Հոդված 5
Հոդված 5
Սեփականազրկում կամ օտարում
1. ա) Մի Պայմանավորվող կողմի ներդրողների կատարած ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում չպետք է ազգայնացվեն, սեփականազրկվեն, օտարվեն կամ բռնազավթվեն կամ էլ ենթարկվեն ազգայնացմանը, սեփականազրկմանը, օտարմանը կամ բռնազավթմանը համարժեք` ուղղակի կամ անուղղակի գործողությունների (այսուհետ` միասնաբար` «սեփականազրկում և օտարում») մյուս Պայմանավորվող կողմի կողմից` բացառությամբ այն դեպքերի, երբ դա արվում է հանրային նպատակներով` ելնելով այդ Պայմանավորվող կողմի ներքին կարիքներից` արագ, պատշաճ և արդյունավետ փոխհատուցման դիմաց և պայմանով, որ այդ միջոցառումները իրականացվում են անխտրականության հիման վրա և ընդհանուր կիրառության համապատասխան օրինական գործընթացների համաձայն:
բ) Այդ փոխհատուցումը պետք է համարժեք լինի սեփականազրկված կամ օտարված ներդրումների փաստացի արժեքին և պետք է սահմանվի ու հաշվարկվի գնահատման միջազգայնորեն ընդունված սզբունքներին համապատասխան` օտարման իրականացման պահից անմիջապես առաջ կամ դրա հանրորեն հայտնի դառնալուց առաջ սեփականազրկված կամ օտարված ներդրումների արդար շուկայական արժեքի հիման վրա` կախված նրանից, թե որն է ավելի վաղ տեղի ունեցել (այսուհետ` գնահատման օր): Այդ փոխհատուցումը պետք է հաշվարկվի ներդրողի կողմից ընտրված ազատ փոխարկելի արժույթով` գնահատման օրը այդ արժույթի փոխանակման համար գործող գերակայող շուկայական փոխարժեքի հիման վրա, և պետք է ներառի օտարման իրականացման պահից մինչև վճարման օրն ընկած ժամանակահատվածի համար շուկայում ձևավորված առևտրային տոկոսադրույքը, որը ամեն դեպքում չպետք է պակաս լինի, քան գերակայող ԼԻԲՈՐ-ի գործող տոկոսադրույքը կամ համարժեքը:
2. Հետագա որոշակիության համար սեփականազրկումը և օտարումը կներառի այնպիսի իրավիճակներ, երբ մի Պայմանավորվող կողմը սեփականազրկում կամ օտարում է իր տարածքում գործող օրենքներին համապատասխան կազմավորված կամ հիմնադրված ընկերության կամ ձեռնարկության գույքը, որում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողը ներդրում է կատարել, ներառյալ` բաժնետոմսերի, բաժնեմասերի, պարտատոմսերի կամ այլ իրավունքների կամ տոկոսների սեփականության միջոցով:
3. Սույն Համաձայնագրի նպատակների համար «սեփականազրկում և օտարում» եզրույթը կներառի նաև Պայմանավորվող կողմի միջամտությունները կամ կանոնակարգիչ միջոցառումները, որոնք ունեն de factօ սեփականազրկման հետևանք, քանի որ դրանց արդյունքում ներդրողը փաստացի զրկվում է իր սեփականությունից, իր ներդրումների էական շահույթներից կամ դրանց վերահսկումից, կամ այնպիսի միջոցառումներ, որոնք կարող են դառնալ ներդրման տնտեսական արժեքի կորստի կամ վնասի պատճառ, ինչպես, օրինակ` ներդրման սառեցումը կամ արգելափակումը, ներդրման կամայական կամ ավելորդ հարկումը, ներդրման ամբողջությամբ կամ մասամբ վաճառքի հարկադրումը և նման այլ միջոցառումներ: