Հոդված 30
Հոդված 30
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մնում մինչև Պայմանավորվող պետության կողմից դրա գործողության դադարեցումը:
2. Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել Համաձայնագրի գործողությունը այն ուժի մեջ մտնելուց 5 տարի հետո` ցանկացած օրացուցային տարվա հունիսի 30-ին կամ մինչև հունիսի 30-ը, մյուս Պայմանավորվող պետությանը դիվանագիտական ուղիներով դադարեցման մասին գրավոր ծանուցում ներկայացնելով: Այդ դեպքում Համաձայնագիրը դադարեցնում է իր գործողությունը.
ա) Հայաստանում`
i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` դադարեցման մասին ծանուցումը հանձնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ այդ օրվանից հետո ստացված եկամուտների նկատմամբ, և
ii) եկամտի կամ գույքի մյուս հարկերի առնչությամբ` դադարեցման մասին ծանուցումը հանձնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրվանից սկսվող ցանկացած հարկային տարվա ընթացքում վճարման ենթակա հարկերի նկատմամբ:
բ) Իռլանդիայում`
i) եկամտահարկի, համընդհանուր սոցիալական վճարի և գույքի արժեքի հավելաճից հարկերի առնչությամբ` դադարեցման մասին ծանուցումը հանձնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո սկսվող ցանկացած հարկային տարվա նկատմամբ, և
ii) շահութահարկի առնչությամբ` դադարեցման մասին ծանուցումը հանձնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո սկսվող ցանկացած ֆինանսական տարվա նկատմամբ:
Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Դուբլին քաղաքում 2011 թվականի հուլիսի 14-ին, երկու բնօրինակով` հայերեն և անգլերեն, ընդ որում` երկու տարբերակներն էլ հավասարազոր են:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իռլանդիայի Կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին Համաձայնագրի ստորագրման պահին ներքոստորագրյալները համաձայնության են եկել, որ հետևյալ դրույթները կազմելու են Համաձայնագրի անբաժանելի մասը:
4-րդ հոդվածի 3-րդ կետի առնչությամբ
Համաձայնեցված է, որ «փաստացի կառավարման վայր»-ը այն վայրն է, որտեղ ընկերությունը փաստացի կառավարվում է և վերահսկվում. այն վայրը, որը տնտեսական և գործառութային տեսանկյունից կարևոր նշանակություն ունի ընկերության կառավարման հարցում, և այն վայրը, որտեղ պահվում են հաշվապահական գրքերը:
5-րդ հոդվածի 4-րդ կետի առնչությամբ
4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի նպատակներով համաձայնեցված է, որ «առաքում» տերմինը չի կիրառվում, երբ ապրանքների կամ արտադրանքի վաճառքն իրականացվում է ձեռնարկատիրական գործունեության այդպիսի վայրում:
11-րդ հոդվածի 2-րդ կետի առնչությամբ
Անկախ 2-րդ կետի «բ» ենթակետից` Իռլանդիան, ինչպես նշված է Համաձայնագրում, այդպիսի տոկոսներն ազատում է հարկումից Իռլանդիայում, եթե դրանք վճարվել են Հայաստանի ռեզիդենտին: Ավելին, եթե սույն Համաձայնագիրն ստորագրելուց հետո կրկնակի հարկումը բացառելու մասին որևէ համաձայնագրում` ստորագրված Հայաստանի կողմից և այն պետության կողմից, որը սույն Համաձայնագրի ստորագրման օրվա դրությամբ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ պետություն է, Հայաստանը համաձայնում է սահմանափակել 2-րդ կետի «բ» ենթակետի մեջ նշված ցանկացած տոկոսի հարկումը 5 տոկոսից ավելի ցածր դրույքաչափով, ապա այդպիսի ցածր դրույքաչափը ինքնաբերաբար կիրառվում է սույն Համաձայնագրին համապատասխան, այնպես, ինչպես նշված էր 2-րդ կետի «բ» ենթակետի մեջ, այդ Համաձայնագրի դրույթներն ուժի մեջ մտնելու օրվանից:
Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Դուբլին քաղաքում 2011 թվականի հուլիսի 14-ին, երկու բնօրինակով` հայերեն և անգլերեն, ընդ որում` երկու տարբերակներն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. դեկտեմբերի 19-ին