Հոդված 20
Հոդված 20.
Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 25. Փաստաբանական գաղտնիքը
1. Փաստաբանական գաղտնիք են համարվում այն տեղեկությունները և ապացույցները, որոնք իրավաբանական օգնություն հայցող անձը փոխանցել է փաստաբանին, փաստաբանի տված խորհրդատվության բովանդակությունն ու բնույթը, ինչպես նաև այն տեղեկությունները և ապացույցները (նյութերը, կրիչները), որոնք փաստաբանը փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ձեռք է բերել ինքնուրույն:
2. Փաստաբանը, փաստաբանի մոտ աշխատող ոչ փաստաբանը, ինչպես նաև փաստաբանների պալատի աշխատողն իրավունք չունի հրապարակելու փաստաբանական գաղտնիքը, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
3. Փաստաբանը կարող է հրապարակել փաստաբանական գաղտնիքը, եթե`
1) առկա է վստահորդի համաձայնությունը.
2) դա անհրաժեշտ է նրա և վստահորդի միջև ծագած դատական վեճում կամ կարգապահական վարույթում պահանջները հիմնավորելու կամ իր պաշտպանության համար:
4. Փաստաբանը հրապարակում է փաստաբանական գաղտնիքը, եթե առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկատվություն:
5. Փաստաբանական գաղտնիքի պահպանման պարտականությունը չի սահմանափակվում ժամանակի մեջ և տարածվում է նաև փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը կասեցված կամ դադարեցված անձի նկատմամբ:»: