Հոդված 24
Հոդված 24
ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ
1. Հայաստանում կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպով.
ա) եթե Հայաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որը, սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, կարող է հարկվել Իռլանդիայում, ապա Հայաստանը թույլ է տալիս.
i) այդ ռեզիդենտի եկամտի վրա դրվող հարկից նվազեցնել Իռլանդիայում վճարված եկամտահարկին հավասար գումար.
ii) այդ ռեզիդենտի գույքի վրա դրվող հարկից նվազեցնել Իռլանդիայում վճարված գույքահարկին հավասար գումար:
Սակայն այդպիսի նվազեցումը ցանկացած դեպքում չպետք է գերազանցի մինչև նվազեցման տրամադրումը հաշվարկված եկամտահարկի կամ գույքահարկի այն մասը, որը վերագրվում է, հանգամանքներից կախված, այն եկամտին կամ գույքին, որը կարող է հարկվել Իռլանդիայում:
բ) Եթե, սույն Համաձայնագրի որևէ դրույթին համապատասխան, Հայաստանի ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած գույքն ազատված է Հայաստանում հարկումից, ապա Հայաստանը կարող է, ամեն դեպքում, այդպիսի ռեզիդենտի եկամտի կամ գույքի մնացած մասի սահմանվող հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել հարկումից ազատված եկամուտը կամ գույքը:
2. Իռլանդիայում կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպով.
պահպանելով Իռլանդիայի օրենքների դրույթները, որոնք վերաբերում են Իռլանդիայի տարածքից դուրս վճարման ենթակա հարկերի փոխարեն իռլանդական հարկի հաշվանցման թույլտվությանը (որը չի ազդում վերջինիս հիմնական սկզբունքի վրա).
ա) հայաստանյան աղբյուրներից ստացված շահույթից, եկամտից կամ արժեքի հավելաճից (շահաբաժինների դեպքում բացառելով այն հարկը, որը ենթակա է վճարման այն շահույթից, որից վճարվել է շահաբաժինը) Հայաստանի օրենքների և սույն Համաձայնագրի համաձայն վճարման ենթակա հայկական հարկը կարող է ուղղակիորեն կամ նվազեցման միջոցով հաշվանցվել ցանկացած իռլանդական հարկի դիմաց, որը հաշվարկվել է` հիմք ընդունելով այն նույն շահույթը, եկամուտը կամ արժեքի հավելաճը, որը հիմք ընդունելով` հաշվարկվել է հայկական հարկը.
բ) եթե շահաբաժինը Հայաստանի ռեզիդենտ ընկերության կողմից վճարվում է Իռլանդիայի ռեզիդենտ ընկերությանը, և որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում է շահաբաժիններ վճարող ընկերությունում ձայնի իրավունքի 5 կամ ավելի տոկոսը, ապա հաշվանցման ընթացքում հաշվի է առնվում (ի լրումն ցանկացած հայկական հարկի, որը ենթակա է հաշվանցման սույն կետի «ա» ենթակետի դրույթների համաձայն) հայկական հարկը, որն ընկերության կողմից ենթակա է վճարման այն շահույթի մասով, որից վճարվում է շահաբաժինը:
3. 1-ին և 2-րդ կետերի նպատակով` Պայմանավորվող պետության ռեզիդենտին պատկանող շահույթը, եկամուտը կամ գույքի արժեքի հավելաճը, որը, սույն Համաձայնագրի համաձայն, կարող է հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, համարվում են ստացված այդ մյուս Պայմանավորվող պետության աղբյուրներից:
4. Եթե, Համաձայնագրի ցանկացած դրույթին համապատասխան, Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտն այդ Պետությունում ազատված է հարկումից, ապա այդ Պետությունը, այնուամենայնիվ, այդպիսի ռեզիդենտի եկամտի մնացած մասի նկատմամբ հարկի գումարը հաշվարկելիս կարող է հաշվի առնել ազատված եկամուտը:
5. Եթե, սույն Համաձայնագրի ցանկացած դրույթին համապատասխան, եկամուտը կամ գույքի արժեքի հավելաճը ամբողջությամբ կամ մասամբ ազատվում է հարկից Պայմանավորվող պետությունում, և մյուս Պայմանավորվող պետության գործող օրենքների համաձայն` անձը վերը նշված եկամտի կամ գույքի արժեքի հավելաճի մասով ենթակա է հարկման այն գումարի առնչությամբ, որն ազատված է կամ ստացվել է այդ մյուս Պետությունում, բայց ոչ այդ ամբողջ գումարի առնչությամբ, ապա, սույն Համաձայնագրի համաձայն, ազատման թույլատրումը առաջինը նշված Պետությունում կիրառվում է միայն եկամտի և գույքի արժեքի հավելաճի այն մասի նկատմամբ, որն ազատված է կամ ստացվել է այդ մյուս Պետությունում: