Անցնել բովանդակությանը

Հոդված 21

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21

Տեքստերի նույնականությունը

Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տարբերակները հավասարազոր են, հանձնվում է ի պահ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

Ի վկայություն որի` համապատասխան ձևով, դրա համար լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Վիեննա քաղաքում 1985 թվականի մարտի 22-ին:

Հավելված 1

Հետազոտություններ և պարբերաբար դիտարկումներ

1. Կոնվենցիայի Կողմերը ընդունում են, որ գլխավոր գիտական հիմնահարցերն են՝

ա) Օզոնային շերտի փոփոխությունը, որն արդյունքում կարող է առաջ բերել կենդանի օրգանիզմների վրա (ՈՒՄ-Կ) ազդող և երկրի մակերևույթին հասնող արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության փոփոխություն, և մարդու առողջության, օրգանիզմների, էկոհամակարգերի և մարդու կողմից օգտագործվող նյութերի վրա հնարավոր հետևանքները,

բ) օզոնի ուղղաձիգ պրոֆիլի փոփոխումը, որը կարող է խախտել մթնոլորտի ջերմաստիճանային կառուցվածքը, և եղանակի և կլիմայի համար հնարավոր հետևանքները:

2. Կոնվենցիայի Կողմերը, 3-րդ հոդվածին համապատասխան, համագործակցում են հետազոտությունների և պարբերաբար դիտարկումների անցկացման բնագավառում և ձևակերպում հետագա հետազոտությունների և դիտարկումների մասին հանձնարարականներ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝

ա) Մթնոլորտի ֆիզիկայի և քիմիայի հետազոտությունները.

i) համալիր տեսական մոդելավորում. ճառագայթային, դինամիկ և քիմիական գործընթացների փոխազդեցությունը քննարկող մոդելների հետագա մշակում, մարդու կողմից ստեղծված և բնական զանազան նյութերի մթնոլորտային օզոնի վրա միաժամանակ գործած ազդեցության ուսումնասիրությունը, արբանյակներից և վերերկրյա սարքերից ստացված հեռաչափական չափումների տվյալների մեկնաբանությունը, մթնոլորտային և գեոֆիզիկական չափանիշների գնահատումը և այդ չափանիշների փոփոխությունների պատճառների որոշման մեթոդների մշակումը,

ii) տրոպոսֆերային և ստրատոսֆերային քիմիական և ֆիզիկական գործընթացների փոխազդեցության մեխանիզմների և կլանման հատումների, փոփոխությունների գործակիցների լաբորատոր չափումները, սպեկտրոսկոպիայի տվյալները լուսապատկերի բոլոր համապատասխան հատվածներում դաշտային չափումների ուժեղացման համար,

iii) դաշտային չափումներ. ինչպես բնական, այնպես էլ մարդածին ծագում ունեցող հիմնական ելակետային գազերի կոնցենտրացիայի և հոսքերի ուսումնասիրությունը, մթնոլորտային դինամիկայի հետազոտությունները, երկրի մթնոլորտի սահմանից վերև լուսաքիմիական տեսակետից ազգակից հետազոտման օբյեկտների միաժամանակ չափումները, in situ տվիչների և հեռացույց տվիչների օգտագործմամբ, տարբեր կետերում և տարբեր գործիքներով ստացված տվյալների համեմատությունը, ներառյալ արբանյակային սարքավորման համար չափումների անվանացուցակների համակարգումը և միասնականացումը, հիմնական հետքային մթնոլորտային խառնուրդների, արեգակնային ճառագայթման սպեկտրալ հոսքի և օդերևութաբանական չափանիշների եռաչափ պատկերների ստացումը,

iv) գործիքների մշակում, ներառյալ նաև հետքային մթնոլորտային խառնուրդների, արեգակնային ճառագայթման հոսքի և օդերևութաբանական չափանիշների չափման համար արբանյակային և ոչ արբանյակային տվիչները:

բ) Օզոնային շերտի փոփոխությունների ազդեցության ուսումնասիրությունը մարդու առողջության, կենսոլորտի և լուսաքայքայման պրոցեսների վրա`

i) մարդու տեսանելի և ուլտրամանուշակագույն արեգակնային ճառագայթահարման կապը ա) մաշկի ինչպես ոչ մելանոմային, այնպես էլ մելանոմային քաղցկեղի զարգացմամբ և բ) իմունային համակարգի վրա գործած ազդեցությամբ,

ii) կախված ալիքների երկարությունից ՈՒՄ-Կ-ի ճառագայթման ներգործությունը ա) գյուղատնտեսական կուլտուրաների, անտառի և ցամաքի այլ էկոհամակարգերի վրա և բ) ջրային էկոհամակարգերի սննդային շղթայի և ձկնորսության վրա, նաև ծովային ֆիտոպլանկտոնի կողմից թթվածնի անջատման հնարավոր արգելակումը,

iii) ՈՒՄ-Կ ճառագայթման ներգործման մեխանիզմները կենսաբանական նյութերի, տեսակների և էկոհամակարգերի վրա, ներառյալ բաժնի, բաժնի հզորության և ռեակցիայի միջև եղած կապը, ֆոտոռեպարացիա, ադապտացիա և պաշտպանություն,

iv) ալիքի տարբեր երկարություն ունեցող գոտիների հնարավոր փոխազդեցության բացահայտում` ազդեցության կենսաբանական սպեկտրների և պոլիքրոմատիկ ճառագայթահարման սպեկտրալ ռեակցիայի ուսումնասիրման ճանապարհով,

v) ՈՒՖ-Կ ճառագայթման ներգործությունը կենսոլորտի հավասարակշռության գործում կարևոր դեր խաղացող, կենսաբանական տեսակների զգայունակության և ակտիվության և այնպիսի առաջնային բնական գործընթացների վրա, ինչպիսիք են ֆոտոսինթեզը և կենսասինթեզը,

vi) ՈՒՄ-Կ ճառագայթման ներգործումը աղտոտող նյութերի, գյուղատնտեսական քիմիկատների և այլ նյութերի ֆոտոքայքայման վրա:

գ) Կլիմայի վրա ներգործման ուսումնասիրությունը`

i) օզոնի և այլ միկրոէլեմենտների ռադիացիոն էֆեկտի և կլիմայական չափանիշների, ինչպես օրինակ ցամաքի մակերևույթի և օվկիանոսի ջերմաստիճանի, տեղումների բնույթի, տրոպոսֆերայի և ստրատոսֆերայի միջև փոխանակության վրա ազդեցության տեսական ուսումնասիրությունը և դիտարկումները,

ii) մարդկային գործունեության տարբեր ձևերի վրա կլիմայի այդպիսի փոփոխության ազդեցության ուսումնասիրությունը:

դ) Պարբերաբար դիտարկումներ`

i) օզոնային շերտի վիճակի դիտարկումներ (օզոնի ընդհանուր բաղադրության և ուղղաձիգ պրոֆիլի տարածքային և ժամանակային փոփոխականությունը) վերջնական շարք մտցնել օզոնային շերտի դիտարկումների գլոբալ համակարգը, որը հիմնվում է դիտարկումների վերերկրյա և արբանյակային համակարգերի ինտեգրացիայի վրա,

ii) ելակետային գազերի կոնցենտրացիայի, նրանց մեջ HOx, NOx և CLOx, ինչպես նաև ածխածնային միացությունների պարունակության տրոպոսֆերայի և ստրատոսֆերայի դիտարկումներ,

iii) ջերմաստիճանի դիտարկումներ երկրի մակերևույթից մինչև մեզոսֆերա, օգտագործելով ինչպես վերերկրյա, այնպես էլ արբանյակային համակարգերը,

iv) երկրի մթնոլորտին հասնող արեգակնային ճառագայթման հոսքի ալիքային կազմի, և նրանից հեռացող ջերմային ճառագայթման դիտարկումները` օգտագործելով արբանյակներից ստացած տվյալները,

v) երկրի մակերևույթին հասնող և կենդանի օրգանիզմների վրա ազդող արեգակնային ճառագայթման ալիքային հոսքի կազմի դիտարկումներ սպեկտրի ուլտրամանուշակագույն հատվածում (ՈՒՄ-Կ),

vi) աերոզոլների հատկությունների և բաշխման դիտարկումներ երկրի մակերևույթից մինչև մեզոսֆերա ընկած շերտում, օգտագործելով դիտարկումների վերերկրյա, ինքնաթիռային և արբանյակային համակարգերը,

vii) կլիմայագիտության համար մեծ նշանակություն ունեցող փոփոխականների դիտարկումներ ցամաքի մակերևույթի բարձրորակ օդերևութաբանական չափումների իրականացման ծրագրերի հիման վրա,

viii) միկրոէլեմենտների, ջերմաստիճանի, արեգակնային ռադիացիայի հոսքի և աերոզոլների դիտարկումներ, օգտագործելով գլոբալ տվյալների վերլուծության ավելի կատարելագործված մեթոդներ:

3. Կոնվենցիայի Կողմերը համագործակցում են, խրախուսելով պատշաճ գիտատեխնիկական նախապատրաստումը, որն անհրաժեշտ է սույն հավելվածում նշված հետազոտություններում և պարբերաբար դիտարկումներում մասնակցելու համար, հաշվի առնելով զարգացող երկրների հատուկ պահանջները: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել սարքավորումների խաչաձև աստիճանանշմանը և դիտարկումների մեթոդների համաձայնեցմանը գիտական տվյալների համակարգված կամ համադրված շարքեր կազմելու համար:

4. Ընդունված է, որ կամայական կարգով թվարկված հետևյալ բնական կամ մարդածին ծագում ունեցող քիմիական նյութերը կարող են փոփոխել օզոնային շերտի քիմիական և ֆիզիկական հատկությունները:

ա) Ածխածնային նյութերը.

i) Ածխածնի օքսիդ (CO)

Ածխածնի օքսիդն ունի կարևոր բնական և մարդածին աղբյուրներ և, ինչպես ենթադրում են, խաղում է նշանակալից ուղղակի դեր տրոպոսֆերայի լուսաքիմիական գործընթացներում և անուղղակի դեր՝ ստրատոսֆերայի լուսաքիմիական գործընթացներում:

ii) Ածխածնի երկօքսիդ (CO2)

Ածխածնի երկօքսիդն ունի կարևոր բնական և մարդածին աղբյուրներ և ազդում է ստրատոսֆերայի օզոնի վրա մթնոլորտի ջերմային կառուցվածքի վրա ներգործելու միջոցով:

iii) Մեթան (CH4)

Մեթանն ունի ինչպես բնական, այնպես էլ մարդածին աղբյուրներ և ազդում է ինչպես տրոպոսֆերային, այնպես էլ ստրատոսֆերային օզոնի վրա:

iv) Ածխաջրածինների ոչ մեթանային տեսակներ

Ածխաջրածինների ոչ մեթանային տեսակները կազմված են մեծ թվով քիմիական նյութերից, ունեն ինչպես բնական, այնպես էլ մարդածին աղբյուրներ և խաղում են ուղղակի դեր՝ տրոպոսֆերայի լուսաքիմիական գործընթացներում և անուղղակի դեր՝ ստրատոսֆերայի լուսաքիմիական գործընթացներում:

բ) Ազոտ պարունակող նյութերը.

i) Ազոտի ենթօքսիդ (N2O)

N2O-ի աղբյուրների գերակշռող մասը իրենց բնույթով բնական են, սակայն ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում նրանց մարդածին ազդեցությունը: Ազոտի ենթօքսիդը ստրատոսֆերային NՕX -ի հիմնական աղբյուրն է, որոնք վճռական դեր են խաղում ստրատոսֆերային օզոնի քանակության կարգավորման մեջ,

ii) ազոտի օքսիդներ (NOx)

NOx-ի վերերկրյա աղբյուրները կարևոր ուղղակի դեր են խաղում միայն տրոպոսֆերայի լուսաքիմիական գործընթացներում, իսկ անուղղակի դեր՝ ստրատոսֆերայի լուսաքիմիայում, ընդ որում, NՕX -ի ներանցումը տրոպոպաուզայի մոտակայքում կարող է անմիջականորեն առաջ բերել օզոնի փոփոխություն տրոպոսֆերայի վերին շերտերում և ստրատոսֆերայում:

գ) Քլոր պարունակող նյութերը.

i) Ամբողջությամբ հալոիդացված ալկաններ, օրինակ CCL4, CFCL3, (CFC-11), CF2 CL2, (CFC-12), C2F3CL3 (CFC-113), C2F4CL (CFC-114)

Ամբողջությամբ հալոիդացված ալկանները մարդածին են և գործում են որպես CLՕx-ի աղբյուր, որը վճռական դեր է խաղում օզոնի լուսաքիմիայում, հիմնականում 30-50 կմ բարձրության վրա:

ii) Մասամբ հալոիդացված ալկաններ, օրինակ CH3CL, CHF2CL (CFC-22), CH3CCL3, CHFCL2 (CFC-21)

CH3CL-ի աղբյուրները բնական են, այն դեպքում, երբ մնացած վերոհիշյալ մասամբ հալոիդացված ալկաններն ունեն մարդածին ծագում: Այդ գազերը ևս հանդես են գալիս որպես ստրատոսֆերային CLOx-ի աղբյուր:

դ) Բրոմ պարունակող նյութեր.

Ամբողջությամբ հալոիդացված ալկաններ, օրինակ CF3Br

Այդ գազերը մարդածին են և գործում են որպես BrOx-ի աղբյուր, որոնց ազդեցությունը նման է CLOx-ի ազդեցությանը:

ե) Ջրածին պարունակող նյութերը.

i) Ջրածին (H2)

Ջրածինը, որի աղբյուրը բնական է և մարդածին, աննշան դեր է խաղում ստրատոսֆերայի լուսաքիմիայում:

ii) Ջուր (H2O)

Ջուրը, որի աղբյուրը բնական է, շատ կարևոր դեր է խաղում ինչպես տրոպոսֆերային, այնպես էլ ստրատոսֆերային լուսաքիմիայում: Ստրատոսֆերայում ջրային գոլորշիների լոկալ աղբյուր են մեթանի և, ավելի քիչ, ջրածնի օքսիդացումը:

Հավելված 2

Տեղեկության փոխանակում

1. Կոնվենցիայի Կողմերը ընդունում են, որ տեղեկության հավաքումը և դրա փոխանակումը սույն Կոնվենցիայի նպատակների իրականացման կարևոր միջոցներ են և այն բանի գրավականը, որ ցանկացած ձեռնարկված միջոցառումներ, կլինեն տեղին և արդարացի: Դրա համար Կողմերը կփոխանակեն գիտատեխնիկական, սոցիալ-տնտեսական, գործնական, առևտրային և իրավական տեղեկություն:

2. Կոնվենցիայի Կողմերը, այն հարցի լուծման համար, թե ինչ տեղեկություն է ենթակա հավաքման և փոխանակման, պարտավոր են ուշադրություն դարձնել տեղեկության օգտակարության և նրա ստացման արժեքավորության վրա: Կողմերն այնուհետև ընդունում են, որ համագործակցությունը, որի մասին խոսվում է սույն հավելվածում, պետք է համատեղելի լինի ազգային օրենքների, որոշումների և արտոնագրերի նկատմամբ կիրառվող պրակտիկայի հետ, առևտրական գաղտնիքների և գաղտնագրված և արտոնագրված տեղեկության հետ:

3. Գիտական տեղեկությանն է վերաբերում՝

ա) տեղեկությունը գիտական հետազոտությունների մասին, որոնք կատարվում են գիտատեխնիկական ծրագրերի համադրման հեշտացման նպատակով պլանավորված և պետական կամ մասնավոր հիմունքներով, և այդպիսով ավելի արդյունավետ օգտագործելով առկա ազգային և միջազգային ռեսուրսները,

բ) արտանետումների մասին տվյալները, որոնք անհրաժեշտ են հետազոտման համար,

գ) հատուկ գիտական գրականության մեջ հրապարակված գիտական արդյունքների մասին տեղեկությունը երկրի մթնոլորտի ֆիզիկայի և քիմիայի, փոփոխությունների նկատմամբ նրա զգայունության մասին և հատկապես, օզոնային շերտի վիճակի և մարդու առողջության, շրջակա միջավայրի և կլիմայի վրա թողած հետևանքների մասին, ժամանակի ցանկացած սանդղակում օզոնի ընդհանուր բաղադրության կամ ուղղաձիգ պրոֆիլի փոփոխության մասին,

դ) գիտական հետազոտությունների արդյունքների գնահատման և ապագա ուսումնասիրությունների հանձնարարականների մասին:

4. Տեխնիկական տեղեկությանն է վերաբերում տեղեկությունը`

ա) օզոնային շերտը փոփոխող նյութերի արտանետումները կրճատող քիմիական փոխարինողների և այլընտրանքային տեխնոլոգիաների առկայության և արժեքի մասին, ինչպես նաև դրա հետ կապված պլանավորվող կամ իրականացվող հետազոտությունների մասին,

բ) քիմիական և այլ փոխարինողների և այլընտրանքային տեխնոլոգիաների կիրառման հետ կապված սահմանափակումների և հնարավոր ռիսկի մասին:

5. Սոցիալ-տնտեսական և առևտրական տեղեկության 1-ին հավելվածում հիշատակված նյութերի վերաբերյալ տեղեկությանն է վերաբերում տեղեկությունը`

ա) արտադրության և արտադրական հզորության մասին,

բ) արտադրանքի օգտագործման և օգտագործման տենդենցների մասին,

գ) ներմուծման/արտահանման մասին,

դ) անուղղակիորեն օզոնային շերտի փոփոխություններ առաջացնող մարդկային գործունեության տեսակների ծախսերի, ռիսկի և օգուտների մասին և այդ գործունեությունը կարգավորող ընդունված կամ պլանավորվող միջոցառումների ազդեցության մասին:

6. Իրավական տեղեկությանն է վերաբերում հետևյալ տեղեկությունը՝

ա) օզոնային շերտի պահպանության վերաբերյալ ազգային օրենքների, վարչական միջոցառումների և իրավական ուսումնասիրությունների մասին,

բ) օզոնային շերտի պահպանության վերաբերյալ միջազգային, այդ թվում նաև երկկողմ համաձայնագրերի մասին,

գ) օզոնային շերտի պահպանության հետ կապված լիցենզավորման մեթոդների, պայմանների և արտոնագրերի առկայության մասին:

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1999 թվականի դեկտեմբերի 30-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։