Հոդված 1
Հոդված 1
Տերմինների օգտագործում
Բացառությամբ այն դեպքերի, երբ ուղղակիորեն այլ բան է նշված կամ տեքստի իմաստով այլ բան է ենթադրվում, սույն Կոնվենցիայում օգտագործվող տերմիններն ունեն հետևյալ նշանակությունները.
ա/ «Խորհուրդ» նշանակում է Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական խորհուրդը:
բ/ «Հանձնաժողով» նշանակում է Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական խորհրդի թմրամիջոցների հարցերով հանձնաժողովը:
գ/ «Կոմիտե» նշանակում է Թմրամիջոցների նկատմամբ հսկողության միջազգային կոմիտեն, որը հիմնադրվել է Թմրամիջոցների մասին 1961 թվականի՝ միասնական Կոնվենցիայի համաձայն:
դ/ «Գլխավոր քարտուղար» նշանակում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար:
ե/ «Հոգեմետ նյութ» նշանակում է 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ ցանկում ներառված ցանկացած բնական կամ սինթետիկ նյութ կամ այլ բնական նյութ:
զ/ «Պատրաստուկ» նշանակում է.
1/ մեկ կամ մի քանի հոգեներգործուն նյութ պարունակող ցանկացած ֆիզիկական վիճակում գտնվող որևէ լուծույթ կամ խառնուրդ, կամ
2/ մեկ կամ մի քանի հոգեմետ նյութ` դեղաչափերով:
է/ «Ցանկ 1», «Ցանկ 2», «Ցանկ 3» և «Ցանկ 4» նշանակում են սույն Կոնվենցիայի հավելվածներ հանդիսացող համապատասխան կերպով համարակալված հոգեմետ նյութերի ցանկեր, որոնք կարող են փոփոխվել` համաձայն 2-րդ հոդվածի:
ը/ «Արտահանում» և «ներմուծում» նշանակում են, յուրաքանչյուրն իր ենթատեքստում, որևէ հոգեմետ նյութի ֆիզիկական տեղափոխումը մեկ պետությունից մյուսը:
թ/ «Արտադրությունը» նշանակում է բոլոր այն գործընթացները, որոնց միջոցով կարող են հոգեմետ նյութեր ստացվել, և ընդգրկում է ինչպես զտումը, այնպես էլ մեկ հոգեմետ նյութի փոխարկումը մեկ այլ հոգեմետ նյութի: Այս տերմինն ընդգրկում է նաև պատրաստուկների պատրաստումը` բացառությամբ դեղատներում դեղատոմսով պատրաստվողների:
ժ/ «Ապօրինի շրջանառություն» նշանակում է հոգեմետ նյութերի արտադրությունը, վաճառքը կամ ձեռքբերումը` ի խախտումն սույն Կոնվենցիայի դրույթների:
ժա/ «Շրջան» նշանակում է որևէ պետության մասը, որը սույն Կոնվենցիայի նպատակների համար, 28-րդ հոդվածի համաձայն, դիտարկվում է որպես առանձին տարածքային միավոր:
ժբ/ «Շինություններ» նշանակում են շենքերը կամ շենքերի հատվածները` դրանց հարող հողային տարածքների հետ միասին: