Հոդված 14
Հոդված 14
1. Կողմերը պարտավորվում են ճանաչել ազգային փոքրամասնությանը պատկանող յուրաքանչյուր անձի իրավունքը` սովորել իր փոքրամասնության լեզուն:
2. Ավանդաբար կամ զգալի քանակությամբ ազգային փոքրամասնությունների պատկանող անձանցով բնակեցված տարածքներում բավարար կարիքի դեպքում Կողմերը հնարավորությունների սահմաններում և իրենց կրթական համակարգերի շրջանակներում պետք է ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց համար երաշխավորեն իրենց լեզուն ուսումնասիրելու կամ այդ լեզվով կրթություն ստանալու համարժեք հնարավորություններ:
3. Սույն հոդվածի 2-րդ պարբերության դրույթները չպետք է իրագործվեն ի վնաս պաշտոնական լեզվի ուսուցման և դասավանդման:
120. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 39-րդ հոդվածն ամրագրում է «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերիե: Օրենքով կարող է սահմանվել պարտադիր կրթության ավելի բարձր մակարդակ:
121. 2008 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագիրը: Ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով բնակեցված տարածքներում մանկապարտեզների ցանցի ընդլայնմանը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գերակա խնդիրների ցանկում ընդգրկված «Նախադպրոցական կրթության մատչելիության բարձրացում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի համայնքների հանրակրթական ուսումնական հաստատություններում` այդ թվում Դիմիտրով համայնքի մանկապարտեզում և Վերին Դվին համայնքի դպրոցում, ներդրվել են նախադպրոցական կրթության միկրոծրագրեր, իրականացվել են վերանորոգման, հարդարման, գույքավորման աշխատանքներ:
122. Հայաստանի մի շարք գյուղական համայնքների դպրոցական շենքերում ստեղծվել են նախադպրոցական կրթության օջախներ, որտեղ օրվա առաջին կեսին գործում են դասարաններ ազգային փոքրամասնությունների 4-5 տարեկան երեխաների համար: Այդպիսի նախակրթարաններ գործում են Հայաստանի Հանրապետության Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հանրակրթական դպրոցներում:
123. Հանրապետությունում միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է: Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության սկզբունքները որոշվում են օրենքով: Ուսումնական հաստատությունների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով: Յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք՝ օրենքով սահմանված կարգով: Պետությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆինանսական և այլ աջակցություն է ցուցաբերում բարձրագույն և այլ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներինե:
124. «Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» ՀՀ օրենքների համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով՝ պետական ծրագրով եւ հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ: Միաժամանակ ՀՀ կառավարության 2002 թվականի համապատասխան որոշմամբ առանձին դեպքերում (լեռնային, բարձր լեռնային, սահմանամերձ գյուղական բնակավայրերի դպրոցներում, փոքրամասնությունների լեզուներով դասարաններ ունեցող քաղաքային և գյուղական դպրոցներում և այլ դեպքերում), կարող է բացվել ավելի պակաս խտությամբ դասարան` ՀՀ կրթության և գիտության նախարարության (ՀՀ ԿԳՆ) թույլտվությամբ: Այս որոշումը հնարավորություն է ընձեռում եզդիական բնակչությամբ համայնքներում միայն եզդի երեխաներից բաղկացած դասարանների բացման համար։
125. Համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2013/2014 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» N 399-Ն որոշման 2-րդ կետի` ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով պահուստային տեղերից մեկը հատկացվել է ազգային փոքրամասնությունների եզդի համայնքի ներկայացուցիչ Քրիստինե Քյարամի Հասոյանին` ուսումը Երևանի պետական համալսարանի «Արևելագիտություն (Իրանագիտություն)ե մասնագիտության մագիստրատուրայում շարունակելու նպատակով:
126. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ֆինանսավորմամբ 2005 թվականից իրականցվում է «Եզդիերեն լեզվի և գրականության» դասագրքերի հրատարակումը և վերահրատարակումը 1-11-րդ դասարանների համար:
127. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի կողմից 2009 թվականին ներկայացվել են ասորերենի 1-12 դասարանների չափորոշիչն ու ծրագիրը, որոնք փորձաքննություն անցնելուց հետո հաստատվել են: Հայաստանի Հանրապետության գիտության և կրթության նախարարության ֆինանսավորմամբ հրատարակվել և վերահրատարակվել է «Խոսիր ասորերեն» 1-ին դասարանի դասագիրքը և «Գրիր և կարդա ասորերեն» 2-րդ դասարանի գիրք-տետրը:
128. 2007թ. դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից ընդունվել է հրաման, որով փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003թ. օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների ընդունելության կարգը հաստատելու մասին» հրամանում և սահմանվել է, որ ազգային փոքրամասնությանը պատկանող քաղաքացու երեխաների ընդունելությունը դպրոց կատարվում է երեխայի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում` ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների (սովորողների) ծնողները:
129. Ազգությամբ ռուս և սլավոնական ծագում ունեցող ազգաբնակչության համար թվով 42 հանրակրթական դպրոցներում գործում են ռուսերենով ուսուցմամբ դսասարաններ, որտեղ հանրակրթական առարկաների ուսուցումը իրականացվում է ռուսերեն լեզվով, բացառությամբ հայոց լեզու և գրականություն, ինչպես նաև հայոց պատմություն առարկաների։ Միաժամանակ հանրապետությունում կան թվով 60 հանրակրթական դպրոցներ, որոնցում իրականացվում է ռուսերենի խորացված ուսուցում:
130. Հայաստանում ապրող եզդիներն ու ասորիները պետական կառույցների աջակցությամբ հանրակրթության համակարգում ստեղծել են ուսումնամեթոդական բազա։ ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտում (ՀՀ ԿԳՆ ԿԱԻ) գործում են «Իրանագիտության» և «Սեմագիտության» առարկայական հանձնաժողովները, որոնք իրականացնում են եզդիերեն, քրդերեն ու ասորերեն լեզուներով ուսումնական ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների փորձաքննություն:
131. Հայաստանի Հանրապետությունում եզդիերենի, քրդերենի և ասորերենի դասավանդմամբ հանրակրթական դպրոցների ցանկը ներկայացված է երրորդ զեկույցի 162-165 կետերում: Ռուսաց լեզվով կրթություն ստանալու մասին տեղեկատվությունը ներկայացված է երրորդ զեկույցի 47-60 կետերում:
132. Հայաստանում ազգային փոքրամասնությունների կրթության ոլորտում իրականացվել են հետևյալ քայլերը.
1) մշակվել է ազգային փոքրամասնությունների կրթությունը զարգացնելուն ուղղված ծրագիր և ժամանակացույց, համաձայն որի, ամեն տարի տպագրվում են դասագրքեր` ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզուն, գրականությունը և մշակույթը ուսումնասիրելու համար.
2) հաստատվել է «Ազգային փոքրամասնությունների հանրակրթական դպրոցի (դասարանի) օրինակելի ուսումնական պլանըե, ըստ որի, ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի և գրականության ուսուցման համար 1-12-րդ դասարաններում հատկացվել է շաբաթական 41 դասաժամ։ Հաստատվել են քրդերենի և ասորերենի 1-12-րդ դասարանների չափորոշիչն ու ծրագիրը.
3) Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքների կողմից ներկայացված նախնական հայտերի հիման վրա ՀՀ պետական բյուջեում գումարներ են հատկացվում դասագրքերի հրատարակման համար։ Հատկացված գումարների շնորհիվ հրատարակվել է ասորերեն լեզվով 1-4-րդ դասարանների դասագրքերը, քրդերենի «Այբբենարանը» և 2-4-րդ դասարանների դասագրքերը.
4) մշակվել և հրատարակվել են եզդիերենի 1-11-րդ դասարանների դասագրքերը։ Այդ դասագրքերի մշակման աշխատանքներում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև եզդիական համայնքը, ներգրավված են եղել ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի /ԿԳՆ ԿԱԻ/ ազգությամբ եզդի մասնագետները.
5) ՀՀ ԿԳՆ-ի կողմից «Հայրենագիտություն-5» և ավագ դասարանների մաթեմատիկայի դասագրքերը հայերենից թարգմանվել են ռուսերեն, տրամադրվել ազգային փոքրամասնությունների դպրոցների աշակերտներին.
6) ՀՀ ԿԳՆ ԿԱԻ-ի կողմից պարբերաբար իրականացվում են ազգությամբ եզդի ուսուցիչների վերապատրաստումներ, ինչպես նաև կազմակերպվել են հայոց լեզվի ուսուցման դասընթացներ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար.
7) հանրապետությունում ամենամյա անցկացվող դպրոցականների օլիմպիադաների առարկայացանկում այլ լեզուների հետ միաժամանակ ներառված է նաև ռուսերենը: Դպրոցականների շրջանում անցկացվում են ռուսերենի մրցույթներ ու փառատոներ: Հայաստանի դպրոցականները մասնակցում են ռուսաց լեզվի հեռահար (դիստանցիոն) օլիմպիադային: ՀՀ ԿԳՆ ԿԱԻ-ի և ՀՀ-ում ռուսաց լեզվի զարգացման կենտրոնում մշտական գործում են ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, սեմինար-խորհրդակցություններ: Այս կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում քննարկվում են դասագրքերի, ուսումնական նյութերի և ուսուցիչների վերապատրաստման հետ կապված խնդիրներ.
8) «Հունաստանի և Հայաստանի միջև տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական և գիտական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստի փոխըմբռնման հուշագրի» հիման վրա կազմավորվել է Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը: Այստեղ ներդրվել է Հունաստանի զբոսաշրջության ոլորտում կուտակված փորձը, և համագործակցության շրջանակներում իրականացվում է «Զբոսաշրջություն» և «Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում» մասնագիտությունների ուսուցումը: Հաշվի առնելով այդ հանգամանքը, ուսումնական պլաններում ներառվել են նաև «Հունարեն լեզու» և «Հունական մշակույթի պատմություն» առարկաները: Բացի այդ, քոլեջում պատրաստվող բոլոր մասնագիտությունների ուսումնական պլանների նախասիրական առարկաների ցանկում ընդգրկվել է նաև հունարեն լեզուն, որն ուսուցանվում է ուսանողի ընտրությամբ: