Հոդված 10
Հոդված 10
1. Կողմերը պարտավորվում են ճանաչել, որ ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձ անձնական կյանքում, հասարակական վայրերում իր փոքրամասնության լեզվից բանավոր և գրավոր անարգել օգտվելու իրավունք ունի:
2. Ավանդապես կամ զգալի քանակությամբ ազգային փոքրամասնությունների պատկանող անձանցով բնակեցված վայրերում, եթե այդ անձինք խնդրել են, և այնտեղ, որտեղ այդպիսի խնդրանքը համապատասխանում է իրական կարիքներին, Կողմերը, որքանով հնարավոր է, պետք է ձգտեն ապահովել այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն կտան այդ անձանց և վարչական իշխանությունների միջև հարաբերություններում օգտագործել փոքրամասնության լեզուն:
3. Կողմերը պարտավորվում են երաշխավորել ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձի իրավունքը` ամենասեղմ ժամկետներում իրեն հասկանալի լեզվով տեղեկություն ստանալ իր ձերբակալության պատճառների, իր դեմ հարուցված մեղադրանքների բնույթի և պատճառների մասին, ինչպես նաև իր պաշտպանությունը իրականացնել այդ լեզվով` դրա համար անհրաժեշտության դեպքում ստանալով թարգմանչի անվճար ծառայություն:
109. ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի իր ազգային եւ էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:
110. Ազգային փոքրամասնությունների լեզուների նկատմամբ պետական հոգածությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացման հետագա ընթացքի և քաղաքացիական հասարակության զարգացման համար ունի կարևոր նշանակություն: Ազգային փոքրամասնությունների լեզուները Հայաստանում գտնվում են պետության պաշտպանության ներքո և ունեն հատուկ ճանաչում: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 41-րդ հոդվածով ամրագրված է ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքը: «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը, իսկ նույն օրենքի 4-րդ հոդվածի «գ» կետի 2-րդ մասը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն իրենց փաստաթղթերը, ձևաթղթերը, կնիքները ձևավորում են հայերեն` իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբե:
111. «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը:
112. Համաձայն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի (հոդված 4) ՀՀ տարածքում պարտավորեցնում է գործավարությունը վարել հայերեն, իսկ ՀՀ տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների համար այս պարտավորությանը զուգահեռ հնարավորություն է նախատեսվում իրենց փաստաթղթերը, ձևաթղթերը, կնիքները ձևավորել նաև իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ:
113. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է, որ ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների լեզուներին տիրապետող անձինք վարչական վարույթի իրականացման համար դիմումը և դրան կից փաստաթղթերը կարող են ներկայացնել իրենց լեզվով: Միաժամանակ, նման դեպքում վարչական մարմինը կարող է պահանջել ներկայացնել փաստաթղթերի թարգմանությունները հայերենով, քանի վարչական վարույթի իրականացման հետ կապված ամբողջ գործավարությունն իրականացվում է հայերենով (հոդված 27.2):
114. ՀՀ դատական օրենսգրքով (հոդված 19) հայերենը սահմանված է որպես դատավարության լեզու: Միաժամանակ նախատեսվում է, որ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալ իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը: Քրեական գործով գործին մասնակցող և հայերենին չտիրապետող անձանց դատարանը՝ պետության հաշվին, ապահովում է թարգմանչի ծառայություններով: Իսկ վարչական գործերով և օրենքով սահմանված քաղաքացիական գործերով գործին մասնակցող ֆիզիկական անձանց դատարանը՝ պետության հաշվին, ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե նրանք չեն տիրապետում հայերենին և ապացուցում են, որ բավարար միջոցներ չունեն վճարովի թարգմանություն ապահովելու համար:
115. «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի (հոդված 267) համաձայն վարչական պատասխանատվության ենթարկվող անձը, ի թիվս այլոց, իրավունք ունի նաև ելույթ ունենալ մայրենի լեզվով և օգտվել թարգմանչի ծառայություններից, եթե չի տիրապետում հայերենին: