Հոդված 3
Հոդված 3
Գործողության ոլորտը
1. Կողմերը պարտավորվում են սույն Կոնվենցիան կիրառել պետական և մասնավոր ոլորտներում ավտոմատացված անձնական տվյալների ֆայլերի և անձնական տվյալների ավտոմատացված մշակման նկատմամբ:
2. Ցանկացած պետություն ստորագրման ժամանակ կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելիս կամ ավելի ուշ` ցանկացած ժամանակ, կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարության միջոցով ծանուցել, որ.
ա. ինքը սույն Կոնվենցիան չի կիրառելու ավտոմատացված անձնական տվյալների ֆայլերի որոշակի կատեգորիաների նկատմամբ, որոնց ցանկն ի պահ կհանձնվի: Այս ցանկում ինքը, այնուամենայնիվ, չպետք է ներառի ավտոմատացված տվյալներ պարունակող ֆայլերի այնպիսի կատեգորիաներ, որոնց նկատմամբ, իր ներպետական իրավունքի համաձայն, կիրառվում են տվյալների պաշտպանության դրույթները: Հետևաբար, նա պետք է այս ցանկում փոփոխություն կատարի նոր հայտարարության միջոցով` ցանկացած ժամանակ, երբ անձնական տվյալների ավտոմատացված ֆայլերի լրացուցիչ կատեգորիաների նկատմամբ, իր ներպետական իրավունքի համաձայն, կիրառվում են տվյալների պաշտպանության դրույթները.
բ. ինքը սույն Կոնվենցիան պետք է կիրառի անձանց խմբերի, ասոցիացիաների, հիմնադրամների, ընկերությունների, կորպորացիաների և ուղղակիորեն կամ անուղղակիորեն անհատներից բաղկացած ցանկացած այլ մարմինների վերաբերյալ տեղեկատվության նկատմամբ` անկախ այն հանգամանքից` այդ մարմիններն ունեն իրավաբանական անձի կարգավիճակ, թե ոչ.
գ. ինքը պետք է նաև սույն Կոնվենցիան կիրառի անձնական տվյալների ֆայլերի նկատմամբ, որոնք չեն մշակվում ավտոմատ կերպով:
3. Ցանկացած պետություն, որը վերոնշյալ 2-րդ կետի բ կամ գ ենթակետերով նախատեսված հայտարարություններից որևէ մեկի միջոցով ընդլայնել է սույն Կոնվենցիայի գործողության ոլորտը, կարող է ծանուցել նշված հայտարարությամբ, որ նման ընդլայնումը պետք է կիրառվի միայն անձնական տվյալների ֆայլերի որոշակի կատեգորիաների նկատմամբ, որոնց ցանկն ի պահ կհանձնվի:
4. Ցանկացած Կողմ, որը վերոնշյալ 2-րդ կետի ա ենթակետով նախատեսված հայտարարության միջոցով բացառել է ավտոմատացված անձնական տվյալների ֆայլերի որոշակի կատեգորիաներ, չի կարող պահանջել այն Կողմի կողմից սույն Կոնվենցիայի կիրառումը կատեգորիաների նկատմամբ, որը դրանք չի բացառել:
5. Նմանապես, այն Կողմը, որը չի կատարել վերոնշյալ 2.բ կամ գ ենթապարբերություններով նախատեսված մեկ կամ այլ ընդլայնումներ, չի կարող պահանջել սույն Կոնվենցիայի կիրառումը այդ կետերի նկատմամբ այն Կողմի մասով, որը չի բացառել դրանք:
6. 2-րդ կետով նախատեսված հայտարարություններն ուժի մեջ են մտնում Կոնվենցիան ուժի մեջ մտնելու պահից այն պետության համար, որն արել է այդ հայտարարությունները, եթե դրանք արվել են ստորագրման ժամանակ կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելու ժամանակ կամ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից դրանք ստանալուց երեք ամիս հետո, եթե դրանք արվել են ավելի ուշ` ցանկացած ժամանակ: Այս հայտարարությունները կարելի է ամբողջությամբ կամ մասնակիորեն հետ վերցնել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով: Հետ վերցնելն ուժի մեջ է մտնում այդպիսի ծանուցումն ստանալու օրվանից երեք ամիս հետո:
Գլուխ II
Տվյալների պաշտպանության հիմնական սկզբունքները