Հոդված 10
Հոդված 10
Կողմերի ժողովը
1. Կողմերի առաջին ժողովը հրավիրվում է ոչ ուշ, քան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարի հետո։ Հետագայում, Կողմերի հերթական ժողովները անցկացվում են առնվազն յուրաքանչյուր երկու տարին մեկ, եթե Կողմերը այլ որոշում չեն ընդունում կամ ցանկացած Կողմի գրավոր խնդրանքով, պայմանով, որ այդ խնդրանքի մասին Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի կողմից բոլոր Կողմերին իրազեկ պահելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում այն կպաշտպանվի Կողմերի ոչ պակաս, քան մեկ երրորդի կողմից։
2. Իրենց ժողովների ժամանակ Կողմերը մշտապես վերահսկում են սույն Կոնվենցիայի իրականացման ընթացքը այն տեղեկության հիման վրա, որը կանոնավոր ձևով ստացվում է Կողմերից, և այդ նպատակով՝
ա) իրագործում են շրջակա միջավայրի պաշտպանությանն առնչվող տեղեկության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիությանը վերաբերող քաղաքականության և իրավական ու մեթոդաբանական մոտեցումների վերլուծությունը՝ նպատակ ունենալով դրանց հետագա կատարելագործումը,
բ) փոխանակում են տեղեկություն, որն առնչվում է այն փորձին, որը ձեռք է բերվել երկկողմանի կամ բազմակողմանի համաձայնագրերի կամ այլ պայմանավորվածությունների կնքման և իրականացման ոլորտում, որոնք առնչվում են սույն Կոնվենցիայի նպատակներին, և որոնց մասնակիցները սույն Կոնվենցիայի մեկ կամ մեկից ավելի Կողմեր են,
գ) անհրաժեշտության դեպքում դիմում են ԵՏՀ-ի համապատասխան մարմիններին, ինչպես նաև այլ իրավասու միջազգային մարմիններին և հատուկ կոմիտեներին այն բոլոր տեսանկյունների դիտարկման համար, որոնք կապված են սույն Կոնվենցիայի նպատակներին հասնելու հետ,
դ) անհրաժեշտության դեպքում հիմնադրում են ցանկացած օժանդակ մարմիններ,
ե) համապատասխան դեպքերում մշակում են արձանագրություններ սույն Կոնվենցիայի համար,
զ) դիտարկում և հաստատում են առաջարկություններ սույն Կոնվենցիայի մեջ ուղղումներ մտցնելու մասին՝ հոդված 14-ի դրույթներին համապատասխան,
է) դիտարկում և ընդունում են ցանկացած հավելյալ միջոցառումներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել սույն Կոնվենցիայի նպատակներին հասնելու համար,
ը) իրենց առաջին ժողովի ընթացքում դիտարկում և միաձայնության պայմանով ընդունում են իրենց և օժանդակ մարմինների ժողովների կանոնները և ընթացակարգերը,
թ) իրենց առաջին ժողովի ընթացքում դիտարկում են հոդված 5-ի կետ 9-ի դրույթների իրագործման իրենց կողմից կուտակված փորձը և որոշում են այն հարցը, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել սույն կետում նշված համակարգի հետագա զարգացման համար՝ հաշվի առնելով միջազգային մակարդակով տեղի ունեցող գործընթացները և փոփոխությունները, ներառյալ համապատասխան փաստաթղթի մշակումը, որը կապված է շրջակա միջավայր մտնող աղտոտությունների փոխանցման մեխանիզմների կամ գույքի հետ, որոնք կարող էին մտցվել սույն Կոնվենցիայի հավելվածների մեջ։
3. Կողմերի ժողովը կարող է, անհրաժեշտության դեպքում, դիտարկել ֆինանսական դրույթների հաստատումը՝ միաձայնության սկզբունքի հիման վրա։
4. Միավորված ազգերի կազմակերպությունը, նրա մասնագիտացված հաստատությունները և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, ինչպես նաև ցանկացած պետություն կամ տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություն, որոնք իրավունք ունեն, հոդված 17-ին համապատասխան, ստորագրել սույն Կոնվենցիան, սակայն չեն հանդիսանում սույն Կոնվենցիայի Կողմ, և ցանկացած միջկառավարական կազմակերպություն, որը իրազեկ է այն ոլորտներին, որոնց առնչվում է սույն Կոնվենցիան, իրավունք ունեն մասնակցել Կողմերի ժողովներին որպես դիտորդ։
5. Ցանկացած հասարակական կազմակերպություն, որն իրազեկ է այն ոլորտներին, որոնց առնչվում է սույն Կոնվենցիան, և որը տեղեկացրել է Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին իր ցանկության մասին՝ ներկա լինել Կողմերի ժողովին, ունի այդպիսի մասնակցության իրավունք որպես դիտորդ, եթե դրա դեմ չի առարկում ժողովին ներկա կողմերի առնվազն մեկ երրորդը։
6. Վերը նշված կետ 4-ի և 5-ի նպատակների համար, վերը բերված կետ 2-ի հ)-ում հիշված ընթացակարգերը նախատեսում են գործնական մեխանիզմներ, որոնք կապված են մասնակցության թույլտվության ընթացակարգի և այլ համապատասխան պայմանների հետ։