Հոդված 2
Հոդված 2
Սահմանումներ
Սույն Համաձայնագրի նպատակների համար, եթե ենթատեքստից այլ բան չի հետևում`
ա) «Կոնվենցիա» հասկացությունը նշանակում է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Կոնվենցիան, որը ստորագրվել է Չիկագոյում 1944 թվականի դեկտեմբերի 7-ին, և ներառում է ցանկացած հավելված, որն ընդունվել է այդ Կոնվենցիայի 90-րդ հոդվածի համաձայն և հավելվածների կամ Կոնվենցիայի 90-րդ և 94-րդ հոդվածների համաձայն ցանկացած փոփոխություն, այնքանով որքանով այդ հավելվածներն ու փոփոխություններն ընդունվել են երկու Պայմանավորվող կողմերի կողմից,
բ) «ավիացիոն իշխանություններ» հասկացությունը նշանակում է` Հայաստանի Հանրապետության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, և Սերբիայի Հանրապետության դեպքում` Սերբիայի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի տնօրինությունը, կամ երկու դեպքում էլ ցանկացած այլ անձ կամ մարմին, որը լիազորված է իրականացնելու այդ ավիացիոն իշխանությունների կողմից ներկայումս կատարվող գործառույթները,
գ) «նշանակված ավիաընկերություն» հասկացությունը նշանակում է ավիաընկերություն, որը նշանակվել և լիազորվել է սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն,
դ) «տարածք», «օդային հաղորդակցություն», «միջազգային օդային հաղորդակցություն», «ավիաընկերություն» և «կանգառ ոչ առևտրային նպատակներով» հասկացություններն ունեն Կոնվենցիայի 2-րդ և 96-րդ հոդվածներով դրանց ամրագրված իմաստները,
ե) «տարողություն» հասկացությունը համաձայնեցված հաղորդակցությունների առնչությամբ նշանակում է այդ հաղորդակցություններում օգտագործվող օդանավի տարողությունը` բազմապատկած այդ օդանավով տրված ժամանակահատվածում երթուղու կամ դրա մի հատվածի վրա շահագործվող հաճախականությամբ,
զ) «համաձայնեցված հաղորդակցություններ» հասկացությունը նշանակում է սույն Համաձայնագրի Հավելվածում սահմանված երթուղիներով կանոնավոր միջազգային օդային հաղորդակցություններ` ուղևորներ, բեռ, և փոստ առանձին կամ համակցված փոխադրելու համար,
է) «սահմանված երթուղի» հասկացությունը նշանակում է սույն Համաձայնագրի Հավելվածի Երթուղիների ցանկում սահմանված երթուղին,
ը) «Հավելված» հասկացությունը նշանակում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող հավելվածը` հետագայում դրանում կատարվելիք փոփոխություններով և լրացումներով հանդերձ,
թ) «սակագին» հասկացությունը նշանակում է ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար վճարվելիք գներ և պայմաններ, որոնց ներքո այդ գները կիրառվում են` ներառյալ փոխադրողի կողմից մատուցված այլ ծառայությունների դիմաց գները և պայմանները` կապված օդային փոխադրման հետ, և ներառյալ գործակալներին առաջարկված փոխհատուցումները և պայմանները, սակայն բացառությամբ փոստի փոխադրման համար փոխհատուցումը և պայմանները,
ժ) «սպասարկման գանձումներ» հասկացությունը նշանակում է ավիաընկերություններից` իրավասու իշխանությունների կողմից գանձվող կամ դրանց կողմից թույլատրված վարձավճարները օդանավակայանի գույքի կամ միջոցների, կամ աերոնավիգացիոն սարքավորումների կամ ավիացիոն անվտանգության սարքավորումների կամ ծառայությունների տրամադրման համար ներառյալ հարակից ծառայությունները և միջոցները օդանավերի, դրանց անձնակազմերի, ուղևորների և բեռների համար: