Հոդված 10
Հոդված 10
ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԸ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է շահաբաժինները վճարող ընկերությունը` այդ Պետության օրենքների համաձայն. բայց եթե ստացողը շահաբաժինների փաստացի սեփականատերն է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի.
ա) շահաբաժինների համախառն գումարի 0 տոկոսը, եթե փաստացի սեփականատերն ընկերություն է (ընկերակցությունից բացի),
i) որն ուղղակիորեն տնօրինում է շահաբաժիններ վճարող ընկերության գույքի առնվազն 25 տոկոսը, և
ii) որն այդ ակտիվները տնօրինում է առնվազն 2 տարի` մինչև սույն ենթակետով որևէ պահանջի ներկայացումը, և
iii) որը ռեզիդենտության Պետությունում շահաբաժինների մասով ամբողջությամբ արտոնյալ է, այսինքն` ազատված է կամ կարող է ազատված լինել հարկից. բայց սույն ենթակետով դրա նկատմամբ արտոնությունը կիրառվում է շահաբաժիններ վճարող ընկերության կողմից վճարված շահաբաժինների մասով վճարված հարկի հաշվանցման միջոցով (ներառյալ 24-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն հաշվանցումները).
բ) շահաբաժինների համախառն գումարի 5 տոկոսը, եթե փաստացի սեփականատերը ընկերություն է (ընկերակցությունից բացի), որն ուղղակիորեն տնօրինում է շահաբաժիններ վճարող ընկերության գույքի առնվազն 10 տոկոսը.
գ) շահաբաժինների համախառն գումարի 15 տոկոսը` մյուս բոլոր դեպքերում:
Պայմանավորվող պետությունների իրավասու մարմիններն այս սահմանափակումների կիրառման եղանակը որոշում են փոխադարձ համաձայնությամբ:
Սույն կետը չի ազդում ընկերության այն շահույթի հարկման վրա, որից վճարվում են շահաբաժինները:
3. «Շահաբաժիններ» տերմինը սույն Համաձայնագրում օգտագործվելիս նշանակում է` եկամուտ բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհանդիսացող` շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքներից, ինչպես նաև եկամուտ այլ բաժնետիրական իրավունքներից, որը ենթակա է նույնպիսի հարկային կարգավորման, ինչպես բաժնետոմսերից եկամուտը` այն Պետության օրենքների համաձայն, որի ռեզիդենտն է բաշխումն իրականացնող ընկերությունը:
4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է շահաբաժիններ վճարող ընկերությունը, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և մասնակցությունը, որի կապակցությամբ վճարվում են շահաբաժինները, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:
5. Եթե Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունից, ապա այդ մյուս Պետությունը չի կարող հարկել ընկերության կողմից վճարված շահաբաժինները` բացառությամբ, երբ այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ երբ մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, փաստացի կապված է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության հետ, և չի կարող ընկերության չբաշխված շահույթը ենթարկել հարկման ընկերության չբաշխված շահույթից գանձվող հարկով, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթն ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս Պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից: