Հոդված 17
Հոդված 17
1. Կողմերը պարտավորվում են չխոչընդոտել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքը` հաստատել և պահպանել ազատ և խաղաղ միջսահմանային շփումներ այլ պետություններում օրինական կերպով գտնվող անձանց հետ, մասնավորապես, նրանց հետ, ովքեր ունեն ընդհանուր էթնիկական ինքնություն, լեզվական, կրոնական կամ մշակութային ընդհանուր ժառանգություն:
2. Կողմերը պարտավորվում են չխոչընդոտել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությանը ազգային և միջազգային մակարդակներով մասնակցելու իրավունքը:
142. Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է ազգային փոքրամասնությունների համագործակցությունը մայր երկրների հետ:
Մասնավորապես, Հայաստանի երկու սահմանակից պետությունների` Վրաստանի և Իրանի պարագայում շփումներն իրականացվում են ազատ և անկաշկանդ, ինչպես դա եղել է նաև նախկինում: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այս երկրում բնակվող փոքրամասնությունների հետ անմիջական շփումներն անհնարին են դարձել սկսած 1988 թվականից, երբ ադրբեջանական իշխանությունների վարած էթնիկ զտումների քաղաքականությունը վերաճեց Լեռնային Ղարաբաղի դեմ բացահայտ ագրեսիայի և լայնածավալ ռազմական գործողությունների, ինչի հետևանքով ոչ միայն մինչ օրս փակ է մնում այս երկրի հետ սահմանը, այլև Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվում է այլատյացության և ռասիզմի լայնածավալ քարոզչություն, ինչն առաջին հերթին ազդում է փոքրամասնությունների վրա և անկասկած չի նպաստում ԼՂ հակամարտության լուծմանը:
Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի Հանրապետությունն առանձնակի կարևորություն է տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդրին, ինչը հնարավորություն կտա ամրապնդել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը և երաշխավորել մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների իրականացումը բոլորի, այդ թվում ազգային փոքրամասնությունների համար:
Հայաստանի Հանրապետությունն աջակցում է տարբեր երկրների միջև հասարակական կազմակերպությունների շփումները, որպես վստահության ամրապնդման կարևոր միջոց, մինչդեռ Ադրբեջանը հետապնդում է այն բոլոր ՀԿ-ներին, որոնք ցանկանում են համագործակցել հայկական կազմակերպությունների հետ:
1994թ. մայիսին Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը և Հայաստանը կնքեցին զինադադար, որը մինչ օրս ուժի մեջ է: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ: Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարները պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով` ընդգծելով, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է առաջնորդվեն միջազգային իրավունքի երեք սկզբունքներով, որոնք են` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքը:
143. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները յուրաքանչյուր տարի մասնակցում են միջազգային համագումարներին, խորհրդաժողովներին և այլ միջոցառումներին: Մասնավորապես՝ Հունական ՀԿ-ների միություն եԷլպիդա” հունական համայնքը 2014 թ. մայիսի 10-18 ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ երգի-պարի խումբ է տարել Հունաստան փառատոնի մասնակցելու համար: Հայաստանի վրացական «Իվերիա» բարեգործական համայնքի ներկայացուցիչները ամեն տարի գնում են Վրաստանի հանրապետություն մասնակցելու տարբեր միջոցառումների: Հայաստանի ասորական միությունների ֆեդերացիա եԽայադթա” Ասորական «Աշուր» երիտասարդական կենտրոնի ղեկավարը ԵԱՀԿ-ի ֆինանսավորմամբ մեկ շաբաթով եղել է Ավստրիայում` մասնակցելու համաժողովի: Լեհերի համագործակցության ''Պոլոնիա” բարեգործական ՀԿ-ի ներկայացուցիչները հաճախ են լինում Լեհաստանում: 2014 թ. մայիսին Գյումրիի լեհական համայնքի ներկայացուցիչները Լեհաստանում մասնակցել են մշակութային միջոցառումների: Ռուսական համայնքի ներկայացուցիչները ՌԴ կառավարության աջակցությամբ հաճախ են լինում ՌԴ-ում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելու կոնֆերանսների և մշակութային փառատոների: