Հոդված 3
Հոդված 3
Պատրաստուկների նկատմամբ հսկողության իրականացմանը վերաբերող հատուկ դրույթներ
1. Բացառությամբ սույն հոդվածի ներքոշարադրյալ կետերում նախատեսված դեպքերի, պատրաստուկի նկատմամբ կիրառվում են հսկողության նույն միջոցները, ինչ դրա մեջ պարունակվող հոգեմետ նյութի նկատմամբ, իսկ եթե պատրաստուկը պարունակում է մեկից ավելի այդպիսի նյութեր, նա ընկնում է այն միջոցների գործողության տակ, որոնք կիրառվում են այդ նյութերից առավել խիստ հսկողության ենթակա մեկի նկատմամբ:
2. Եթե հոգեմետ նյութ պարունակող որևէ պատրաստուկ, բացառությամբ 1-ին ցանկում ընդգրկված նյութերի, ունի այնպիսի բաղադրություն, որ իր չարաշահման վտանգը բացառվում է կամ աննշան է, և որ հնարավոր չէ մատչելի միջոցներով առանձնացնել այդ նյութի այնպիսի քանակություններ, որոնք կարող են չարաշահման հնարավորություն ստեղծել, այնպես որ այդ պատրաստուկը վտանգավոր չէ բնակչության առողջության համար և սոցիալական հիմնախնդիր իրենից չի ներկայացնում, այն կարող է ազատվել սույն Կոնվենցիայով նախատեսված հսկողության որոշ միջոցների կիրառումից` 3-րդ կետի դրույթներին համապատասխան:
3. Եթե Կողմը նախորդ կետի դրույթների հիման վրա եզրակացություն է անում որևէ պատրաստուկի վերաբերյալ, ապա այն կարող է որոշում ընդունել իր ողջ տարածքում կամ շրջաններից որևէ մեկում այդ պատրաստուկը սույն Կոնվենցիայով նախատեսված հսկողության որևէ մեկ կամ բոլոր միջոցներից ազատելու մասին, բացառությամբ հետևյալ հոդվածներով սահմանված պահանջների.
ա/ 8-րդ հոդված /լիցենզիաներ/` արտադրությանը վերաբերող մասով,
բ/ 11-րդ հոդված /հաշվառման մատյաններ/` հսկողությունից հանված պատրաստուկների մասով,
գ/ 13-րդ հոդված /արտահանման և ներմուծման սահմանափակում և արգելում/,
դ/ 15-րդ հոդված /ստուգումներ/` պատրաստմանը վերաբերող մասով,
ե/ 16-րդ հոդված /Կողմերի զեկույցներ/` հսկողությունից հանված պատրաստուկների մասով և
զ/ 22-րդ հոդված /պատիժների վերաբերյալ դրույթներ/` այնքանով, որքանով դա անհրաժեշտ է ի կատարումն վերը նշված պարտավորությունների ընդունված օրենքներին և որոշումներին հակասող գործողությունների ճնշման համար:
Կողմը Գլխավոր քարտուղարին ծանուցում է ցանկացած այդպիսի որոշման մասին, հսկողությունից հանված պատրաստուկի անվանման և բաղադրության մասին և հսկողության այն միջոցների մասին, որոնցից այն ազատվել է: Գլխավոր քարտուղարն այդ ծանուցումն ուղղում է այլ Կողմերին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Կոմիտեին:
4. Եթե Կողմերից որևէ մեկը կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այնպիսի տեղեկություններ ունի 3-րդ կետին համապատասխան հսկողությունից հանված պատրաստուկի մասին, որոնք, իր կարծիքով, կարող են պահանջել ազատման ամբողջական կամ մասնակի դադարեցում, այն այդ մասին ծանուցում է Գլխավոր քարտուղարին և ծանուցումը հիմնավորող տեղեկություններ է ներկայացնում նրան: Գլխավոր քարտուղարն այդ ծանուցումը` իր կարծիքով տվյալ հարցին առնչվող բոլոր տեղեկությունների հետ միասին, ուղղում է Կողմերին և Հանձնաժողովին, իսկ եթե ծանուցումը ստացվում է որևէ Կողմից, ապա` Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հանձնաժողովին հայտնում է պատրաստուկի գնահատականը` 2-րդ կետում նշված հարցերի մասով և առաջարկություն է ներկայացնում հսկողության միջոցների վերաբերյալ, եթե այդպիսիք ընդհանրապես անհրաժեշտ են, որոնցից տվյալ պատրաստուկի ազատումը պետք է դադարեցվի: Հանձնաժողովը, նկատի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծանուցումը, որի տեսակետները բժշկական և գիտական հարցերում վճռորոշ են համարվում, և, հաշվի առնելով տնտեսական, սոցիալական, իրավական, վարչարարական և այլ գործոնները, որոնք, ըստ իրեն, առնչվում են տվյալ հարցին, կարող է որոշում ընդունել տվյալ պատրաստուկի ազատումը հսկողության որևէ մեկ կամ բոլոր միջոցներից դադարեցնելու մասին: Սույն հոդվածին համապատասխան Հանձնաժողովի կողմից ընդունված ցանկացած որոշման մասին Գլխավոր քարտուղարը ծանուցում է Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ-պետություններին, Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետություն չհանդիսացող սույն Կոնվենցիայի Կողմերին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Կոմիտեին: Յուրաքանչյուր Կողմ միջոցներ է ձեռնարկում հսկողության որևէ մեկ կամ բոլոր միջոցներից ազատումը դադարեցնելու ուղղությամբ` Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցումն ուղղելու պահից հարյուր ութսուն օրվա ընթացքում: