Հոդված 10
Հոդված 10
Հավելվածների ընդունում և դրանց մեջ ուղղումների կատարում
1. Սույն Կոնվենցիայի կամ ցանկացած Արձանագրության հավելվածները կազմում են համապատասխանորեն սույն Կոնվենցիայի կամ այդ Արձանագրության անբաժանելի մասը, և եթե ուղղակի որևէ այլ բան չի նախատեսվում, ապա սույն Կոնվենցիայի կամ նրա Արձանագրությունների վկայակոչումը վերաբերում է նաև նրանց ցանկացած հավելվածին: Այդպիսի հավելվածները սահմանափակվում են գիտատեխնիկական և վարչական հարցերով:
2. Եթե որևէ Արձանագրությամբ նրա հավելվածների վերաբերյալ այլ դրույթներ չեն նախատեսվում, ապա սույն Կոնվենցիայի լրացուցիչ հավելվածների կամ արձանագրության հավելվածների առաջադրման, ընդունման և ուժի մեջ մտնելու համար կիրառվում է հետևյալ գործընթացը.
ա) սույն Կոնվենցիայի հավելվածները առաջարկվում և ընդունվում են 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում սահմանված ընթացակարգին համապատասխան, իսկ ցանկացած արձանագրության հավելվածները առաջարկվում և ընդունվում են 9-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերում սահմանված ընթացակարգին համաձայն,
բ) ցանկացած Կողմ, որը հնարավոր չի համարում հավանություն տալ սույն Կոնվենցիայի լրացուցիչ հավելվածներին կամ ցանկացած Արձանագրության հավելվածին, որի մասնակիցն է նա, գրավոր ծանուցում է այդ մասին ավանդապահին` ավանդապահի կողմից ընդունման մասին հաղորդագրության ուղարկման օրվանից հաշված վեց ամսվա ընթացքում: Ավանդապահն անհապաղ ծանուցում է բոլոր Կողմերին իր կողմից ստացված ցանկացած այդպիսի ծանուցման մասին: Կողմը կարող է ցանկացած ժամանակ առարկության մասին ավելի վաղ ուղարկված իր հայտարարությունը փոխարինել ընդունման մասին հայտարարությամբ, որից հետո հավելվածները մտնում են ուժի մեջ տվյալ Կողմի համար,
գ) ավանդապահի կողմից հաղորդման առաքման օրից վեց ամիս անց հավելվածը ուժի մեջ է մտնում սույն Կոնվենցիայի կամ ցանկացած համապատասխան արձանագրությունների բոլոր այն Կողմերի համար, որոնք սույն հոդվածի (բ) ենթակետի դրույթներին համապատասխան չեն ներկայացրել ծանուցում:
3. Սույն Կոնվենցիայի կամ ցանկացած Արձանագրության հավելվածներին ուղղումների առաջարկումը, ընդունումը և ուժի մեջ մտնելը կարգավորվում է այն ընթացակարգով, որը նման է Կոնվենցիայի կամ արձանագրությունների հավելվածների առաջարկման, ընդունման և ուժի մեջ մտնելու համար սահմանված ընթացակարգին: Հավելվածներում և նրանց ուղղումներում պատշաճ կերպով հաշվի են առնվում, մասնավորապես, համապատասխան գիտատեխնիկական նկատառումները:
4. Եթե լրացուցիչ հավելվածը կամ հավելվածի ուղղումը կապված է սույն Կոնվենցիայի կամ Արձանագրության մեջ ուղղում մտցնելու հետ, ապա այդ լրացուցիչ հավելվածը կամ ուղղումներով հավելվածը ուժի մեջ է մտնում միայն սույն Կոնվենցիայի կամ համապատասխան Արձանագրության ուղղումը ուժի մեջ մտնելուց հետո: