Հոդված 22
Հոդված 22
Տեքստերի համարժեքությունը
Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասար ուժ ունեն, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։
Ի հաստատումն որի, ներքոստորագրյալները, պատշաճ ձևով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան։
Կատարված է Օրհուսում (Դանիա) հազար ինը հարյուր իննսունութ թվականի հունիսի քսանհինգին։
Հավելված 1
6-րդ հոդվածի 1-ին կետի ա) ենթակետում նշված գործունեության ցանկը
1. Էներգետիկա
- նավթամշակման և գազամշակման գործարաններ,
- գազիֆիկացիայի և գազի հեղուկացման կայանքներ,
- ջերմային էլեկտրակայաններ և այլ այրման համար նախատեսված կայանքներ 50 մեգավատ (մվտ) կամ ավելի ջերմային հզորությամբ,
- կոքսային վառարաններ,
- ատոմային էլեկտրակայաններ և այլ ատոմային ռեակտորներ, ներառյալ այդպիսի էլեկտրակայանների կամ ռեակտորների ապամոնտաժումը կամ շահագործումից հանումը 1/ (բացառությամբ տրոհվող և վերականգնվող նյութերի արտադրության և փոխակերպման համար նախատեսված գիտահետազոտական կայանքների, որոնց առավելագույն հզորությունը չի գերազանցում 1 կվտ մշտական ջերմային հզորությունը),
- ճառագայթահար միջուկային վառելիքի վերամշակման կայանքներ,
- կայանքներ, որոնք նախագծված են՝
- միջուկային վառելիքի արտադրության կամ հարստացման համար,
- ճառագայթահարված միջուկային վառելիքի կամ բարձր ռադիոակտիվություն ունեցող թափոնների վերամշակման համար,
- ճառագայթահարված միջուկային վառելիքի վերջնական հեռացման համար,
- բացառապես ռադիոակտիվ թափոնների վերջնական հեռացման համար,
- բացառապես ճառագայթահարված միջուկային վառելիքի կամ ռադիոակտիվ թափոնների պահպանման համար (ծրագրավորված ավելի քան տասը տարվա համար) արտադրական օբյեկտի տարածքից դուրս այլ վայրերում։
2. Մետաղների արտադրություն և վերամշակում
- մետաղական հանքանյութերի (ներառյալ սուլֆիդային հանքանյութերի) թրծման և ագլոմերացիայի կայանքներ,
- կայանքներ՝ վերամշակված թուջի կամ պողպատի արտադրության համար (առաջնային կամ երկրորդային ձուլում), ներառյալ անընդհատ հոսքով ձուլումը, որոնք գերազանցում են ժամում 2,5 տոննա հզորությունը,
- սև մետաղների վերամշակման կայանքներ,
i) տաք գլոցանման գործարաններ, որոնց հզորությունը գերազանցում է ժամում 20 տոննա անմշակ պողպատ հզորությունը,
ii) դարբնոցներ, որոնց էներգիան գերազանցում է 50 կիլոջոուլ հզորությունը մեկ մուրճի հաշվով, իսկ սպառվող ջերմային հզորությունը գերազանցում է 20 մվտ մեծությունը,
iii) պաշտպանիչ մետաղական ծածկույթների փչում անմշակ պողպատի մատուցմամբ, որի քանակը գերազանցում է ժամում 2 տոննա մեծությունը,
iv) սև մետաղների ձուլարաններ՝ օրական 20 տոննայից ավելի արտադրական հզորությամբ,
- կայանքներ, որոնք նախատեսված են՝
i) հանքանյութից, խտանյութից կամ երկրորդային հումքային նյութերից անմշակ գունավոր մետաղների արտադրության համար՝ մետալուրգիական, քիմիական կամ էլեկտրոլիտիկ պրոցեսների օգտագործմամբ,
ii) գունավոր մետաղների ձուլամշակում, ներառյալ լեգիրացում, ներառյալ արտադրատեսակների ռեկուպերացիա (զտում, ձուլածագործական արտադրություն և այլն) ձուլման հզորությամբ, որը գերազանցում է օրական 4 տոննան կապարի և կադմիումի համար կամ 20 տոննա մեծությունը այլ մետաղների համար,
- կայանքներ՝ մետաղների և պլաստմասսաների մակերեսային մշակման համար՝ էլեկտրոլիտիկ կամ քիմիական պրոցեսների օգտագործմամբ, երբ վերամշակման համար օգտագործվող անոթների ծավալը գերազանցում է 30 խորանարդ մետրը։
3. Հանքային հումքի վերամշակման արդյունաբերություն
- պտտվող թրծման վառարաններում ցեմենտի կլինկերի արտադրության համար նախատեսված կայանքներ, որոնց արտադրական հզորությունը գերազանցում է օրական 500 տոննան, կամ պտտվող թրծման վառարաններում կրի արտադրության համար նախատեսված կայանքներ, որոնց օրական արտադրական հզորությունը գերազանցում է 50 տոննա մեծությունը, կամ այլ վառարաններում, որոնց օրական արտադրողականությունը գերազանցում է 50 տոննան,
- ասբեստի արտադրության և ասբեստ պարունակող նյութերի պատրաստման համար նախատեսված կայանքներ,
- ապակու, ներառյալ ապակեթելի արտադրության համար նախատեսված կայանքներ, որոնց ձուլման արտադրության հզորությունը գերազանցում է օրական 20 տոննան,
- հանքային նյութերի հալեցման համար նախատեսված կայանքներ, ներառյալ հանքային մանրաթելի արտադրությունը, որի ձուլման արտադրության հզորությունը գերազանցում է օրական 20 տոննան,
- թրծման միջոցով կերամիկական արտադրատեսակների արտադրության համար նախատեսված կայանքներ, մասնավորապես՝ տանիքի կղմինդրի, աղյուսի, հրակայուն աղյուսի, կերամիկական սալիկի, քարե կերամիկայի կամ ճենապակե իրերի արտադրության համար, որի արտադրական հզորությունը գերազանցում է օրական 75 տոննա մեծությունը և/կամ 4 խորանարդ մետր հզորությունը գերազանցող թրծման վառարաններ, որոնց շարման խտությունը գերազանցում է 300 կգ/մ խորանարդ մեծությունը։
4. Քիմիական արդյունաբերություն. սույն կետում բերված դասակարգերի սահմաններում արտադրությունը նշանակում է արդյունաբերական մասշտաբներով արտադրություն՝ ա)-է) ենթակետերում բերված նյութերի կամ նյութերի խմբերի քիմիական վերամշակման միջոցով։
ա) քիմիական կայանքներ, որոնք նախատեսված են հիմնական օրգանական քիմիական նյութերի արտադրության համար, որպիսիք են՝
i) պարզ ածխաջրածիններ (գծային կամ ցիկլիկ, հագեցված կամ չհագեցված, ալիֆատիկ կամ արոմատիկ),
ii) թթվածին պարունակող ածխաջրածիններ, որպիսիք են՝ սպիրտները, ալդեհիդները, կետոնները, կարբոնային թթուները, բարդ եթերները, ացետատները, պարզ եթերները, պերօքսիդները, էպօքսիդային խեժերը,
iii) ծծմբային ածխաջրածինները,
iv) ազոտական ածխաջրածինները, որպիսիք են՝ ամինները, ամիդները, ազոտական միացությունները, նիտրոմիացությունները կամ նիտրատներ, նիտրիլներ, ցիանատներ, իզոցիանատներ,
v) ֆոսֆոր պարունակող ածխաջրածիններ,
vi) հալոգենացված ածխաջրածիններ,
vii) օրգանոմետաղական միացություններ,
viii) հիմնական պլաստմասսաներ (պոլիմերներ, սինթետիկ մանրաթելեր և մանրաթելեր ցելյուլոզայի հիման վրա),
ix) սինթետիկ կաուչուկ,
x) ներկեր և պիգմենտներ,
xi) մակերեսային ակտիվ նյութեր և մակերեսագոյացուցիչներ,
բ) հիմնական անօրգանական նյութերի արտադրության համար նախատեսված կայանքներ, որպիսիք են՝
i) գազային նյութեր, որպիսիք են՝ ամոնիակը, քլորը կամ քլորաջրածինը, ֆտորը կամ ֆտորաջրածինը, ածխածնի օքսիդները, ծծմբի միացությունները, ազոտի օքսիդները, ջրածինը, ծծմբի երկօքսիդը, ածխածնի քլորօքսիդը,
ii) թթուներ, որպիսիք են՝ քրոմային թթուն, ֆտորաջրածնական թթուն, ֆոսֆորական թթուն, ազոտական թթուն, քլորաջրածնական թթուն, ծծմբական թթուն, օլեումը, ծծմբային թթուն,
iii) հիմքերը, որպիսիք են՝ ամոնիումի հիդրոօքսիդը, կալիումի հիդրոօքսիդը, նատրիումի հիդրոօքսիդը,
iv) աղերը, որպիսիք են՝ ամոնիումի քլորիդը, կալիումի քլորօքսիդը, կալիումի կարբոնատը, նատրիումի կարբոնատը, պերբորատը, արծաթի նիտրատը,
v) ոչ մետաղները, մետաղների օքսիդները և այլ անօրգանական միացությունները, որոնք են՝ կալցիումի կարբիդը, սիլիցիումը, սիլիցիումի կարբիդը,
գ) ֆոսֆորային, ազոտական կամ կալիումական հիմքով պարարտանյութերի (պարզ կամ բարդ պարարտանյութերի) արտադրության համար նախատեսված քիմիական արդյունաբերական կայանքներ,
դ) քիմիական արդյունաբերական կայանքներ բուսաբուծության համար նախատեսված նյութերի և բիոցիդների արտադրության համար,
ե) կայանքներ, որտեղ օգտագործվում են քիմիական կամ կենսաբանական պրոցեսներ հիմնական դեղագործական արտադրատեսակների արտադրության համար,
զ) պայթուցիկ նյութերի արտադրության համար նախատեսված քիմիական կայանքներ,
է) քիմիական արտադրության կայանքներ, որտեղ քիմիական կամ կենսաբանական գործընթացները օգտագործվում են կերերի սպիտակուցային հավելուկների, ֆերմենտների և այլ սպիտակուցային նյութերի արտադրության համար։
5. Թափոնների մշակում և հեռացում
- վտանգավոր թափոնների այրման, ռեկուպերացիայի, քիմիական մշակման կամ թաղման համար նախատեսված կայանքներ,
- կոմունալ-կենցաղային թափոնների այրման համար նախատեսված կայանքներ՝ ժամում 3 տոննան գերազանցող հզորությամբ,
- ոչ վտանգավոր թափոնների հեռացման համար նախատեսված կայանքներ՝ օրական 50 տոննան գերազանցող հզորությամբ,
- աղբանոցներ, որտեղ թափվում է օրական ավելի քան 10 տոննա աղբ, կամ ընդհանուր ծավալով, որը գերազանցում է 25 000 տոննան, բացառությամբ չեզոք թափոնների համար նախատեսված աղբանոցների:
6. Կեղտաջրերի մաքրման համար նախատեսված կայանքներ՝ որոնց հզորությունը գերազանցում է 150 000 մարդ բնակչությանը համարժեք մեծությունը։
7. Արդյունաբերական կայանքներ հետևյալ նպատակների համար՝
ա) փայտանյութից ցելյուլոզի կամ նման մանրաթելային նյութերի արտադրության համար,
բ) թղթի և ստվարաթղթի արտադրություն, որի օրական հզորությունը գերազանցում է 20 տոննան։
8. ա) Հեռավոր հաղորդակցության երկաթուղային գծերի և օդանավակայանների կառուցում, 2/ որոնց հիմնական թռիչքային ուղու երկարությունը հավասար է կամ գերազանցում է 2 100 մետրը,
բ) ավտոմայրուղիների և արագընթաց ճանապարհների կառուցում 3/,
գ) նոր ճանապարհների կառուցում, որոնք ունեն երթևեկության չորս կամ ավելի շարքեր կամ երթևեկության երկու կամ պակաս շարքեր ունեցող ճանապարհների վերակառուցում և/կամ լայնացում՝ դրանք չորս կամ ավելի շարքեր ունեցող ճանապարհների վերածելու նպատակով, այնտեղ, որտեղ այդպիսի նոր ճանապարհը կամ վերակառուցվող և/կամ լայնացվող հատվածը ունենալու է 10 կմ կամ ավելի անընդհատ երկարություն։
9. ա) Ներքին ջրային ուղիներ և նավահանգիստներ ներքին նավագնացության համար, որոնք թույլ են տալիս ավելի քան 1 350 տոննա տարողություն ունեցող նավերի անցումը,
բ) առևտրական նավահանգիստներ, բեռնաթափման և բեռնամբարձման նավամատույցներ, որոնք կապված են ափամերձ և դուրս բերված նավահանգիստների հետ (բացառությամբ լաստանավերի նավամատույցները), որոնք կարող են ընդունել ավելի քան 1 350 տոննա տարողություն ունեցող նավեր։
10. Ստորգետնյա ջրերի վերցնման կամ արհեստական ստորգետնյա ջրերի արհեստական համալրման համակարգեր, որոնց վերցնման կամ համալրման տարեկան ծավալը համարժեք է կամ գերազանցում է 10 մլն խորանարդ մետրը:
11. ա) Ջրային ավազանների միջև ջրի հոսքի տեղափոխման աշխատանքներ, երբ այդպիսի տեղափոխումը ուղղված է ջրի հնարավոր պակասը կանխելու, և տեղափոխվող ջրի տարեկան ծավալը գերազանցում է 100 մլն խորանարդ մետրը,
բ) գետերի ավազանների միջև ջրային ռեսուրսների տեղափոխման հետ կապված բոլոր այլ տեսակի աշխատանքների դեպքում, երբ ջրի վերցման միջին բազմամյա հոսքը գերազանցում է տարեկան 2 000 միլիոն խ/մ-ը, երբ տեղափոխվող ջրի ծավալը գերազանցում է այդ հոսքի 5%-ը։
Այս երկու դեպքերում էլ բացառվում է խմելու ջրի հոսքի տեղափոխումը:
12. Նավթի և բնական գազի արդյունահանում առևտրային նպատակներով, երբ արդյունահանման քանակը գերազանցում է օրական 500 տոննան նավթի դեպքում և օրական 500 000 խորանարդ մետրը՝ գազի դեպքում։
13. Ամբարտակներ և այլ կառույցներ, որոնք նախատեսված են ջուրը հետ մղելու կամ ջրի մշտական պահեստավորման համար, որոնց համար ջրի հետ մղված կամ հավելյալ ամբարված քանակությունը գերազանցում է 10 մլն մ/խ –ը:
14. Գազի, նավթի կամ քիմիական նյութերի տեղափոխման համար 800 մմ-ից ավելի տրամագծով և 40 կմ-ից ավելի երկարությամբ խողովակաշարեր:
15. Կայանքներ՝ թռչունների կամ խոզերի ինտենսիվ բուծման համար, որոնք նախատեսված են ավելի, քան՝
ա) 40 000 տեղ թռչունի համար,
բ) 2 000 տեղ խոզերի բտման համար (30 կգ-ից ավելի քաշով), կամ
գ) 750 տեղ մայր խոզերի համար։
16. Քարհանքերի և օգտակար հանածոների բաց եղանակով արդյունահանում, երբ տեղամասի մակերեսը գերազանցում է 25 հեկտարը, կամ տորֆի արդյունահանում, երբ տեղամասի մակերեսը գերազանցում է 150 հեկտարը։
17. Էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցում 220 կվ կամ ավելի բարձր լարվածությամբ և ավելի, քան 15 կմ երկարությամբ։
18. Կայանքներ՝ նավթի, նավթաքիմիական նյութերի կամ քիմիական նյութերի պահեստավորման համար՝ 200 000 տոննա կամ ավելի տարողությամբ։
19. Գործունեության այլ տեսակներ՝
- կայանքներ՝ մանրաթելի կամ տեքստիլի նախնական վերամշակման (այնպիսի գործողություններ, ինչպիսիք են լվացումը, սպիտակեցումը, մերսերիզացիան) կամ ներկման համար, որտեղ մշակվող նյութերի ծավալը գերազանցում է օրական 10 տոննան։
- կայանքներ՝ մորթիների և կաշվի դաբաղման համար, որոնց համար արտադրատեսակների ծավալը գերազանցում է օրական 12 տոննան,
ա) սպանդանոցներ, որոնց մշակման հզորությունը գերազանցում է օրական 50 տոննա մսեղիքը,
բ) մշակում և վերամշակում սննդամթերքներ ստանալու համար հետևյալ նյութերից՝
i) կենդանական հումքից (բացի կաթից), որոնց պատրաստի արտադրանք արտադրելու հզորությունը գերազանցում է օրական 75 տոննան,
ii) բուսական հումքից, որոնց պատրաստի արտադրանք արտադրելու հզորությունը գերազանցում է օրական 300 տոննան (եռամսյակային միջին ցուցանիշ),
գ) կաթի մշակում և վերամշակում, երբ ստացվող կաթի քանակությունը գերազանցում է օրական 200 տոննան (տարեկան միջին ցուցանիշ),
- կայանքներ՝ ընտանի կենդանիների մսեղիքի կամ անասնաբուծության թափոնների հեռացման կամ վերամշակման համար, որոնց օրական հզորությունը գերազանցում է 10 տոննան,
- նյութերի, առարկաների կամ արտադրատեսակների մակերեսային մշակման համար նախատեսված կայանքներ՝ օրգանական լուծիչների օգտագործմամբ, մասնավորապես, կայանքներ՝ հարդարման, տպագրման, ծածկույթի, յուղազրկման, ջրամեկուսացման, ստանդարտացման, ներկման, մաքրման կամ ներծծման համար, որոնց օրական հզորությունը գերազանցում է 150 կգ-ը մեկ ժամում կամ տարեկան՝ 200 տոննան,
- կայանքներ՝ ածխածնի (բնական կոքսի) կամ էլեկտրագրաֆիտի արտադրության համար՝ այրման կամ գրաֆիտիզացիայի միջոցով։
20. Ցանկացած տեսակի գործունեություն, որն ընդգրկված չէ վերը բերված 1-19 կետերում, այն դեպքերում, երբ հասարակության մասնակցությունը նախատեսվում է շրջակա միջավայրի վրա թողած ազդեցության գնահատման ընթացակարգի սահմաններում՝ ազգային օրենսդրությանը համապատասխան։
21. Սույն Կոնվենցիայի հոդված 6-ի 1 ա) կետի դրույթները չեն կիրառվում վերոհիշյալ որևէ ծրագրի նկատմամբ, որը իրականացվում է բացառապես կամ հիմնականում հետազոտությունների, նոր մեթոդների կամ արտադրատեսակների մշակումների և ստուգման համար՝ երկու տարվանից պակաս ժամկետով, եթե միայն գոյություն չունի շրջակա միջավայրի կամ առողջության համար էական վտանգի հավանականություն։
22. Գործունեության ցանկացած փոփոխություն կան ընդլայնում, որը ինքնին համապատասխանում է սույն հավելվածում սահմանված չափանիշներին /սահմանային մեծություններին, որոնք սահմանված են սույն հավելվածի մեջ, ընկնում է սույն Կոնվենցիայի հոդված 6-ի 1 ա) կետի տակ։ Գործունեության ցանկացած այլ փոփոխություն կամ ընդլայնում ընկնում է սույն Կոնվենցիայի հոդված 6-ի 1 բ) կետի տակ։
Ծանոթություններ
1. Ատոմային էլեկտրակայանները և այլ ատոմային ռեակտորները դադարում են լինել այդպիսիք, երբ միջուկային վառելիքը և ռադիոակտիվությամբ աղտոտված տարրերը վերջնականապես հեռացված են կայանքի արդյունաբերական տարածքից։
2. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «օդանավակայան» նշանակում է՝ օդանավակայան, որը համապատասխանում է Չիկագոյի 1944 թվականի Կոնվենցիայի սահմանմանը, որով հիմնադրվել է Քաղաքացիական օդանավագնացության միջազգային կազմակերպությունը (Հավելված 14)։
3. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «արագընթաց ճանապարհ» նշանակում է՝ ճանապարհ, որը համապատասխանում է 1975 թվականի նոյեմբերի 15-ի Ավտոմոբիլային ճանապարհների մասին Եվրոպական համաձայնագրում տրված սահմանմանը։
Հավելված 2
Արբիտրաժ
1. Այն դեպքում, երբ վեճը փոխանցվում է արբիտրաժային քննության՝ սույն Կոնվենցիայի հոդված 16-ի 2-րդ կետի համաձայն, կողմը կամ կողմերը ծանուցում են քարտուղարությանը արբիտրաժային քննության առարկայի մասին և նշում, մասնավորապես, սույն Կոնվենցիայի հոդվածները, որոնց մեկնաբանության կամ կիրառման հարցով առաջացել է վեճը։ Քարտուղարությունը ուղարկում է ստացված ծանուցումը սույն Կոնվենցիայի բոլոր Կողմերին։
2. Արբիտրաժային դատարանը կազմվում է երեք անդամից։ Վեճին մասնակցող ինչպես կողմ-հայցվորը կամ կողմեր-հայցվորները, այնպես էլ այլ կողմերը նշանակում են մեկական արբիտր և այս ձևով ընտրված երկու արբիտրներ փոխադարձ համաձայնությամբ նշանակում են երրորդ արբիտրին, որը ստանձնում է արբիտրաժային դատարանի նախագահի դերը։ Վերջինս չի կարող լինել վեճի կողմերից որևէ մեկի քաղաքացի և չի կարող մշտական բնակության վայր ունենալ կողմերից որևէ մեկի տարածքում, չի կարող գտնվել դրանց ծառայության մեջ կամ գործի հետ որևէ այլ կերպ առնչություն ունենալ։
3. Եթե երկրորդ արբիտրի նշանակումից հետո երկու ամսվա ընթացքում արբիտաժային դատարանի նախագահը նշանակված չէ, ապա ցանկացած կողմի խնդրանքով Եվրոպայի տնտեսական խորհրդի գործադիր քարտուղարը նախագահ նշանակում է հաջորդ երկու ամիսների ընթացքում։
4. Եթե վեճի կողմերից մեկը չի նշանակում մյուս արբիտրին խնդրանքը ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում, ապա մյուս կողմը կարող է տեղեկացնել այդ մասին Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին, որը նշանակում է արբիտրաժային դատարանի նախագահին հաջորդ երկու ամսվա ընթացքում։ Իր նշանակումից հետո արբիտրաժային դատարանի նախագահը խնդրում է այն կողմին, որը դեռ չի նշանակել արբիտրին, կատարել այդ երկու ամսվա ընթացքում։ Եթե վերջինս դա չի անում հիշյալ ժամանակահատվածի ընթացքում, ապա նախագահը տեղեկացնում է Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին, որն այդ արբիտրին նշանակում է հաջորդ երկու ամսվա ընթացքում։
5. Արբիտրաժային դատարանը կայացնում է իր որոշումը միջազգային իրավունքի և սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան։
6. Ցանկացած արբիտրաժային դատարան, որը հիմնադրվում է սույն հավելվածի դրույթներին համապատասխան, մշակում է ընթացակարգի սեփական կանոնները։
7. Արբիրտրաժային դատարանի որոշումները և՛ ընթացակարգային, և՛ նյութական հարցերով ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ։
8. Դատարանը կարող է ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները փաստերի բացահայտման համար։
9. Վեճի կողմերը աջակցություն են ցուցաբերում արբիտրաժային դատարանի աշխատանքին և, մասնավորապես, օգտագործելով իրենց տրամադրության տակ եղած բոլոր միջոցները.
ա) տրամադրում են նրան բոլոր համապատասխան փաստաթղթերը, պայմանները, տեղեկությունը,
բ) անհրաժեշտության դեպքում նրան հնարավորություն են ընձեռում կանչել վկաներին կամ փորձագետներին և լսել նրանց ցուցմունքները։
10. Վեճի կողմերը և արբիտրաժային դատարանի անդամները պահպանում են ցանկացած այն տեղեկության գաղտնիությունը, որը ստացվում է նրանց՝ գործը արբիտրաժային դատարանում քննելու ընթացքում։
11. Արբիտրաժային դատարանը կարող է, կողմերից մեկի խնդրանքով, իրականացնել պաշտպանության ժամանակավոր միջոցներ։
12. Եթե կողմերից մեկը չի ներկայանում արբիտրաժային դատարան կամ չի մասնակցում գործի քննությանը, մյուս կողմը կարող է խնդրել դատարանին՝ շարունակել քննությունը և ընդունել վերջնական որոշում։ Կողմերից մեկի բացակայելը դատարանում կամ կողմերից մեկի չմասնակցելը գործի քննության համար խոչընդոտ չի հանդիսանում։
13. Արբիտրաժային դատարանը կարող է լսել հակընդդեմ հայցերը, որոնք առաջանում են անմիջականորեն վեճի էությունից, և որոշում կայացնել դրանց կապակցությամբ։
14. Եթե արբիտրաժային դատարանը այլ որոշում չի կայացնում, ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից, ապա դատական ծախսերը, ներառյալ դատարանի անդամների վարձատրությունը, բաշխվում են վեճի կողմերի միջև հավասար չափով։ Դատարանը գրանցում է իր բոլոր ծախսերը և վեճի կողմերին վերջնական հաշվետվություն է ներկայացնում այդ ծախսերի մասին։
15. Սույն Կոնվենցիայի ցանկացած Կողմ, որն ունի իրավական բնույթի շահագրգռվածություն վեճի առարկայի նկատմամբ և կարող է տուժել տվյալ գործով կայացված որոշմամբ, կարող է մասնակցել գործի քննությանը՝ դատարանի համաձայնությամբ։
16. Արբիտրաժային դատարանը կայացնում է իր որոշումը իր հիմնադրման օրվանից հինգ ամսվա ընթացքում, եթե անհրաժեշտ չի համարում երկարացնել այս ժամկետը հինգ ամիսը չգերազանցող ժամանակահատվածով։
17. Արբիտրաժային դատարանի որոշումը ուղեկցվում է դրա հիմնավորմամբ։ Այդ որոշումը հանդիսանում է վերջնական և պարտադիր վեճի բոլոր կողմերի համար։ Արբիտրաժային դատարանը ուղարկում է իր որոշումը վեճի կողմերին և քարտուղարություն։ Քարտուղարությունը ուղարկում է ստացված տեղեկությունը սույն Կոնվենցիայի բոլոր Կողմերին։
18. Ցանկացած վեճ, որը կարող է առաջանալ կողմերի միջև դատարանի որոշման մեկնաբանության կամ իրականացման առթիվ, կարող է ցանկացած կողմի կողմից ներկայացվել այն արբիտրաժային դատարան, որը կայացրել է այդ որոշումը կամ, եթե հնարավոր չէ օգտվել վերջինիս ծառայություններից, մեկ այլ դատարան, որն այս նպատակով հիմնվում է նույն կերպ, ինչպես և առաջինը։
* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի հոկտեմբերի 30-ից: