Հոդված 11
Հոդված 11
1. Կողմերը պարտավորվում են ճանաչել, որ ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձ ունի իր անունը, ազգանունը և հայրանունը փոքրամասնության լեզվով օգտագործելու, ինչպես նաև դրանց պաշտոնական ճանաչման իրավունք` տվյալ երկրի իրավական պահանջներին համապատասխան:
2. Կողմերը պարտավորվում են ճանաչել, որ ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձ իր փոքրամասնության լեզվով հասարակության համար տեսանելի մասնավոր բնույթի նշումներ, գրություններ և այլ տեղեկատվություն տեղադրելու իրավունք ունի:
3. Ազգային փոքրամասնության պատկանող անձանց զգալի թվաքանակով ավանդաբար բնակեցված տարածքներում Կողմերը իրենց իրավական համակարգերի շրջանակներում, անհրաժեշտության դեպքում ներառյալ նաև այլ պետությունների հետ կնքված համաձայնագրերը, ինչպես նաև հաշվի առնելով կոնկրետ պայմանները, պետք է ապահովեն ավանդական տեղական անվանումների, փողոցների անվանումների, ինչպես նաև բնակչության համար նախատեսված տեղագրական այլ նշումների, փոքրամասնության լեզվով ցուցանակների տեղադրումը, երբ այդպիսի նշումների բավարար կարիք կա:
116. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանվում է, որ քրեական դատավարության ընթացքում յուրաքանչյուր ոք, այդ թվում` ազգային փոքրամասնության ներկայացուցիչն իրավունք ունի հանդես գալու այն լեզվով, որին տիրապետում է: Քրեական դատավարության այն մասնակիցը, բացի վարույթ իրականացնող մարմնից, որը չի տիրապետում քրեական դատավարության լեզվին` հայերենին, կարող է հանդես գալ այն լեզվով, որին տիրապետում է. այդ ընթացքում նա ապահովվում է թարգմանչով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում այդ ծառայությունը տրամադրվում է անվճար: Միաժամանակ քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց օրենքով նախատեսված դեպքերում տրամադրվում է հանձնման ենթակա փաստաթղթերի վավերացված պատճենները այն լեզվով, որին նրանք տիրապետում են: Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նշված պահանջը կիրառվում է քրեական դատավարության լեզվին չտիրապետող յուրաքանչյուր անձի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների նկատմամբ:
117. 2007թ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարվել է փոփոխություն, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերեն: Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը (7-րդ հոդված):
118. Երբ առկա է փողոցների անվանումների, ինչպես նաև բնակչության համար նախատեսված տեղագրական այլ նշումների, փոքրամասնության լեզվով ցուցանակների տեղադրման անհրաժեշտություն՝ հարցը կարգավորվում է «Լեզվի մասին» ՀՀ օրենքով, որտեղ սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության պետական, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են «ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդի բոլոր միջոցները ձևավորել հայերեն` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով» (4-րդ հոդվածի «գ» կետ):
119. 2010-2014թթ. ընթացքում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից իրենց մայրենի լեզվով կամ այն լեզվով, որին տիրապետում են, հանդես գալու իրավունքի խախտումներ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից թույլ չեն տրվել, այդ հիմքով դատարաններից կամ դատախազությունից քրեական գործերը լրացուցիչ նախաքննության չեն վերադարձվել: