Հոդված 8
Հոդված 8
Կողմերը պարտավորվում են ճանաչել ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձի` սեփական կրոնը կամ հավատը բացահայտ դավանելու, ինչպես նաև կրոնական հաստատություններ, կազմակերպություններ,֊ ընկերություններ ստեղծելու իրավունքը:
92. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 26-29-րդ հոդվածները, ինչպես նաև համապատասխան օրենքները երաշխավորում են մտքի, խղճի, կրոնի, համոզմունքների, խաղաղ հավաքներ և միավորումներ կազմելու ազատության և ազատ արտահայտվելու մարդու և քաղաքացու իրավունքները:
93. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28-րդ հոդվածով սահմանված է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի այլ անձանց հետ միավորումներ կազմել և դրանց անդամագրվել: Դրա հետ միաժամանակ, հարկ է նշել, որ 47-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է սահմանափակում, մասնավորապես' «արգելվում է իրավունքների և ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակովե:
94. Ազգային փոքրամասնությունների համայնքների մեծ մասը՝ ովքեր դրա ցանկությունն ու կամքն արտահայտել են, ունեն իրենց գրանցված կրոնական կազմակերպությունները և գործում են անկաշկանդ.
1) ասորական եկեղեցու տնօրինությանն է հանձնվել Դվինի մանկապարտեզի շենքը.
2) 2011թ. նոյեմբերին ՀՀ վարչապետը ընդունեց տարբեր երկրներից ժամանած ասորական համայնքների ներկայացուցիչներին և խոստացավ աջակցել Հայաստանում Համաշխարհային ասորական գիտահետազոտական և մշակութային կենտրոն ստեղծելու գործին.
3) 2012թ. հոկտեմբեր ամսին ՀՀ էր այցելել համայն եզդիների հոգևոր առաջնորդ Միրե-Միրա Թախսին Բեգի գլխավորած պատվիրակությունը, որին պաշտոնապես ընդունեցին ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ վարչապետը և Ամենայն Հայոց կաթողիկոսը: Նա մասնակցեց եզդիական կրոնի՝ Լալըշ կենտրոնից հետո աշխարհում թվով երկրորդ տաճարի՝ Զիարատի օծման արարողությանը, որը կառուցվել էր 2011թ. Արմավիրի մարզի Ակնալիճ բնակավայրում: Դրանից հետո շարունակվել է եզդիների հոգևոր-մշակութային մեծածավալ համալիրի կառուցապատումը. կառուցվել է միջոցառումների հսկայական սրահը, հինգ քարակերտ հուշարձանները (ազգությամբ եզդի Ուսուբ Բեկի և Ջհանգիր աղայի, Անդրանիկ զորավարի, հայ-եզդիական բարեկամության և Հայող ցեղասպանության 100-ամյակին նվիրված), կանաչապատվել ու բարեկարգվել է ողջ տարածքը:
95. 2005թ. փոփոխված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հստակ սահմանում է իշխանությունների և կրոնական կազմակերպությունների միմյանց գործերին չմիջամտելու սկզբունքը: Մասնավորապես, Սահմանադրության Հոդված 8.1-ում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունիցե: Սահմանադրությունը նախատեսում է պետության և կրոնական տարբեր կազմակերպությունների փոխշահավետ համագործակցություն, գործունեության ազատություն, նշելով, որ «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը :
96. 2011թ. շրջանառության մեջ է դրվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակած «Խղճի և կրոնական ազատությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի նպատակն էր համապատասխանեցնել նշված օրենքը 2005թ. ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, մասնավորապես՝ 26-րդ հոդվածին, որում սահմանված է. «Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը: Այս իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների ազատությունների համարե:
97. Կրոնական բազմազանության պայմաններում հայերի մեծամասնությունը, ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, ազգային' Հայ առաքելական եկեղեցու անվանական հետևորդներ են: Չնայած իր գերակայող դրությանը, Հայ առաքելական եկեղեցին ըմբռնումով է վերաբերվում այլ կրոնական դավանանքներին, առանձնապես ազգային փոքրամասնություններին և նրանց ազգային կրոններին: Սրա մասին է վկայում 2009թ. Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպում-զրույցը ՀՀ ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
98. Անկախությունից հետո անցած տարիներին Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է անհրաժեշտ օրենսդրական միջավայր, որն ապահովում է համապատասխան պայմաններ երկրում կրոնական բազմազանություն ապահովելու ուղղությամբ: 2014 թ. տվյալներով ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված են 66 կրոնական կազմակերպություն, որոնցից 9-ը ազգային փոքրամասնությունների կրոնական կազմակերպություններն են (այդ թվում՝ ռուսական, ասորական, հրեական, եզդիական կրոնական համայնքները): Համաձայն «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ գործող օրենքի 5-րդ հոդվածի՝ կրոնական կազմակերպությունների գրանցման համար սահմանված պայմանները պարտադիր չեն ազգային փոքրամասնությունների կրոնական կազմակերպությունների համար և վերջիններս պետական գրանցում ստանալիս օգտվում են օրենքով սահմանված արտոնյալ և հեշտացված պայմաններից:
99. Երևանում անարգել գործում է նաև պարսկական Կապույտ մզկիթը: Առանց պետական գրանցման գործում են նաև Լոռու մարզում գտնվող մոլոկանների երկու համայնքները' Ֆիոլետովո - Լերմոնտովո գյուղերում: Նրանք կամովին հրաժարվում են գրանցվել, իսկ պետությունը չի պարտադրում: 2010 թ. ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից պետական գրանցում է ստացել «Ծաղկաձոր քաղաքի ռուս մոլոկանների կրոնական համայնք» կրոնական կազմակերպությունը: Իսկ 2014 թ. պետական գրանցում է ստացել նաև «Ռուս ՈՒղղափառ Եկեղեցու Սուրբ Աստվածածնի Հովանի Վանական Համայնք» կրոնական կազմակերպությունը: Գործում է նաև վրացական եկեղեցին, որին պաշտամունքային արարողություններ իրականացնելու համար տարածք է հատկացրել Հայաստանյաց առաքելական եկեղեցին:
100. Պետական կառույցների և կրոնական կազմակերպությունների միջև հարաբերություններն օրենսդրությամբ սահմանված կարգով համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը` ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի միջոցով: Բաժինը իրականացնում է իր գործունեության ոլորտներին առնչվող` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փորձաքննություն, նախապատրաստում է իր գործունեության ոլորտների մասին տեղեկատվական նյութերն ու տեղեկանքները, իրականացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացրած տեղեկատվության ամփոփումն ու վերլուծությունը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին, ապահովում է սահմանված կարգով www.gov.am կայքի "Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժին" բաժնում անհրաժեշտ տեղեկատվության համալրման հետ կապված աշխատանքները։ Բաժինը աշխատանք է տանում մարդկանց և խմբերի կրոնական իրավունքների իրազեկման ուղղությամբ, արձագանքում է կրոնական կազմակերպությունների կողմից բարձրացվող հարցերին, օժանդակում դրանց լուծմանը, կազմակերպում քննարկումներ:
101. Հայ առաքելական եկեղեցու պատմական հուշարձաններից բացի այս պահին Հայաստանի տարածքում առկա են արդեն բացակայող կրոնական ու էթնիկ համայնքների պատմական պաշտամունքային օջախները: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության տվյալներով, պետության կողմից պաշտպանվում են հետևալ հուշարձանները.
1) հայ կաթոլիկ եկեղեցի Գյումրիում, կառուցված 1848-1855թթ. Կանոնիկոս վարդապետ Արարատյանի կողմից.
2) ռուսական եկեղեցի Վանաձորում, կառուցված 1895թ., վերանորոգված 1977թ.
3) ռուսական եկեղեցի Գյումրիում (Պլպլան ժամ), կառուցված 1904թ.
4) ռուսական եկեղեցի Երևանում, կառուցված 1913թ.
5) Կապույտ մզկիթ (Գեոյ մզկիթ) Երևանում, կառուցված 1766թ. (1992թ. վերականգնվել է, այսօր այն բաց է այցելուների համար, մզկիթին կից գործում են գրադարան, թանգարան, մշակութային կենտրոն, պարսկերեն լեզվի դպրոց, Երևանի Կապույտ մզկիթը արժևորվում է որպես Անդրկովկասում պահպանված ուշ պարսկական շինարարական արվեստի աչքի ընկնող օրինակ).
6) Աբաս Միրզայի (Սարդարի) մզկիթ Երևանում, կառուցված 19-րդ դ. վերջերին.
7) եկեղեցի Սբ. Կիրիլ (ասորական եկեղեցի), Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, գյուղ Դիմիտրով, կառուցված 1840թ.
8) եկեղեցի Սբ. Թովմաս (ասորական եկեղեցի), Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, գյուղ Վերին Դվին, կառուցված 19-րդ դ. վերջերին.
9) եկեղեցի Սբ. Սավա (հունադավան եկեղեցի), Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, գյուղ Շամլուղ, կառուցված 1909թ.: Արժևորվում է որպես Հայաստանում պահպանված հունադավան եկեղեցու օրինակ.
10) հունադավան եկեղեցիներ Հանքավանում (Կոտայքի մարզ) - Ցաղդան (Լոռու մարզ) գյուղում.
11) հրեական գերեզմանոց, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ.
12) Եղեգնաձորի տարածաշրջան, գյուղ Եղեգիս, հարավ-արևելյան եզրին.
13) Եղեգիս գետի ձախ ափին, 14-17-րդ դդ.
14) քրդական գերեզմաններ, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, Արագածի ենթատարածք, գյուղ Ռյա թազա, 16-18-րդ դդ.:
102. Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից ու իրավական ակտերից կարևոր է «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որը պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն իրավունք է տալիս անցնելու այլընտրանքային աշխատանքային ծառայության, եթե նրա կրոնական դավանանքը կամ համոզմունքները հակասում են ռազմական ստորաբաժանումներում պարտադիր զինվորական ծառայություն անցնելուն, ինչպես նաև զենք կրելուն, պահելուն, պահպանելուն և օգտագործելում: Վերը նշված օրենքում և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապտության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերը ընդունվեցին 2013թ., ինչի արդյունքում այլընտրանքային զինվորական ծառայության տևողությունը կրճատվեց` դառնալով 30 ամիս, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայությունը` 36 ամիս, ինչը համաչափ է մարդու իրավունքների տեսանկյունից և համապատասխանում է միջազգային չափանիշներին, այն է` այլընտրանքային ծառայության ժամկետը մեկ ու կես անգամից ավել չի կարող գերազանցել զինվորական ծառայությունը: 2014.թ ի վեր սույն օրենքի համաձայն ծառայության են անցել Եհովայի վկաների կրոնական համայնքի հետևորդ հանդիսացող թվով 128 դիմորդներ: