Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սահմանումներ

Սույն Համաձայնագրի նպատակների համար`

1. «Ներդրում» եզրույթը նշանակում է` գույքի բոլոր տեսակները մի Պայմանավորվող կողմի տարածքում, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն տնօրինվում կամ ղեկավարվում են մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի կողմից և, մասնավորապես, սակայն ոչ բացառապես, ներառում են գույքի կամ իրավունքի հետևյալ ձևերը.

ա) բաժնետոմսեր, բաժնեմասերը և կապիտալի մասնակցության այլ ձևերը, պարտատոմսերը, բաժնետիրական ընկերության պարտատոմսերը և ընկերության մասնակցության այլ ձևերը, Պայմանավորվող կողմի ցանկացած ներդրողի կողմից թողարկված այլ պարտավորությունները, փոխառությունները և արժեթղթերը,

բ) տնտեսական արժեք ունեցող պայմանագրից բխող դրամական պահանջները և ցանկացած այլ գույքի կամ պարտավորության կատարման պահանջները,

գ) մտավոր սեփականության իրավունքները, ներառյալ, բայց ոչ բացառապես` հեղինակային իրավունքները, ապրանքանիշները, արտոնագրերը, արդյունաբերական նախագծերը և նմուշները, տեխնիկական գործընթացները, նոու-հաուն, առևտրային գաղտնիքները, առևտրային անվանումները և բարի համբավը,

դ) օրենքով, պայմանագրով կամ օրենքի համաձայն շնորհված ցանկացած արտոնագրով կամ թույլտվությամբ տրվող ցանկացած իրավունք, ներառյալ բնական պաշարների հետազոտման, ուսումնասիրության, արդյունահանման և օգտագործման իրավունքները և այլ տնտեսական կամ առևտրային գործունեություն իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու իրավունքները,

ե) ցանկացած այլ նյութական և ոչ նյութական, շարժական և անշարժ գույք և առնչվող գույքային իրավունքները, ինչպես, օրինակ` վարձակալությունը, գույքի գրավը, գրավադրման իրավունքը և գրավը:

«Ներդրում» եզրույթը վերաբերում է նաև վերաներդրման նպատակով պահված «եկամուտներին» և «լուծարումից» ստացված գումարներին այս եզրույթների` ստորև բերված նշանակությամբ:

Գույքի և իրավունքների ներդրման կամ վերաներդրման ձևի փոփոխությունը չի ազդի դրանց որպես ներդրումների դիտարկմանը:

2. «Ներդրող» եզրույթը յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի առնչությամբ նշանակում է`

ա) Քուվեյթի Պետության համար` այդ Պայմանավորվող կողմի Կառավարություն,

բ) ֆիզիկական անձ, որը, համաձայն Պայմանավորվող կողմի կիրառելի օրենսդրության, հանդիսանում է նրա քաղաքացին,

գ) իրավաբանական անձ, որը ստեղծվել կամ հիմնադրվել է Պայմանավորվող կողմի օրենսդրությանը և կանոններին համապատասխան, ինչպիսիք են հաստատությունները, զարգացման հիմնադրամները, գործակալությունները, հիմնադրամները և կանոնադրություն ունեցող այլ ձեռնարկություններ, մարմիններ և ընկերություններ:

3. «Ընկերություն» եզրույթը նշանակում է` ցանկացած իրավաբանական անձ, շահույթ հետապնդող կամ չհետապնդող, մասնավոր կամ պետական հատվածի սեփականություն հանդիսացող կամ դրանց վերահսկողության ներքո գտնվող, որը հիմնադրվել է Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան կամ տնօրինվում կամ փաստացի վերահսկվում է Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից և ներառում է կորպորացիաները, տրեստները, ընկերակցությունները, մասնաճյուղերը, համատեղ ձեռնարկությունները, ասոցիացիաները կամ նմանատիպ այլ կազմակերպություններ:

4. «Եկամուտներ» եզրույթը նշանակում է` ներդրումներից ստացված գումարներ` անկախ դրանց վճարման ձևից, և, մասնավորապես, բայց ոչ բացառապես, ներառում է եկամուտը, տոկոսը, կապիտալի աճը, շահաբաժինները, ռոյալթիները և ղեկավարման վարձատրությունը, տեխնիկական աջակցության կամ այլ վճարներ ու վարձատրություններ և բնեղենով վճարումներ` անկախ դրանց տեսակից:

5. «Լուծարում» եզրույթը նշանակում է` ներդրման լիակատար կամ մասնակի դադարեցման նպատակով կատարված ցանկացած գործողություն:

6. «Տարածք» եզրույթը նշանակում է`

ա) Հայաստանի Հանրապետության համար` հողային տարածքը, ներքին ջրերը և օդային տարածությունը, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է ինքնիշխան իրավունքներ և իրավասություն` իր գործող պետական օրենսդրության և միջազգային իրավունքի համաձայն,

բ) Քուվեյթի Պետության համար` Քուվեյթի Պետության տարածքը, ներառյալ նրա ծովային տարածքներին հարող ցանկացած տարածք, որը միջազգային իրավունքին համապատասխան` Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ համարվում կամ կարող է համարվել այնպիսի տարածք, որի նկատմամբ Պայմանավորվող կողմը կարող է ինքնիշխան իրավունքներ կամ իրավասություն իրականացնել:

7. «Ազատ փոխարկելի արժույթ» եզրույթը կնշանակի` ցանկացած արժույթ, որը Միջազգային արժութային հիմնադրամի կողմից ժամանակ առ ժամանակ սահմանվում է որպես ազատ փոխարկելի արժույթ` Միջազգային արժույթի հիմնադրամի համաձայնագրի հոդվածների և դրանում կատարված փոփոխությունների համաձայն:

8. «Առանց ուշացման» եզրույթը կնշանակի` այնպիսի ժամանակահատված, որը սովորաբար պահանջվում է վճարումների փոխանցումն իրականացնելու համար անհրաժեշտ ձևակերպումները ավարտելու համար: Նշված ժամանակահատվածը կսկսվի փոխանցման համար դիմումը ստանալու օրվանից և ոչ մի դեպքում չի կարող գերազանցել մեկ ամիսը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։