Հոդված 2
Հոդված 2
Սույն Շրջանակային կոնվենցիայի դրույթները պետք է կիրառվեն բարեխիղճ կերպով, ըմբռնման և հանդուրժողականության ոգով և բարիդրացիության, պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության սկզբունքներին համապատասխան:
51. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում ծավալուն միջոցառումներ են իրականացվել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մեխանիզմները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ, վավերացվել են մարդու իրավունքների ոլորտի միջազգային պայմանագրեր և միջոցներ են ձեռնարկվում բարեփոխելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:
52. Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիների ընթացքում միացել է խտրականությունը բացառող մի շարք նոր փաստաթղթերի, այդ թվում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» /վավերացրել է 2010թ. մայիսի 17-ին, ուժի մեջ է մտել հոկտեմբերի 22-ին/, «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» /վավերացվել է 2011թ. հունվարի 24-ին/ և «Միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքի անդամների պաշտպանությամ մասին» /ստորագրվել է 2013թ. սեպտեմբերի 26-ին, այժմ գտնվում է վավերացման փուլում/ ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիաներին: Տեղեկացնենք նաև, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց իրավունքների մասին» կոնվենցիաների վերաբերյալ ազգային զեկույցները ներկայացվել են համապատասխան Կոմիտեներին:
53. Ինչպես պարբերաբար նշվել է նախորդ զեկույցներում, Հայաստանի Հանրապետության փոփոխված Սահմանադրությունը որդեգրել է ներպետական օրենսդրության մեջ միջազգային պայմանագրային դրույթների ուղիղ փոխակերպման եղանակը: Այսինքն` սահմանադրական դրույթի համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են և գերակա են ներպետական օրենքների հանդեպ: Սահմանադրության 6-րդ հոդվածի համապատասխան դրույթի համաձայն, վավերացված միջազգային պայմանագրերում և ներպետական օրենքներում սահմանված նորմերի միջև հակասություն առաջանալու դեպքում կիրառվում են պայմանագրի դրույթները:
54. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 41-րդ հոդվածը հռչակում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր ազգային - էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքը: