Հոդված 45. Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը, հանրային պաշտպանի գործունեության ապահովման հետ կապված ծախսերի փոխհատուցումը
Հոդված 45. Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը, հանրային պաշտպանի գործունեության ապահովման հետ կապված ծախսերի փոխհատուցումը
1. Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, որը պետք է ապահովի հանրային պաշտպանի գրասենյակի բնականոն գործունեությունը:
2. Հաշվի առնելով անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար դիմած քաղաքացիների հայտերի և փաստացի իրավաբանական օգնություն տրամադրելու դեպքերի վիճակագրական տվյալները` փաստաբանների պալատի խորհուրդը հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ օրենքով սահմանված ժամկետում հանրային պաշտպանի գրասենյակի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:
3. Հանրային պաշտպանի գրասենյակի բյուջետային հայտը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով և փաստաբանների պալատ է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկության հիմնավորումը:
4. Հանրային պաշտպանի գրասենյակի դրամական միջոցները տնօրինում է փաստաբանների պալատի նախագահը:
5. Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության ապահովման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են պետական բյուջեից, որոնք ներառում են հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի, տեղակալների և հանրային պաշտպանների պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաև հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության ապահովման հետ կապված այլ ծախսեր: Հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող ֆինանսական միջոցները չեն կարող ծախսվել այլ նպատակներով:
6. Հանրային պաշտպանի և հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է Երևան քաղաքի համայնքի դատախազի համար օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափին հավասար գումարի չափով: Անհրաժեշտության դեպքում փաստաբանների պալատի նախագահը կարող է ժամավճարային դրույքաչափեր նախատեսող աշխատանքային պայմանագրեր կնքել հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ: Այդ դեպքում փոխհատուցվող գումարի չափը սահմանվում է Երևան քաղաքի համայնքի դատախազի աշխատանքային մեկ ժամի վարձատրության չափին համարժեք:
7. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն իր գործունեության համար ստանում է փոխհատուցում՝ հանրային պաշտպանի պաշտոնային դրույքաչափի քսանհինգ տոկոսով ավելի գումարի չափով:
8. Հանրային պաշտպանների գործունեության ապահովման հետ կապված այլ ծախսերի փոխհատուցման գումարը հաշվարկվում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի, տեղակալների և հանրային պաշտպանների աշխատանքի վարձատրության համար նախատեսված գումարի երեսուն տոկոսի չափով՝ անկախ հանրային պաշտպանների կատարած փաստացի ծախսերից:»: