Հոդված 3
Հոդված 3
Ընդհանուր դրույթներ
1. Յուրաքանչյուր Կողմ կձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական, կանոնակարգող և այլ միջոցառումներ, ներառյալ այնպիսիք, որոնք նպատակաուղղված կլինեն սույն Կոնվենցիայով սահմանված տեղեկության իրագործման, հասարակայնության մասնակցության վերաբերյալ դրույթների և արդարադատության մատչելիության դրույթների համատեղելիությանը՝ սույն Կոնվենցիայի դրույթների իրագործման համար հստակ, թափանցիկ և հետևողական կառույցի ստեղծման և օգտագործման նպատակով։
2. Յուրաքանչյուր Կողմ կձգտի ապահովել, որ պաշտոնատար անձինք և պետական մարմինները ցուցաբերեն աջակցություն և ղեկավարում հասարակությանը որոշումների ընդունման գործընթացին նրա մասնակցությունը հեշտացնելու, տեղեկություն ստանալու և արդարադատության մատչելիության գործում։
3. Յուրաքանչյուր Կողմ կաջակցի բնապահպանական հարցերի շուրջ հասարակության իրազեկության բարձրացմանը, հատկապես շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված տեղեկության մատչելիության, որոշումների ընդունմանը մասնակցության և արդարադատության մատչելիության հարցերով։
4. Յուրաքանչյուր Կողմ կապահովի բնապահպանությանն աջակցող ընկերությունների և խմբերի պատշաճ ճանաչումը և նրանց կտրամադրի համապատասխան օգնություն և կապահովի իր ազգային իրավական համակարգի համապատասխանությունն այս պարտավորությանը:
5. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն շոշափում որևէ Կողմի իրավունքը՝ շարունակելու իրագործել կամ ձեռնարկել միջոցներ, որոնք ենթադրում են տեղեկության ավելի լայն մատչելիություն, հասարակության ավելի ակտիվ մասնակցություն որոշումների ընդունման գործընթացին և արդարադատության ավելի լայն մատչելիություն բնապահպանական հարցերով, քան դա նախատեսված է սույն Կոնվենցիայով։
6. Սույն Կոնվենցիան չի պահանջի գոյություն ունեցող իրավունքների որևէ թուլացում, որոնք կապված են տեղեկության մատչելիության, հասարակության մասնակցությանը որոշումների ընդունման գործընթացին և արդարադատության մատչելիությանը՝ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի կապակցությամբ։
7. Յուրաքանչյուր Կողմ կաջակցի սույն Կոնվենցիայի սկզբունքների կիրառմանը միջազգային բնապահպանական հարցերով որոշումների ընդունման գործընթացում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում շրջակա միջավայրին առնչվող հարցերում:
8. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան իրենց իրավունքներն իրականացնող անձինք իրենց գործունեության համար չենթարկվեն որևէ ձևով պատժի, հետապնդման կամ հալածանքի։ Սույն դրույթը չի խաթարում ազգային դատարանների լիազորությունը՝ որոշումներ կայացնել դատական ողջամիտ ծախսերի հատուցման համար, որոնք կապված են դատավարությունների հետ։
9. Սույն Կոնվենցիայի համապատասխան դրույթների սահմաններում հասարակությունն ունի մուտք դեպի տեղեկությունը, ունի որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու հնարավորություն և ունի ելք դեպի արդարադատությունը շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված հարցերով, առանց խտրականության՝ ելնելով քաղաքացիության, ազգային պատկանելության կամ բնակության վայրի հատկանիշներից և, իրավաբանական անձանց դեպքում, առանց խտրականության՝ ելնելով գրանցման վայրի կամ գործունեության փաստացի վայրի չափանիշից։