Հոդված 4
Հոդված 4
Բնապահպանական տեղեկության մատչելիությունը
1. Յուրաքանչյուր կողմ ապահովում է, որ, սույն հոդվածի ներքոնշյալ կետերի համաձայն, ի պատասխան բնապահպանական տեղեկություն տրամադրելու խնդրանքի, պետական մարմինները ազգային օրենսդրության շրջանակներում հասարակությանը տրամադրեն այդ տեղեկությունը, ներառյալ՝ հայցի առկայության դեպքում և ստորև բերված բ) կետին համապատասխան, իրական փաստաթղթերի պատճենները, որոնք պարունակում են կամ իրենց մեջ ներառում են այդպիսի տեղեկությունը՝
ա) առանց անհրաժեշտության ձևակերպել իր հետաքրքրությունը.
բ) պահանջված ձևով, եթե միայն՝
i) պետական մարմինը հիմքեր չունի տրամադրել այն այլ ձևով. այս դեպքում պետք է նշված լինեն այն պատճառները, որոնք արդարացնում են տեղեկության տրամադրումը տվյալ ձևով, կամ
ii) տեղեկությունը հասարակությանը արդեն չի տրամադրվել այլ ձևով։
2. Կետ 1-ում և ավելի վեր հիշատակվող բնապահպանական տեղեկությունը տրամադրվում է առավելագույնս սեղմ ժամանակամիջոցում, սակայն ոչ ուշ, քան խնդրանքի ներկայացման օրվանից մեկ ամսվա ընթացքում, եթե համապատասխան տեղեկության ծավալը և բարդությունը չի արդարացնում այդ ժամանակամիջոցի երկարացումը մինչև երկու ամիս՝ խնդրանքի ներկայացման օրվանից։ Խնդրանքը ներկայացնողը տեղեկացվում է այդ ժամանակահատվածի ցանկացած երկարաձգման և այն պատճառների մասին, որոնք արդարացնում են այդպիսի որոշման ընդունումը։
3. Բնապահպանական տեղեկության տրամադրման խնդրանքը կարող է մերժվել, եթե.
ա) պետական մարմինը, որին ներկայացվել է խնդրանքը, չի տիրապետում պահանջվող բնապահպանական տեղեկությանը։
բ) խնդրանքը ակնհայտորեն չհիմնավորված է կամ ձևակերպված է չափազանց ընդհանուր ձևով, կամ
գ) խնդրանքը վերաբերում է այնպիսի նյութերի, որոնք գտնվում են ավարտման փուլում, կամ վերաբերում է պետական մարմինների ներքին գրագրությանը, երբ այդպիսի բացառումը նախատեսված է ազգային օրենսդրությամբ կամ հաստատված է գործնական փորձով՝ հաշվի առնելով հասարակության շահը այդ տեղեկության բացահայտմամբ:
4. Բնապահպանական տեղեկություն ստանալու խնդրանքը կարող է մերժվել, եթե դրա բացահայտումը բացասականորեն ազդում է՝
ա) պետական մարմինների աշխատանքի գաղտնիության վրա՝ այն դեպքերում, երբ այդպիսի գաղտնիությունը նախատեսված է ազգային օրենսդրությամբ,
բ) միջազգային հարաբերությունների, ազգային պաշտպանության կամ պետական անվտանգության վրա,
գ) արդարադատության իրականացման վրա, անձի արդարացի դատավարության արժանանալու հնարավորության վրա կամ պետական մարմինների կարողության վրա՝ անցկացնել քրեական կամ կարգապահական բնույթի հետաքննություն,
դ) առևտրային և արդյունաբերական տեղեկության գաղտնիության վրա, այն դեպքերում, երբ այդ գաղտնիությունը պաշտպանվում է օրենքով՝ օրինական տնտեսական շահերի պաշտպանության նպատակով։ Այս շրջանակներում բնապահպանությանը վերաբերող արտանետումների մասին տեղեկությունը ենթակա է բացահայտման,
ե) մտավոր սեփականության իրավունքի վրա,
զ) անձնական տվյալների և/կամ արխիվների գաղտնիության վրա, որոնք վերաբերում են ֆիզիկական անձանց, երբ անձը իր համաձայնությունը չի տվել հասարակությանը այդպիսի տեղեկություն տրամադրելու մասին՝ ելնելով ազգային օրենսդրության դրույթներից,
է) պահանջվող տեղեկությունը ներկայացնող երրորդ կողմի շահերի վրա, եթե այդ կողմը կապված չէ այդօրինակ վարվելու իրավական պարտականությամբ, կամ եթե այդ կողմի վրա չեն կարող դրվել այդպիսի պարտականություններ, և այն դեպքերում, երբ այդ կողմը համապատասխան տեղեկության հրապարակման համար համաձայնություն չի տվել, կամ
ը) այն շրջակա միջավայրի վրա, որին վերաբերում է տեղեկությունը, օրինակ՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վերաբերյալ։
Մերժման վերոհիշյալ հիմքերը մեկնաբանվում են սահմանափակ՝ հաշվի առնելով հասարակության շահագրգռվածությունը այդ տեղեկության հրապարակման մեջ, և այն, թե այդ տեղեկությունը կապված է արդյոք շրջակա միջավայր կատարվող արտանետումների հետ։
5. Այն դեպքերում, երբ պետական մարմինը չի տիրապետում պահանջվող բնապահպանական տեղեկությանը, այդ պետական մարմինը առավել սեղմ ժամկետներում տեղեկացնում է խնդրանքը ներկայացնողին այն պետական մարմնի մասին, որին, ըստ իրեն, կարելի է դիմել տեղեկություն տրամադրելու խնդրանքով, կամ հանձնում է այդ խնդրանքը տվյալ մարմնին և պատշաճ կերպով տեղյակ է պահում խնդրանքը ներկայացնողին։
6. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ այն դեպքերում, երբ տեղեկությունը, որը ենթակա չէ տրամադրման ըստ վերոհիշյալ 3 գ) և 4 կետերի, հնարավոր է առանձնացնել այլ տեղեկությունից, առանց վնասելու տրամադրման ոչ ենթակա տեղեկության գաղտնիությունը, պետական մարմինները տրամադրեն պահանջվող բնապահպանական տեղեկության մնացած մասը։
7. Եթե տեղեկության տրամադրման խնդրանքը ներկայացվել է գրավոր, կամ եթե խնդրանքը ներկայացնողը խնդրում է այդ մասին, ապա մերժումը նույնպես տրվում է գրավոր։ Մերժման մեջ նշվում են դրա պատճառները և համապատասխան տեղեկություն որոշման ընդունման ընթացակարգի մատչելիության մասին՝ ըստ հոդված 9-ի։ Տեղեկության տրամադրման խնդրանքի մերժումը տրվում է առավել սեղմ ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, եթե միայն տեղեկության բարդությունը չի արդարացնում այդ ժամկետի երկարացումը մինչև երկու ամիս՝ խնդրանքի ներկայացման պահից։ Խնդրանքը ներկայացնողը տեղեկացվում է այդ ժամկետի ցանկացած երկարացման և դրա պատճառների մասին։
8. Յուրաքանչյուր Կողմ կարող է թույլատրել իր պետական մարմիններին՝ տեղեկության տրամադրման համար վարձ պահանջել՝ պայմանով, որ այդ վարձը չի գերազանցի ընդունելի չափը։ Պետական մարմինները, որոնք մտադիր են տեղեկության տրամադրման համար վարձ պահանջել, խնդրանքը ներկայացնողներին հաղորդում են վարձի դրույքաչափերը, ըստ որոնց կատարվում է գանձումը, նշելով այն հանգամանքները, որոնք պահանջում են վարձավճարների գանձում կամ ազատում են նրանց վճարումից, ինչպես նաև այն դեպքերը, երբ տեղեկությունը տրամադրվում է այդպիսի վարձավճարի նախնական վճարման պայմանով։