Հոդված 4
Հոդված 4
1.Կողմերը պարտավորվում են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց համար երաշխավորել օրենքի առջև հավասարություն և օրենքով հավասար պաշտպանություն: Այդ առումով արգելվում է ազգային փոքրամասնության պատկանելության վրա հիմնված ցանկացած խտրականություն:
2. Կողմերը պարտավորվում են անհրաժեշտ դեպքերում ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի տնտեսական, սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում աջակցեն ազգային փոքրամասնությանը և բնակչության մեծամասնությանը պատկանող անձանց միջև լիակատար և իրական հավասարությունը: Այս նպատակով Կողմերը, ըստ պատշաճի, պետք է հաշվի առնեն ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց առանձնահատուկ պայմանները:
3. Երկրորդ կետի դրույթներին համապատասխան ընդունված միջոցները չպետք է համարվեն խտրականություն:
57. 2007թ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածը սահմանում է, որ իրավունքների, ազատությունների և պարտականությունների խտրականությունը` կախված ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկ հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, ծնունդից, արգելվում է»:
58. Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը սահմանում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը քաղաքացիների հավասարության սկզբունքներով: Մասնավորապես, 248-րդ հոդվածի համաձայն, «Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացվում է օրենքի և գործը քննող մարմնի առաջ բոլոր քաղաքացիների հավասարության սկզբունքներով` անկախ նրանց ծագումից, սոցիալական և գույքային դրությունից, ռասայական և ազգային պատկանելությունից, սեռից, կրթությունից, լեզվից, կրոնի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, զբաղմունքի տեսակից և բնույթից, բնակության վայրից և այլ հանգամանքներիցե:
59. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հավասար են օրենքի առաջ` անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու հիմքերից, ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ունեն Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր իրավունքները, ազատություններն ու պարտականությունները:
60. Իր հերթին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածը սահմանում է, որ մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված անձի ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, որը վնաս է պատճառել անձի օրինական շահերին, պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ: Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ազգային խտրականության հողի վրա կատարված հանցագործություններ չեն գրանցվել:
61. Հաստատվել է նաև 2012-2016թթ. օրենսդրական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը, որով նախատեսվում է լայնածավալ բարեփոխումներ իրականացնել մարդու իրավունքների ոլորտին առնչվող բոլոր օրենքներում:
62. 2014 թ. ՀՀ կառավարության կողմից հաստատվել է 2014-2016 թթ. մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագիրը, որի 12-րդ գլխով նախատեսված են ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելուն ուղղված գործողություններ:
63. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին 2010-2014թթ. ընթացքում հասցեագրված դիմում-բողոքների ընդհանուր վերլուծությունից պարզվում է, որ ազգային փոքրամասնություններից ստացված դիմումները հիմնականում կապված են իրենց քաղաքացիական և քրեադատավարական իրավունքների հետ: Նույնաբովանդակ բողոքներ ստացվում են նաև ազգությամբ հայերից և կապված են հիմնականում համապատասխան պետական մարմինների կողմից վարչարարության ոչ պատշաճ կազմակերպման, իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակման և այլ հանգամանքների հետ: Իսկ այն դեպքերում, երբ դիմումները կապված են եղել ազգային փոքրամասնությունների համայնքների` որպես առանձին խմբի իրավունքների հետ, պետական մարմինների կամ նրանց պաշտոնատար անձանց կողմից խտրականության դրսևորման դեպքեր առերևույթ չեն եղել, իսկ իրենց սոցիալական, մշակութային, կրթության իրավունքի ոտնահարման կամ ոչ իրավաչափ սահմանափակման դեպքում Օմբուդսմենի միջամտությամբ վերականգնվել կամ ապահովել են համապատասխան իրավունքները:
64. Համաձայն «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի, բացի տարեկան զեկույցից, Պաշտպանն իրավունք ունի նաև սեփական նախաձեռնությամբ հանդես գալու արտահերթ զեկույցով: Այսպես 2011թ. տպագրվել է Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կարգավիճակի և նրանց հիմնախնդիրների վերաբերյալ զեկույցը, որին կարելի է ծանոթանալ http://www.ombuds.am/library/library/page/101/type/3 կայքէջում: