Հոդված 6
Հոդված 6
Կողմերի համաժողովը
1. Սույնով հիմնվում է Կողմերի համաժողովը: Կողմերի համաժողովի առաջին խորհրդակցությունը, 7-րդ հոդվածին համապատասխան, գումարվում է ժամանակավոր հիմունքներով քարտուղարության կողմից նշանակված ժամկետում, ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց մեկ տարի անց: Հետագայում Կողմերի համաժողովի հերթական խորհրդակցությունները գումարվում են այն պարբերականությամբ, որը կսահմանի համաժողովը առաջին խորհրդակցությունում:
2. Կողմերի համաժողովի արտահերթ խորհրդակցությունները գումարվում են այն ժամանակ, երբ համաժողովը գտնի այն անհրաժեշտ, կամ Կողմերից մեկի գրավոր խնդրանքով, այն պայմանով, որ քարտուղարության կողմից Կողմերին ուղարկվելուց հետո վեց ամսվա ընթացքում այդ խնդրանքը արժանանա Կողմերի ոչ պակաս, քան մեկ երրորդի աջակցությանը:
3. Կողմերի համաժողովը միաձայնությամբ համաձայնեցնում և ընդունում է ինչպես իր, այնպես էլ իր կողմից հիմնված ցանկացած օժանդակ մարմինների ընթացակարգերը և ֆինանսական կանոնները, ինչպես նաև քարտուղարության գործունեությունը կարգավորող ֆինանսական դրույթները:
4. Կողմերի համաժողովը մշտապես հետևում է սույն Կոնվենցիայի կատարման ընթացքին և, բացի այդ՝
ա) սահմանում է 5-րդ հոդվածին համապատասխան ներկայացվող տեղեկության փոխանցման պարբերականությունն ու ձևը և քննարկում է այդ տեղեկությունը, ինչպես նաև ցանկացած օժանդակ մարմնի կողմից ներկայացված զեկույցները,
բ) ամփոփում է օզոնային շերտի վիճակի մասին, նրա հնարավոր փոփոխությունների և ցանկացած այդպիսի փոփոխությունների հնարավոր հետևանքների մասին գիտական տեղեկատվությունը,
գ) 2-րդ հոդվածին համապատասխան, աջակցում է օզոնային շերտի վիճակի փոփոխության պատճառ հանդիսացող և կամ փոփոխություն առաջացնող նյութերի արտանետումները նվազագույնի հասցնելու նպատակով համապատասխան քաղաքականության, ռազմավարության և միջոցների համաձայնեցմանը, և պատրաստում է հանձնարարականներ սույն Կոնվենցիային վերաբերող ցանկացած այլ միջոցառումների վերաբերյալ,
դ) 3-րդ և 4-րդ հոդվածների համաձայն ընդունում է հետազոտությունների, պարբերաբար դիտարկումների, գիտատեխնիկական համագործակցության, տեղեկության փոխանակման և տեխնոլոգիաների ու գիտելիքների փոխանցման ծրագրեր,
ե) անհրաժեշտության դեպքում քննարկում և ընդունում է ուղղումներ սույն Կոնվենցիային կամ նրա հավելվածներին, 9-րդ և 10-րդ հոդվածներին համապատասխան,
զ) քննարկում է ցանկացած արձանագրության, ինչպես նաև նրա ցանկացած հավելվածների ուղղումները և, համապատասխան որոշման առկայության դեպքում, հանձնարարում է այդպիսի արձանագրության կողմերին ընդունել դրանք,
է) անհրաժեշտության դեպքում քննարկում է և ընդունում սույն Կոնվենցիային կից լրացուցիչ հավելվածներ, 10-րդ հոդվածին համապատասխան,
ը) անհրաժեշտության դեպքում քննարկում է և ընդունում արձանագրություններ, 8-րդ հոդվածին համապատասխան,
թ) հիմնում է այնպիսի օժանդակ մարմիններ, որոնք անհրաժեշտ են սույն Կոնվենցիայի իրականացման համար,
ժ) ըստ անհրաժեշտության, օգտվում է իրավասու միջազգային մարմինների և գիտական հանձնաժողովների ծառայություններից, մասնավորապես, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ինչպես նաև գիտական հետազոտությունների, պարբերաբար դիտարկումների և սույն Կոնվենցիայի նպատակների հետ կապված գործունեության այլ տեսակների ոլորտում օզոնային շերտի Համադրող հանձնաժողովի հետ և պատշաճ կերպով օգտագործում է այդպիսի մարմիններից և հանձնաժողովներից ստացած տեղեկատվությունը,
ժա) քննարկում և ընդունում է ցանկացած լրացուցիչ միջոցներ, որոնք կարող են պահանջվել սույն Կոնվենցիայի նպատակներին հասնելու համար:
5. Միավորված ազգերի կազմակերպությունը, նրա մասնագիտացված հաստատությունները և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, ինչպես նաև ցանկացած պետություն, որը չի հանդիսանում սույն Կոնվենցիայի Կողմ, կարող են ներկայացված լինել Կողմերի համաժողովի խորհրդակցություններում որպես դիտորդներ: Օզոնային շերտի պահպանությանը վերաբերող բնագավառներում, իրավասություն ունեցող ազգային կամ միջազգային, կառավարական կամ ոչ կառավարական ցանկացած մարմիններ կամ հաստատություններ, որոնք տեղեկացրել են քարտուղարությանը՝ Կողմերի համաժողովում որպես դիտորդ ներկայացված լինելու իրենց ցանկության մասին, կարող են թույլատրվել մասնակցել նրանում, եթե դրա դեմ չի առարկում Կողմերի խորհրդակցությանը ներկա գտնվողների ոչ պակաս, քան մեկ երրորդը: Դիտորդների թույլտվությունը և մասնակցությունը կարգավորվում է Կողմերի համաժողովի կողմից ընդունված ընթացակարգային կանոններով: