2. Հաշվարկվող և արձանագրության մեջ գրանցվող թվերը հայտարարվում են բարձրաձայն:
3. Արձանագրություններն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները. դրանք կնքում է հանձնաժողովի նախագահը: Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում և ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:
4. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն, որը կցվում է քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությանը:
5. Քվեարկության ավարտից մինչև անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրություն կազմելը տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:
6. Նիստի վերջում, բայց ոչ ուշ, քան ընտրությունների ավարտից 12 ժամ հետո, հանձնաժողովի նախագահը հրապարակում է ընտրությունների արդյունքները:
7. Թեկնածուի (կուսակցության) վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրանց տրվում է տեղամասային արձանագրությունների պատճենները` վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ և հանձնաժողովի կնիքով:
8. Քվեարկության արդյունքների ամփոփիչ և անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունների պատճենները փակցվում են տեղամասային կենտրոնում` տեսանելի տեղում: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, քվեարկության արդյունքների ամփոփիչ և անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունների մեկ օրինակը, կնիքը, գրանցման մատյանը և քվեաթերթիկների զմռսված փաթեթը, ընտրությունների ավարտից ոչ ուշ, քան 14 ժամվա ընթացքում, ներկայացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
(61-րդ հոդվածը փոփ., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն)