Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

ՏՈԿՈՍՆԵՐԸ

1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն այդպիսի տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ դրանք առաջանում են` այդ Պետության օրենքների համաձայն. բայց եթե տոկոսների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի.

ա) տոկոսների համախառն գումարի 0 տոկոսը, եթե այն վճարվում է Պայմանավորվող պետությանը կամ նրա իշխանության տեղական մարմիններին, ներառյալ` Պայմանավորվող պետության կենտրոնական բանկին կամ ամբողջությամբ Պայմանավորվող պետության սեփականությունը հանդիսացող ցանկացած հաստատությանը, գործակալությանը կամ հիմնադրամին.

բ) տոկոսների համախառն գումարի 5 տոկոսը, եթե այն վճարվում է բանկային ձեռնարկության կողմից տրված ցանկացած տեսակի փոխառության դիմաց.

գ) տոկոսների համախառն գումարի 10 տոկոսը` մյուս բոլոր դեպքերում:

Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն սահմանափակումների կիրառման եղանակը որոշում են փոխադարձ համաձայնությամբ:

3. «Տոկոսներ» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է` եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջից, անկախ հիպոտեկային ապահովումից և անկախ պարտապանի շահույթին մասնակցության իրավունքի առկայությունից, և, մասնավորապես, եկամուտ պետական արժեթղթերից և եկամուտ պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից, ներառյալ` այդպիսի արժեթղթերից, պարտատոմսերից և փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարներից ու մրցանակներից: Ժամկետանց վճարման համար գանձվող տույժերը սույն հոդվածի նպատակներով որպես տոկոսներ չեն դիտարկվում:

4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և պարտապահանջը, որի կապակցությամբ վճարվում են տոկոսները, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:

5. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ Պետության ռեզիդենտ է: Եթե, այնուամենայնիվ, տոկոսներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն, որի կապակցությամբ առաջացել է պարտքը, և որի տոկոսները վճարվում են, և այդպիսի տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը, ապա այդպիսի տոկոսները համարվում են առաջացած այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը:

6. Եթե վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով պարտապահանջին վերաբերող վճարվող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը նշված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա` յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան, հաշվի առնելով սույն Համաձայնագրի մյուս դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։