Հոդված 8
Հոդված 8
Պայմանավորվող կողմի և ներդրողի միջև վեճերի կարգավորումը
1. Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև ծագած վեճերը` կապված առաջինի տարածքում վերջինի կատարած ներդրմանը, պետք է հնարավորության սահմաններում կարգավորվեն բարեկամաբար:
2. Եթե նման վեճերը հնարավոր չէ կարգավորել վեճի կողմ հանդիսացող կողմերից ցանկացածի կողմից վեճը բարեկամաբար լուծելու վերաբերյալ մյուս կողմին գրավոր ծանուցում ուղարկելու օրվանից վեց ամսվա ընթացքում, ապա վեճի կողմ հանդիսացող ներդրողի ընտրությամբ վեճը կարող է կարգավորվել հետևալ եղանակներից մեկով`
ա) վեճերի կարգավորման կիրառելի, նախապես համաձայնեցված ընթացակարգերին համապատասխան,
բ) միջազգային միջնորդ դատարանի միջոցով` սույն հոդվածի հաջորդ կետերի համաձայն:
3. Ներդրողի` վեճի կարգավորման հայցով միջազգային միջնորդ դատարան դիմելու դեպքում ներդրողը նաև պետք է տրամադրի իր գրավոր համաձայնությունը վեճը հետևյալ մարմիններից որևէ մեկին ներկայացնելու վերաբերյալ`
ա) 1) Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (Կենտրոն), որը հիմնվել է Կողմերի և այլ Կողմերի քաղաքացիների միջև ներդրումային վեճերի կարգավորման կոնվենցիայի համաձայն, որը ստորագրման համար բաց է 1965թ. մարտի 18-ից` Վաշինգտոնում (Վաշինգտոնյան կոնվենցիա), եթե երկու Պայմանավորվող կողմերն էլ հանդիսանում են Վաշինգտոնյան կոնվենցիայի կողմեր, և Վաշինգտոնյան կոնվենցիան կիրառելի է տվյալ վեճի կարգավորման համար,
2) Կենտրոն` ստեղծված Կենտրոնի քարտուղարության կողմից դատավարությունների կարգավորման նպատակով լրացուցիչ ծառայությունները կարգավորող կանոնների («Լրացուցիչ ծառայությունների կանոններ») համաձայն, եթե ներդրողի Պայմանավորվող կողմը կամ վեճի մյուս Պայմանավորվող կողմը, բայց ոչ երկուսը միասին, Վաշինգտոնյան կոնվենցիայի կողմ են հանդիսանում,
բ) միջազգային միջնորդ դատարան` հիմնված ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) Արբիտրաժային Կանոնների համաձայն («Կանոններ»). վեճի կողմերը կարող են փոփոխել այդ Կանոնները (Կանոնների 7-րդ հոդվածում նշված Նշանակող մարմին է հանդիսանում Կենտրոնի գլխավոր քարտուղարը),
գ) միջնորդ դատարան` վեճի կողմերի միջև փոխադարձ համաձայնությամբ ընտրված միջնորդ կազմակերպության արբիտրաժային կանոնների հիման վրա ստեղծված:
4. Չնայած այն հանգամանքին, որ, 3-րդ կետի համաձայն, ներդրողը կարող է վեճի կարգավորման նպատակով դիմել միջնորդ դատարան, նա կարող է նախքան դատավարությունը սկսվելը կամ դատավարության ընթացքում վեճի կողմ հանդիսացող մյուս Պայմանավորվող կողմի դատական կամ վարչական տրիբունալներում հայցել ժամանակավոր դատական արգելք իր իրավունքների և շահերի պահպանման համար` բացառությամբ վնասի փոխհատուցման նպատակով վճարումների հայցերի:
5. Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև ներդրումային վեճի հետ կապված ցանկացած դատավարության ընթացքում, լինի դա իրավաբանական, միջնորդ կամ այլ կարգի, կամ դատավճիռ կամ որոշում իրականացնելիս Պայմանավորվող կողմը չպետք է որպես պաշտպանություն կիրառի իր ինքնիշխանության անձեռնմխելիությունը: Ցանկացած հանդիպակաց հայց կամ փոխհատուցման իրավունք չի կարող հիմնված լինել այն փաստի վրա, որ տվյալ ներդրողը, ապահովագրական պայմանագրի համաձայն, ստացել է կամ պետք է ստանա որպես իր կրած վնասների մասնակի կամ ամբողջական փոխհատուցում կամ այլ տեսակի հատուցում ցանկացած երրորդ կողմից` լինի դա մասնավոր կամ պետական, ներառյալ մյուս Պայմանավորվող կողմը և նրա ենթակառուցվածքները, գործակալությունները կամ միջնորդ կազմակերպությունները: